Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Սկզբունքների պայքար

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Միաբեւեռ ու բազմաբեւեռ համաշխարհային կարգի համար պայքարը գնալով ավելի է սրվում, եւ դրա արդյունքներից է կախված մոտակա տարիներին ձեւավորվելիք նոր աշխարհակարգը՝ հիմնված որոշակի սկզբունքների վրա:

Պատմությունը վկայում է, որ միջազգային հարաբերությունների սկզբունքները, որպես կանոն, կայանում են մեծ արյան միջոցով՝ հիշենք Վեստֆալյան աշխարհակարգի ստեղծումը, որին նախորդել էին Երեսնամյա պատերազմը (1618-1648), որի արդյունքում արնաքամ էր եղել Կենտրոնական Եվրոպան, հետո՝ ոչ պակաս արյունարբու Յոթնամյա պատերազմը (1756–1763), ինչպես նաեւ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերն անցած դարասկզբին ու դարամիջում:

Այժմ նույնպես նման գործընթաց է գնում ու դարձյալ պատերազմների միջոցով եւ, կարծես թե, սա դեռ սկիզբն է: Իսկ հարցը, թե ինչպիսին կարող են լինել այն սկզբունքները, որ ներկա զարգացումների հիմնական ինտրիգն են, տակավին մնում է անպատասխան: Մի բան, սակայն, պարզ է՝ աշխարհի տարբեր կետերում ընթացող եւ աշխարհագրորեն ու թվաքանակի առումով ավելի ծավալվող պատերազմական գործողությունները հենց այդ սկզբունքների համար են մղվում՝ հիշենք 2021-ին եւ 2022-ի սկզբին տեղի ունեցած երկու ճակատագրական իրադարձություն՝ Երկրորդ ատլանտյան խարտիայի ստորագրումը եւ ռուս-ուկրաինական պատերազմը, որը ցայսօր շարունակվում է:

2021-ի հունիսին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները ստորագրել էին Երկրորդ ատլանտյան խարտիան, որտեղ, ըստ էության, շարադրել են ապագա աշխարհակարգի սկզբունքների մասին իրենց տեսակետերը՝ շեշտը դնելով ժողովրդավարական արժեքների, միջազգային հարաբերությունների «խաղի կանոնների», կլիմայական խնդիրների ու իրենց տեխնոլոգիաների պահպանման վրա:

Ռուսաստանի նախագահն իր հերթին Ուկրաինա ներխուժելուց առաջ այցելել էր Պեկին, որտեղ Չինաստանի նախագահի հետ համատեղ այլընտրանքային սկզբունքների մասին հայտարարություն էր ստորագրվել: Փաստաթղթում ասվում է, որ յուրաքանչյուր երկիր ունի ժողովրդավարության վերաբերյալ իր ուրույն պատկերացումները, եւ դրանք ոչ ոքի մենաշնորհը չեն: Միաժամանակ ընդգծվում է, որ ժողովրդավարությունը տարածվում է նաեւ միջազգային հարաբերությունների վրա, եւ ոչ մի երկիր կամ երկրների խումբ չի կարող մյուսներին թելադրել խաղի իր կանոններն ու սկզբունքները:

Առաջին աշխարհամարտի առիթը Թուրքիան 1915-ին օգտագործեց՝ իրականացնելու Հայոց ցեղասպանություն՝ զանգվածային սպանդի ենթարկելով մեկուկես միլիոն հայերի: Այժմ եւս մենք տուժողների մեջ ենք՝ նկատի ունենալով Արցախի հայաթափումը եւ ազերի թուրքերի վայրագությունները: Ու դեռ պարզ չէ, թե որքան հեռու կծավալվի հակամարտությունների արհավիրքը մեր տարածաշրջանում եւ ինչ գին կվճարենք դրանց դիմաց:

Նման իրավիճակներում փոքր երկրներից քիչ բան է կախված. նրանց հիմնական ռազմավարական խնդիրը պատերազմական գործողությունների թատերաբեմ դառնալուց խուսափելն է: Մենք դեռ չենք գնահատել 2020-ի պատերազմի պարտության պատճառները՝ միջազգային քաղաքականության դիտանկյունից, չենք վերլուծել, ճշգրտել, թե որոնք էին մեր սխալները եւ արդյո՞ք հնարավոր չէր դրանցից խույս տալ: Չգնահատումը կամ պատճառների անտեսումը կարող է նոր սխալների հանգեցնել՝ անկանխատեսելի հետեւանքներով: Ցավոք, դրա հավանականությունը մեծ է, սթափվել է պետք:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: