Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Շաբաթվա անցուդարձ

10-17 փետրվարի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Գրեթե չկա շաբաթ, որն անցնի առանց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի որեւէ «պոնտի», այն է՝ առանց արտառոց, աղմկոտ հայտարարության կամ գործողության: Անցնող հաշվետու շաբաթը եւս բացառություն չեղավ: Փետրվարի 11-ին նա հարցազրույց տվեց բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին: Սակայն Փաշինյանի հարցազրույցն ավելի շատ հարցեր առաջացրեց, քանի որ պարզաբանումները մակերեսային էին եւ մեծիմասամբ՝ խուսափողական, իսկ բովանդակային առումով՝ աղքատիկ ու չհիմնավորված: Հաճախադեպ շփոթմունքը մատնում էր պատասխանների ոչ անկեղծ լինելն ու մտքերի հակասականությունը:

Ակնհայտ էր, որ Փաշինյանն անպատրաստ էր եկել զրույցի, որոշ հարցեր ուղղակի «ջրում» էր, չէր ուզում կամ ի վիճակի չէր պատասխանել ըստ էության: Օլիֆանթը՝ ի պատիվ իրեն, շատ ավելի պատրաստված էր ու խորագիտակ, երեւում էր՝ լայնորեն ուսումնասիրել է թեման՝ հայ-ռուսական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակները, դրանց խոցելի կողմերը, տարածաշրջանի յուրահատկություններն ու հավանական զարգացումների համատեքստը բուն տարածաշրջանի ներսում եւ նրանից դուրս: Հարցազրույցի ժանրը, ընդհարապես, մի ուրույն գիծ ունի՝ եթե զրուցակիցն իր պատրաստվածությամբ, գիտելիքների պաշարով զիջում է զրուցավարին, բովանդակալից տեքստ չի կարող լինել:

Հիմա գանք հիմնական նյութին՝ հարցազրույցի բովանդակության մի քանի դրվագների: Հռոմի ստատուտի վավերացման շրջանակում բրիտանացի լրագրողը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Հայաստան գալու դեպքում Պուտինին ձերբակալություն է սպասվում: Այստեղ է, որ Փաշինյանը բացում է շշմեցնող ստերի ու մանիպուլյացիաների տոպրակը, թե վա՛յ, ի՞նչ եք ասում, 2018-ից այս կողմ ՀՀ-ում «շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, եւ ես չեմ որոշումներ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն»: ՀՀ-ում, ըստ նրա, իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ՝ դատախազությունը, դատարանները, Քննչական կոմիտեն «եւ այդպես շարունակ»: Ընդ որում՝ այդքանն ասաց առանց շիկնելու:

Մի քանի օր առաջ ասում էր՝ Հայաստանը «հայրենիքի մնացորդ է», հիմա դարձրեց ժողովրդավարական երկիր: Էլի լավ պրծանք, որ Էրդողանի պես «թուրքի սրի մնացորդ» չասաց: Բայց տգիտությունը մատնող մի արտահայտություն, այնուամենայնիվ, թույլ տվեց. նա չգիտեր, որ Պուտինի մակարդակն ունեցող բարձրաստիճան անձի ձերբակալումը իրականացվում է քաղաքական որոշմամբ, այլ ոչ թե սովորական իրավական ընթացակարգով: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը՝ դրանից Հայաստանը շատ հեռու է. մի երկիր, որն ունի քաղբանտարկյալներ, ունի զոհվածի սեւազգեստ մայրերին քաշքշող ոստիկաններ, ունի ազատ խոսքը սահմանափակող իշխանակարգ, չի կարող ժողովրդավարական լինել:

Հարցերից մեկն էլ վերաբերում էր Հայաստանի անվտանգության հուսալիությանը, որին ի պատասխան՝ ՀՀ կառավարության ղեկավարը հավաստիացնում է, թե «Հայաստանի կառավարությունը կամ ժողովուրդը պակաս հանգիստ եւ ապահով չէ, քան գլոբալ աշխարհում ցանկացած ոք»: Դե, կառավարության անվտանգության մասով՝ միգուցե, բայց ժողովրդի անվտանգության մասով ամենեւին այդպես չէ, ընդ որում՝ թե՛ արտաքին, թե ներքին անվտանգության իմաստով: Հանցագործությունները երկրի ներսում տարեցտարի ավելանում են, իսկ սահմանին թշնամին սիրտն ուզած ժամանակ կրակում է մեր դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով զոհեր եւ վիրավորներ: Հայկական կողմին արգելվում է համարժեք պատասխան տալ:

Եվ սա համարվում է հանգիստ եւ ապահո՞վ: Այս հարցի պատասխանը Փաշինյանն ունի: Նա ասում է. «Համենայնդեպս, Հայաստանն էականորեն ավելի ապահով է, քանի որ չեմ կարծում՝ որեւէ մեկը պատրաստվում է Հայաստանին միջուկային հարված հասցնել»: Ավելի տխմար հիմնավորում դժվար թե որեւէ մեկի մտքով անցնի: Տո՛, հեր օրհնած, սպանվողի համար տարբերությունը ո՞րն է, թե ինչից մահացավ՝ որսորդական հրացանի՞ հարվածից, թե՝ միջուկային զենքի:

 

Հայաստանի սահմանամերձ որոշ գոտիներում էլ թշնամու հրահրած սադրանքներին ավելացել են տեղական համայնքների խոշորացմամբ պայմանավորված հոգսերն ու «օպտիմալացում» կոչվող միջոցառման պատճառած անհարմարությունները, որոնց մարդիկ բախվում են առօրյա կյանքում: Խնդիրն այն է, որ օպտիմալացման արդյունքում շատ համայնքներ՝ մասնավորապես մանրերը, դուրս են մնում ենթակառուցվածքների եւ ծառայությունների սպասարկման ծածկույթից՝ ստիպված լինելով անհրաժեշտ որեւէ փոքր հարց լուծելու կամ փաստաթուղթ վերցնելու համար կտրել 100-150 կմ ճանապարհ եւ կորցնել ավելորդ ժամանակ, դրամ, երբեմն էլ՝ ջղեր:

Փետրվարի 12-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները բողոքի ակցիայի շրջանակում փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Մարդկանց դժգոհությունը հասկանալի է՝ իշխանությունները որոշել են Վարդենիսից հանել Անձնագրային եւ վիզաների վարչության գրասենյակը, պոլիկլինիկան, մի շարք այլ ծառայություններ, տեղափոխել Մարտունի, որտեղ հասնելու համար 140 կմ ճանապարհ պետք է անցնել: Անունը դնում են օպտիմալացում, խորքային բարեփոխում եւ այլն, բայց իրականում խաթարվում է առանց այն էլ՝ ծանր պայմաններում ապրող սահմանամերձ բնակիչների բնականոն կյանքը:

Բողոքավորները ստորագրահավաք են կազմակերպել, սպասում են մարզպետի հետ հանդիպմանը, որպեսզի որոշեն հետագա գործողությունները: Ավելի տաքարյունները չեն համբերում, պահանջում են կտրուկ միջոցների դիմել: «Պարոն Փաշինյան, տանկ ու զորք տվեք, մեր սարերը պահենք, Վարդենիսը Աղդամ չի դառնալու»,- ասում է մեծմասրիկցի Դավիթ Գասպարյանը: «Ժողովուրդ ջան, Նիկոլը Վարդենիսը տվել է թուրքին, էնպես է անում, որ ժողովուրդը դուրս գա, քաղաքը դատարկվի»,- հայտարարում է բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից: Բողոքավորներից մեկ ուրիշն էլ վարդենիսցիներին նախատինք է տալիս. «Դուք մի բողոքեք, վարդենիսցիք, գառ էիք մորթում Փաշօղլու ոտքի տակ, դե հիմա թող ի՛նքը ձեզ մորթի թուրքի ոտքի տակ»:

Լավ, իսկ ի՞նչ է այս ամենի առնչությամբ մտածում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճն… այսինքն՝ մենք Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, գործնականում բոլոր տեղերն ունենք օպտիմալացում, Երեւանում՝ եւս… ինչպես արդարադատության նախարարությունում էի ասել, չի կարելի այդ շահարկումների հետեւանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»,- ասել է նա:

Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ բարեփոխումներ են, որոնց ներդրմամբ մարդկանց կյանքի որակն ավելի է վատանում, եւ նրանք ստիպված են դուրս գալ փողոց՝ արտահայտելու իրենց հոգու ճիչը: Ուրեմն՝ ո՞ւմ է պետք այդպիսի «բարեփոխումը»: Չլինի՞ իշխանությանը: Դե, իհարկե՝ համայնքների խոշորացումը իշխանություններին լավ հնարավորություն է ընձեռում ձեւավորել կենտրոնացված ՏԻՄ կառույցներ՝ յուրային համայնքապետերով, որպեսզի ընտրությունների ժամանակ կարողանան մարզերում քվեների առատ հունձք ապահովել:

 

Աշխատանքային շաբաթը, ցավոք, թեւակոխեց ծանր բոթով: Փետրվարի 13-ին ժամը 05:30-ից սկսած՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել «Ներքին հանդի» հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ եւ 1 վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ավելի ուշ հրապարակելով զոհվածների անվանացուցակը: Նրանք են՝ 1974թ. ծնված Էդուարդ Համլետի Հարությունյան, 1982թ. ծնված Գագիկ Վարազդատի Մանուկյան, 1979թ. ծնված Արսեն Գագիկի Համբարձումյան եւ 1957թ. ծնված Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան՝ բոլորն էլ ԵԿՄ անդամներ:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր, թե առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ փետրվարի 12-ին ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնել էին, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս.թ. փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ է բացվել, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել:

Ադրբեջանն իր «ձեռագիրը» չի փոխում. նախ՝ հայտարարում է, թե հայկական կողմից կրակ է բացվել, իբր կա վիրավոր: Այնուհետեւ հայկական կողմը հայտարարում է, որ կհետաքննի միջադեպը, եւ մեղավորները կպատժվեն, բայց ադրբեջանական կողմը ժամեր անց հարձակվում է, սպանում ու վիրավորում մարդկանց՝ չսպասելով հետաքննության արդյունքին: Պարզ երեւում է, որ հարձակում էին նախապատրաստում եւ, ուղղակի, պատրվակ էր հարկավոր: Եթե չկա պատրվակ՝ այն ստեղծում են:

Ուժի կիրառման գործողություններին, ինչպես այս անգամ, նախորդում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ձեռնարկվում են տեղեկատվական-քարոզչական աշխատանքներ, եւ հարձակման նախադրյալները պատրաստ են: Իրականում այդ երկրի ղեկավարությանը խաղաղություն պետք չէ: Ուստի՝ օգտվելով հայկական թույլ, ամորֆ դիվանագիտության բացերից ու ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհ, վախկոտ բնույթից, արհեստականորեն լարված իրավիճակ է ստեղծում սահմանին եւ ժամանակ շահում՝ իր պահանջների անվերջանալի շղթան թելադրելու եւ պատերազմի ահուվախի տակ ուզածը ստանալու համար: Ընդ որում՝ չանտեսելով նաեւ լայնածավալ պատերազմի տարբերակը:

Դժբախտաբար՝ բոլոր այդ խարդավանքների, անդրկուլիսային գործարքների գինը մեր զինծառայողների կյանքով է հատուցվում, որովհետեւ ուժի, արժանապատվության, կամքի եւ վճռական գործողությունների առումով ունենք այն, ինչ ունենք: Փոփոխությունների ոսկի ժամանակը բաց է թողնված, բայց դեռ ուշ չէ:

Մեր խորազգաց վշտակցությունն ենք հայտնում Էդուարդի, Գագիկի, Արսենի եւ Հրաչյայի ընտանիքներին, բոլոր մերձավորներին ու զինակից ընկերներին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Վճռաբեկ դատարանը փետրվարի 13-ին մերժեց ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ դատախազության միջնորդությունը: Խաչատուրովն անցած տարվա դեկտեմբերին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվել էր կալանքից։ Նա մեղադրվում էր փողերի լվացման համար։ Գլխավոր դատախազությունը միջնորդության մեջ նշել էր, թե պահպանվում են Խաչատուրովի կալանքի հիմքերը։ Փետրվարի 16-ին լրանում է գեներալի մեղադրանքի վաղեմության ժամկետը։ Անհասկանալի է, թե ինչու է դատախազությունը ցանկանում կրկին կալանավորել Խաչատուրովին՝ այն դեպքում, երբ փետրվարի 16-ից հետո գեներալին ազատազրկել այլեւս չեն կարող:

Ռուսաստանն աշխատում է ընդլայնել իր հյուպատոսական ներկայությունը Հայաստանում եւ Ադրբեջանում՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ նշելով, որ նրանք բարեկամական երկրներ են։ Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրներում Ռուսաստանի դիվանագետների աշխատանքի առանձնահատկությունն առաջին հերթին այն է, որ նրանք բարեկամական երկրներ են, որոնց հետ ունեն բազմադարյա համատեղ պատմություն, միմյանց ավանդույթների խորը ըմբռնում, ընդհանուր մշակույթ եւ ռուսաց լեզու:

Իրանը դեմ է տարածաշրջանում՝ խնդիրների լուծման պատրվակով դրսի ուժերի ներկայությանը: Այս մասին հայտարարել է ԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ փետրվարի 15-ին Թեհրանում ընդունելով Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Ռայիսին պնդել է, որ տարածաշրջանային խնդիրներում արտաքին ներգրավվածությունն ավելի լուրջ մարտահրավերներ է բերում։ IRNA պետգործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահն անդրադարձել է Թեհրանի եւ Երեւանի հարաբերություններին՝ դրանք բնութագրելով որպես «բարեկամական եւ կառուցողական»։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին փետրվարի 14-ին քննարկել են պաշտպանության ոլորտում գործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, Պնախարար Պապիկյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր՝ հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել նախօրեին նախարարի պաշտոնից ազատված Վահան Քերոբյանի նկատմամբ: Քերոբյանը փետրվարի 15-ին այցելել է Քննչական կոմիտե եւ մինչեւ օրվա ավարտ դուրս չէր եկել: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը, իր վստահորդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը»: Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:

Լյուքսեմբուրգում փետրվարի 14-ին բացվել է Հայաստանի Հանրապետության գրասենյակ։ Պաշտոնական բացման արարողությունից առաջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել էր, որ Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ռեզիդենտ գրասենյակի հաստատումը ցույց է տալիս Հայաստանի «հանձնառությունը՝ խթանել գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»՝ փոխանցում են ԱԳՆ-ից:

Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 6:3 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիեւի նկատմամբ եւ իր կարիերայում 7-րդ անգամ վաստակեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջնությանը գերազանց հանդես եկավ նաեւ ՀՀ հավաքականի մյուս աստղը՝ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը, որը 3-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում 7:0 հաշվով հաղթելով թուրք անվանի ըմբիշ Յունուս Բաշարին: Չեմպիոնական «ոսկիներով» տուն վերադարձան նաեւ հավաքականի երկու անդամներ՝ Գոռ Սահակյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը:

Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: