04.05.2024

Аналитика

Բրյուսել. մեր դիվանագիտության երկրորդ խոշոր ֆիասկոն

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Բրյուսելում ապրիլի 6-ին տեղի ունեցած՝ Միշել-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումներից հետո հայաստանյան անկախ փորձագիտական շրջանակներում տիրապետող տեսակետը հետեւյալն էր. Արեւմուտքի միջնորդությամբ, Թուրքիայի գործուն դերակատարմամբ, Ալիեւի մասնակցությամբ ու Փաշինյանի համաձայնությամբ մեր տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու եւ Հայաստանը կիսապետություն դարձնելու գործընթաց է մեկնարկել:

Այս գնահատականն առաջինը շրջանառության մեջ է դրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Անունը դրել են «խաղաղության դարաշրջան», բայց բերում են հայաթափում ու պարտություն՝ մեռելային խաղաղություն»,- ցավով նկատել է պատգամավորը՝ վկայաբերելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության փաստացի դադարեցումը, որին անդրադարձել էր նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին հայ պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ: Մի քանի օր Հայաստանում քննարկում-բանավեճեր էին ընթանում Ռուսաստանի ԱԳ նախարարի աղմկահարույց հայտարարությունների շուրջ:

Բայց մանրամասնություններն այդ մասով՝ մի փոքր ավելի ուշ: Նախ հիշեցնենք, թե ապրիլի 6-ին ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում, այնուհետեւ կվերադառնանք Լավրովի բավական մտահոգիչ տեսակետներին: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ավելի քան չորս ժամ տեւած բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են մինչեւ այս ամսվա վերջը ստեղծել համատեղ հանձնաժողով, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանագծման-սահմանազատման աշխատանքով, ինչպես նաեւ ապահովի «սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում կայուն անվտանգային իրավիճակը»:

Մյուս կարեւոր հարցը, որի շուրջ, ԵԽ գրասենյակի փոխանցմամբ, համաձայնություն է ձեռք բերվել, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ «արագորեն առաջ շարժվելու»՝ կողմերի պատրաստակամությունն է: Փաշինյանն ու Ալիեւը հանձնարարել են իրենց ԱԳ նախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որն «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ Թե որոնք են այդ «անհրաժեշտ հարցերը», եվրոպական կողմը չի հստակեցրել։ Սակայն դրանց մասին կարելի է պատկերացում կազմել՝ դատելով ՀՀ կառավարության ապրիլի 7-ի նիստում Փաշինյանի որոշ մեկնություններից:

Խոսելով խաղաղության պայմանագրի առնչությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջարկած սկզբունքների մասին, գործադիրի ղեկավարը վերստին նշել է, որ Բաքվի ներկայացրած հինգ հայտնի դրույթներում ՀՀ իշխանությունն անընդունելի ոչինչ չի տեսնում, սակայն «դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը»: Փաշինյանը նկատի ունի, իր ասելով, սկզբունքային նշանակություն ունեցող՝ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաեւ Արցախի վերջնական կարգավիճակի ճշգրտումը, որոնք ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ հայկական կողմի պատասխաններում, եւ որոնց Ադրբեջանը որեւէ կերպ դեռ չի արձագանքել:

Առայժմ այդ երկրի տարածած միակ պաշտոնական փաստաթուղթը, որտեղ ակնկալվում էր տեսնել ՀՀ առաջարկների հանդեպ Ադրբեջանի մոտեցումը, ԱԳ նախարարության ապրիլի 7-ի հայտարարությունն է, որում եւս շրջանցված էր հայկական համեստ պահանջը: Այնտեղ միայն արձանագրված է, որ Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին, եւ որ հանդիպման արդյունքում ԱԳ նախարարներին հանձնարարվել է աշխատել «Ադրբեջանի կողմից առաջ քաշված սկզբունքների հիման վրա»: Սա հիմնավոր կռվան է՝ եզրակացնելու, որ Հայաստանի շահերը կանտեսվեն նաեւ օրակարգի մյուս կարեւոր հարցում՝ սահմանի գծանշման ու սահմանազատման գործընթացում:

Կողմերի միջեւ չհարթված տարաձայնություններից մեկն էլ առնչվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Բաքուն գտնում է, որ ինքն արդեն լուծել է Ղարաբաղի խնդիրը, եւ այդ ձեւաչափն այլեւս «ոչ եւս» է, մինչդեռ Երեւանը պաշտոնապես դիմել է համանախագահներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին աջակցելու համար: Սակայն ո՛չ ԵԽ ղեկավարի ապրիլի 6-ի խոսքում, ո՛չ էլ կառույցի տարածած փաստաթղթում այդ մասին որեւէ հիշատակում չկա: Եվ, առհասարակ, վերջին շրջանում եռանախագահության մասին գրեթե չի խոսվում կամ էլ խոսվում է այն համատեքստում, որ արցախյան խնդրի կարգավորման՝ 30 տարի գործող Մինսկի խմբի միջնորդական առաքելության ձեւաչափը, կարծես թե, ԵԱՀԿ-ից տեղափոխվում է ԵՄ-ի հովանու ներքո:

Հենց այս խնդրի շուրջ էր ապրիլի 8-ին Մոսկվայում Լավրով-Միրզոյան հանդիպման ավարտին տեղի ունեցած ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարարի աղմկոտ հայտարարությունը, որի մասին նշվեց վերը: Այդ հայտարարությունը փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության չգոյության մասին շրջանառվող լուրերի համոզիչ վերահաստատումն էր: «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այսպես կոչված, ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերները ռուսատյացության տենդով բռնկված, չեղարկել են ՄԽ եռանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք ՌԴ-ի հետ չեն շփվի այդ ձեւաչափում… Եթե նրանք պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է, մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը եւ այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձեւաչափով»,- հայտարարել է Լավրովը:

Ակնհայտ է, որ ՌԴ թիվ մեկ դիվանագետը դժգոհ է ՀՀ իշխանություններից, ինչը երեւում է նրա խոսքի տողատակերից եւ այն պնդումներից, թե Կրեմլը, «անկախ ամեն ինչից, կպաշտպանի Հայաստանի ու Արցախի շահերը», որոնք, ըստ նախարարի, համահունչ են իր երկրի շահերին: Սակայն Մոսկվային չի կարող գոհացնել արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի իշխանությունների երերուն պահվածքը՝ Արեւմուտքի եւ Թուրքիայի հետ խաղեր տալու եւ, մասնավորապես, հակառուսական դաշտում հանդես գալու առումով: Լավրովն ակնարկում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փլուզմանը նպաստել է նաեւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, այդ թվում՝ նրա բրյուսելյան այցը։

Այստեղ ՌԴ ԱԳ նախարարին դժվար է հակաճառել: Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության տապալումը վաղուց էր ներառված թուրք-ադրբեջանական զույգի օրակարգում, եւ եթե այդ զույգն այժմ հասավ իր նպատակին, ապա հաստատ՝ ոչ առանց Նիկոլ Փաշինյանի օգնության: Փաշինյանն էր, որ 2018-ից սկսած՝ արցախյան խնդրի կարգավորման բանակցությունները մտցրեց փակուղի, բերեց պատերազմ եւ պարտություն, իսկ պատերազմից հետո ամբողջովին նվիրվեց թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը։ Այդ տեսակետից Բրյուսելը, թերեւս, Փաշինյանի գրեթե 4 տարվա արատավոր գործունեության վերջին «ակորդն» էր՝ ուղղված Մինսկի գործընթացից Ռուսաստանին դուրս թողնելուն:

Եվ պատահական չեն ռուսական կողմի «ավանդական խանդին» զուգահեռ՝ հայկական կողմին ներկայացվող այն դժգոհություններն ու պահանջները, որոնք կարմիր թելի պես անցնում էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունների միջով: Անշուշտ, դժգոհությունների տեղ կա, Հայաստանի ղեկն այսօր ապաշնորհ, գործին անտեղյակ, անպատասխանատու կառավարիչների ձեռքում է:

Սա մի թիմ է, որը չունի հստակ կողմնորոշում, ռազմավարություն եւ գերակայությունների հայեցակարգ ո՛չ արտաքին քաղաքականության ճակատում, ո՛չ էլ ներհայաստանյան անդաստանում: Բրյուսելը 2020թ. նոյեմբերի 10-ի տխրահամբավ հանձնվողական փաստաթղթի՝ եռակողմ հայտարարության շարունակությունն էր՝ մեր դիվանագիտության երկրորդ խոշոր ֆիասկոն, այս անգամ եվրոպական դաշտում:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.