Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Արցախյան պատերազմը եւ աշխարհաքաղաքականությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2020 թվականին գրեթե նույնությամբ կրկնվում է այն դիպաշարը, ինչ կատարվեց 1920-ին: Ռուսաստանը նորից անմիջականորեն վերադառնում է Կովկաս, բայց այս անգամ` Հայաստանով, ի տարբերություն 1920-ի, երբ Կարմիր բանակն Ադրբեջանով էր մտել Հարավային Կովկաս` դարձյալ ռուս-թուրքական պայմանավորվածությամբ։ Երկու դեպքում էլ Արեւմուտքը փորձում էր դրան խոչընդոտել, սակայն «բրիտանական նավերը» կրկին Կովկասի լեռները չկարողացան բարձրանալ։ Հարավային կամ, առհասարակ, ողջ Կովկասի համար պայքարը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջեւ է ընթանում, բայց Իրանը` գտնվելով Արեւմուտքի ճնշումների տակ, չի կարողանում ուղղակիորեն միջամտել։

XIX դարավերջին քաղաքական գիտության մեջ նոր եզրույթ է սկսվում գործածվել՝ «քաղաքական աշխարհագրություն», որը հետագայում դարձավ առանձին տեսություն՝ «Աշխարհաքաղաքականություն» անվանումով, ըստ որի` պետությունների քաղաքականությունը պայմանավորվում է աշխարհագրական դիրքով, չափերով, լեռների ու գետերի դասավորվածությամբ, ծովերի կամ օվկիանոսների ափամերձ լինելու կամ միջազգային առեւտրական ճանապարհներին մոտ գտնվելու հանգամանքով։ Անգամ ազգերի մտակերտվածքն են շատերը պայմանավորում աշխարհագրական դիրքով։

Աշխարհաքաղաքականությունը բարդ տեսություն է եւ ոչ միշտ է միանշանակ։ Աշխարհաքաղաքականությանը զուգահեռ նոր տեսություններ նույնպես կան, ինչպիսիք են աշխարհափիլիսոփայությունը, աշխարհատնտեսությունը։ Պարզ է, որ տվյալ դեպքում այդ եզրույթների արմատը ոչ թե «աշխարհն» է, այլ` «աշխարհագրությունը»։ Նույնիսկ կա «աշխարհագրական բանականություն» հասկացությունը։

Բայց վերադառնանք մեր հիմնական թեմային։ Ինչպես 2020-ին, Արեւմուտքը միայն խոստումներ տվեց, սակայն չկարողացավ անվտանգության երաշխիքներ ստեղծել կամ հակամարտության լուծման իր մոդելն առաջարկել։ Կովկասում հարգի է ուժը, իսկ ուժ առայժմ կարող են ցուցադրել Թուրքիան ու Ռուսաստանը։ Եվ ցուցադրեցին։

Ինչո՞ւ է պատմությունը կրկնվում։ Իսկ, առհասարակ, ի՞նչ է իրենից ներկայացնում Հարավային Կովկասը։ Ակնհայտ է, որ այդ տարածագոտուն տիրապետելու համար իրական պայքարն Ադրբեջանի համար է, որն ամենամեծն է տարածքով, ունի էներգակիրների պաշարամիջոցներ, ինչպես նաեւ ճանապարհ է դեպի Միջին Ասիա։ Վրաստանը Կովկասի «միջանցքն» է` հաղորդակցությունների հանգույցը, իսկ Հայաստանը` Կովկասի պատվարը, դարպասը, որը կարող է անհրաժեշտաբար ե´ւ բացվել, ե´ւ փակվել։

Ով տիրում է Հարավային Կովկասին` նա էլ ապագայում կտիրի Հյուսիսային Կովկասին, Միջին Ասիային, Վոլգայի ավազանին, եւ այս առումով Հարավային Կովկասը միշտ լինելու է Թուրքիայի ու Ռուսաստանի թիրախում։ XIX դարում Կովկասն այն վայրերից էր, որտեղ ամենաերկար ու ամենաարյունալի պատերազմներն էին մղվում եւ որտեղ Կովկասի լեռնականները Թուրքիայի ու Բրիտանիայի աջակցությամբ դիմակայում էին Ռուսաստանի տիրապետությանը։

Փոխվել են ժամանակները, սակայն աշխարհագրությունը մնացել է նույնը։ Չկան այլեւս Խորհրդային Միության «երկաթյա վարագույրները», եւ ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր։

Արցախյան երկրորդ պատերազմը ընդամենն այդ մեծ պայքարի հերթական փուլն էր, բայց ամենեւին` ոչ վերջինը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: