Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Շաբաթվա անցուդարձ

20-27 հունվարի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցնող շաբաթը բացասական իմաստով նշանավորվեց ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող երկու վտանգավոր իրադարձությամբ: Բավական հրատապ երկու թեմա, որոնց շուրջ աղմկոտ քննարկումներ էին գնում թե՛ մասնագիտական, թե՛ հանրային հատվածներում: Դրանցից մեկը նոր Սահմանադրության անհրաժեշտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության արձագանքներն էին, մյուսը՝ դարձյալ Փաշինյանի կողմից հրապարակ նետված՝ դպրոցական «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու մասին խոսույթը: Առաջին թեման լուսաբանված է «Հայացք Երեւանից» պարբերականի այսօրվա թողարկման «Վերլուծական» բաժնում, ուստի կանդրադառնանք երկրորդ թեմային:

Ուշագրավն այն է, որ աղմկահարույց երկու տեքստերն էլ իշխանության առաջին դեմքի նախաձեռնությամբ են դրվում հանրության քննարկմանը՝ փոխանակ հակառակը լիներ, այսինքն՝ ժողովրդի ձայնը վարից վեր հասցեագրվեր պետական բարձր ատյանին ու այնտեղից հանձնվեր ժողովրդի դատին: Ժողովրդավարական անվանվող երկրում վերջին մոտավորապես 6 տարում միայն մեկ անգամ է ժողովրդի ձայնը,- այն էլ հաղթահարելով մի շարք դժվարություններ,- հասել իշխանության ունկին: Դա «Հայաքվեի» միջոցառումն էր, որը, կարծես թե, կեսճամփին մնաց՝ բախվելով ավելի դժվարանցանելի խութերի:

Հիմա՝ ըստ էության. «Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն»: Մի քանի օր այս հարցը քննարկման առարկա էր կրթության ոլորտի մասնագետների, քաղաքական գործիչների, փորձագետների շրջանակում եւ հանրության մեջ: Երկու եզրույթների մեջ կա տարբերակիչ մի գիծ, որն անառարկելի է. ընդգրկման առումով «Հայոց» բառեզրը ինքնին ենթադրում է ավելի լայն տարրապատկեր, «Հայաստան»-ը՝ ավելի նեղ: Իշխանականներն ու նրանց կողմնակիցները հակված են «Հայաստանի պատմություն» հասկացությանը, իսկ ընդդիմախոսների համար, որոնք մեծամասնություն են, նախընտրելին գոյություն ունեցող տարբերակն է՝ «Հայոց պատմություն»-ը:

Ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանությունը, նրա ճանաչված դեմքերն ու աջակիցները, ի տարբերություն իրենց ընդդիմախոսների, մեր երկրին վերաբերող ցանկացած նախագծում, առաջարկության կամ նախաձեռնության մեջ մեկ ընդհանուր գաղափար են փայփայում՝ մոռացնել տալ հայոց հազարամյա անցյալը, մշակույթը, արժեհամակարգը, պատմությունը եւ նախաքրիստոնեական ազգի՝ հայության կենսագրությունը սկսել մաքուր էջից: Սա մեծ ազգադավություն կլինի: Ուրիշ ազգեր կհպարտանային նման փառապանծ արժեքներով, անցյալով, հոգեւոր գանձերով ու հարուստ պատմությամբ:

Ասել «Հայաստանի պատմություն»՝ նշանակում է անտեսված թողնել հնամենի մեր բոլոր արժեքները, թագավորական դինաստիաները՝ Երվանդունիներից մինչեւ Կիլիկյան թագավորություն, քրիստոնեական անցյալը, նույնիսկ բազմամիլիոնանոց հայկական Սփյուռքը, եւ ամփոփվել խղճուկ 29.800 քառ. կմ-ի սահմաններում: «Հայաստանի պատմությունը» իրականում «Հայոց պատմության» մի մասն է: Այդ պատմության կատարելատիպերով դաստիարակված, ուսում առած եւ, ըստ էության, «արմատախիլ» արված սերունդները հպարտանալու շատ բան չեն ունենա եւ, ինչպես հոգեբաններն են ասում, կմեծանան թերաժեքության բարդույթով:

Հավանաբար՝ ապագա Հայաստանում, եթե իհարկե ունենանք ապագա, հենց այդպիսի սերունդներ են փափագում տեսնել չարակամ հարեւանները: Եվ ապազգային մեր իշխանությունները նրանց առջեւ այդպիսի հնարավորության պատուհան են բացում թե՛ Սահմանադրության փոփոխությամբ, թե՛ ուսումնակրթական ծրագրերի աղավաղմամբ: Չզարմանաք՝ հերթում եկեղեցին ու բանակն են:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 24-ին քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, քանի որ Բաքուն 2023թ.-ին չի թույլատրել ԵԽԽՎ զեկուցողներին՝ այցելել Լաչինի միջանցք: Փաստաթուղթն ընդունվել է ձայների 76 կողմ, 10 դեմ եւ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից: Բաքվի պատվիրակությունն, իր հերթին, Ստրասբուրգում հայտարարեց, թե դադարեցնում է համագործակցությունը կառույցի հետ եւ մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին։

Հունվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե նախագահներ Պուտինն ու Ալիեւը քննարկել են ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը եւ համաձայնել, որ այս փուլում նրանց ներկայությունը նպաստում է տարածաշրջանում կայունության եւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ ԼՂ այն բնակիչների վերադարձին, ովքեր դա ցանկանում են: «Մեր խաղաղապահներն այնտեղ են անգամ, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն այլեւս չի վերաբերվում հայկական կողմին, սա Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է»,- ասել է Լավրովը՝ հիշեցնելով, որ Փաշինյանն է Պրահայում ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս:

Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ըստ վարչապետի գրասենյակի՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը եւ նրա տեղակալները զեկուցել են անցած տարում իրականացված միջոցառումների մասին: Քննարկումներից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Պաշտոնական տեղեկացմամբ՝ հունվարի սկզբից Փաշինյանն 2023-ի գործունեության հաշվետվությունները քննարկելու օրակարգով այցեր է կատարում պետական գերատեսչություններ:

Եվրամիությունը (ԵՄ) մտահոգված է Ադրբեջանի նախագահի՝ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին հայտարարություններով. Բրյուսելում՝ ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքից հետո այսպիսի հայտարարություն է արել ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ լուրջ հետեւանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,- նշել է նա։ Հունվարի 21-ին, այդ հավաքի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջան հարաբերությունները:

Պաշտոնական այցի շրջանակում Ղազախստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հունվարի 23-ին ընդունել է նրա ղազախ գործընկեր, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովը: Քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ, իսկ հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են պաշտպանական ոլորտում 2024թ. համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում եւ Ղազախստանում: Այցի օրակարգից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բաքվի դատարանը հունվարի 25-ին 4 ամսով երկարաձգեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը: ԼՂ նախկին պետնախարարը սեպտեմբերի 27-ին Բերձորի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվել էր, ապա՝ 4 ամսով կալանավորվել: Վարդանյանը, մասնավորապես, մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելը) եւ 318.1 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: