Արցախյան 1991-94 թթ. պատերազմից հետո Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սիրում էր կրկնել, որ մենք հաղթել ենք ճակատամարտը, սակայն պատերազմը չենք հաղթել: Ըստ նրա, պատերազմը հաղթած կլինեինք, եթե մեզ՝ որպես հաղթող կողմի, հաջողվեր Արցախի համար շահավետ պայմաններով Ադրբեջանի հետ համաձայնության գալ որեւէ փոխզիջումային տարբերակի շուրջ կամ Ադրբեջանին պարտադրվեր ստորագրելու իր կապիտուլյացիան:
Քանի որ փոխզիջումային տարբերակ չգտնվեց, իսկ երկրորդ տարբերակին Ադրբեջանը կտրականապես դեմ էր, մանավանդ որ պարտադրանքի ոչ մի պայման հայկական կողմից չէր առաջադրվել, արդյունքում ոչինչ չստացվեց: Թերեւս՝ մեզ համար շահեկան կլիներ, եթե Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը գոնե 1994-ի զինադադարի պայմանագիրը կնքելուց առաջ ճանաչեր Արցախի անկախությունը: Սա եւս չարվեց, եւ ունեցանք այն, ինչ ունենք այսօր:
Հիմա մեր նպատակը Տեր-Պետրոսյանի հետ հեռահար բանավեճի մեջ մտնելը չէ, մենք ընդամենը արձանագրում ենք փաստերը: Նույն իրավիճակն այժմ կարող է կրկնվել Ադրբեջանում. նրանք եւս հաղթել են ճակատամարտը, սակայն պատերազմը չեն հաղթել, ինչին հասնելու նպատակով ջանում են լուծել իրենց համար շատ կարեւոր երկու խնդիր. Հայաստանի կողմից Արցախը ճանաչվի որպես Ադրբեջանի տարածք եւ, երկրորդ, Սյունիքով ճանապարհի կամ, ադրբեջանական եզրաբանությամբ ասած, «Զանգեզուրի միջանցքի» բացում՝ իրենց պայմաններով:
Իրենց պայմանները հասկանալի են. նրանք ուզում են, որ Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա ճանապարհը Սյունիքի տարածքով գործի առանց վերահսկողության, այսինքն՝ համարվի արտատարածքային ճանապարհ: Ամենայն հավանականությամբ՝ մտադիր են հաջորդ քայլով Սյունիքն ամբողջությամբ վերցնել իրենց տիրապետության տակ: Պատահական չէ, որ Ալիեւը «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնում է որպես թյուրքական աշխարհի նախագծի իրականացման կարեւորագույն նպատակ եւ հավակնում է, որ այդ գործում իրեն կսատարեն թյուրքական երկրները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կազմում գործող՝ Ադրբեջանի «չճանաչված» լոբբիստները:
Այս իմաստով պետք է չափազանց լուրջ ընդունել Իրանի նախազգուշացումները, որին նույնպես սպառնում է թյուրքական աշխարհի նախագիծը: Եվ ոչ միայն Իրանին. այդ նախագիծը դեմ է նաեւ Ռուսաստանի շահերին: Սակայն Ռուսաստանը՝ թույլ տալով 2020-ի պատերազմը եւ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված իր ստորագրությամբ ընդունելով դրա արդյունքները, ըստ էության, հարմարվել է այդ ծրագրին: Գոնե այս պահին՝ հաստատ:
ՀՀ դեռեւս գործող վարչապետի այն հայտարարությունները, թե ինքը ցանկանում է բացել խաղաղության դարաշրջան, արդեն փոքրիշատե տրամաբանություն ունեցող մարդու համար պարզ է, որ դա վառ երեւակայության ոլորտից է: Ադրբեջանը չի ցանկանում անել 1994-ին Հայաստանի իշխանությունների կատարած սխալը, այսինքն՝ ճակատամարտը շահելուց հետո այն չվերածել պատերազմի հաղթանակի:
Հետեւաբար ամեն ինչ անելու է՝ իրականացնելու համար կիսատ մնացած իր երկու բաղձալի նպատակները: Այս առումով մենք պետք է հստակ հասկանանք, որ քանի դեռ Հայաստանն այսօրվա քաղաքական քարտեզի սահմաններում է, խաղաղության դարաշրջան չի լինելու: Ավելի շուտ լինելու է սողացող պատերազմի դարաշրջան: