02.11.2024

Аналитика

Սահմանադրությունը եւ Փաշինյանի խորտակվող նավը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը, լավ առիթ էր, որպեսզի Փաշինյանը նորից, այս էլ որերորդ ագամ, անդրադառնա Հայաստանի երրորդ հանրապետության Մայր օրենքի փոփոխության թեմային: Ընդ որում՝ խոսքը ոչ թե սահմանադրական փոփոխությունների մասին է, այլ՝ զրոյից բոլորովին նոր Սահմանադրություն գրելու: Բայց նախ՝ փոքրիկ մի տեղեկանք. 1991թ. անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց Հիմնադիր-նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման նախավերջին տարում՝ 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, եւ այդ օրն էլ հռչակվեց պետական տոն:

Հետագա 20 տարիներին երկրի Հիմնական օրենքը հանրաքվեների միջոցով փոփոխության է ենթարկվել երկու անգամ. առաջինը 2005թ. նոյեմբերի 27-ին էր՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք, իսկ երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին, երբ իշխանության ղեկին Սերժ Սարգսյանն էր: Կարելի է ասել, որ մինչեւ 2018-ի «թավշյա» իշխանափոխություն՝ ՀՀ նախագահներից յուրաքանչյուրն ունեցել է «իր» Սահմանադրությունը: Անտարակույս՝ փառասիրության եւ գոռոզամտության պակաս չունեցող Փաշինյանը նախորդներից ավելի շատ կուզենար եւս «իր» Սահմանադրությունն ունենալ՝ դե, ումի՞ց է ինքը պակաս:

Որ իշխանատենչության ու նախանձի որդը կրծում է նրա հոգին, երեւաց իշխանության գալու արդեն երկրորդ տարում: Դա այն ժամանակ էր, երբ այնքա՜ն էր հեղափոխության հզոր ռահվիրա երեւակայում ինքնիրեն, որ խելքին փչեց տակավին կենդանության օրոք կանգնեցնել «Քայլող մարդու» արձանը՝ «յուր պատկերով ու նմանությամբ», եւ «քոփի-փեստ»-ի պարզ սկզբունքով բազմացնել, տարածել Հայաստանով մեկ: Ամենայն հավանականությամբ՝ «սեփական» Սահմանադրությունը գրելու եւ պատմության մեջ մնալու միտքը նույնպես նրա գլխուղեղում փայլատակեց իշխանավարման սկզբնական շրջանում: Կամ, հնարավոր է, այդ միտքը «փայլատակեցրեց» Իլհամ Ալիեւը, որին «շատ կիրթ ու կառուցողական» մարդ էր համարում:

Ադրբեջանի նախագահն իրականում այլ տեսանկյունից էր դիտարկում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը եւ բոլորովին այլ նպատակ էր դրանով հետապնդում, բայց Փաշինյանը կարողացավ «կիրթ» գործընկերոջ պահանջի համատեքստում հմտորեն տեղավորել նաեւ իր սրտի բաղձանքը եւ «երկուսը մեկում» մատուցել հանրությանը: Հայաստանի Մայր օրենքը փոխելու պահանջի մասին Ալիեւն առաջին անգամ հայտարարել է 2021թ. ապրիլի 10-13-ը Բաքվում անցկացված միջազգային համաժողովներից մեկի ընթացքում: Դրանից հետո թեման միառժամանակ մարեց եւ միայն այս տարեսկզբից, կարծես թե, սկսեց աշխուժանալ:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով: Նախ հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը՝ տոն տալով Ադրբեջանի ղեկավարի նախորդ դատողություններին, հայտարարեց, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, ապաեւ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ընդգծեց «Հռչակագրի հետ մեր հարաբերությունները կարգավորելու» կարեւորությունը: Նրա խոսքով` «եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման վերաբերյալ ԼՂՀ Ազգային խորհրդի ու Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը՝ նշանակում է խաղաղություն երբեք չենք ունենա»։

Նույն օրը՝ փետրվարի 1-ին, զարմանալիորեն համաժամանակյա ներդաշնակությամբ գրեթե նույն միտքը փոխանցեց Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով, որ Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Ավելի ուշ Ալիեւը ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջը կրկնեց թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Բաքվի բռնապետը մեր Հիմնական օրենքի նախաբանում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներ է տեսնում եւ գտնում է, որ այն պետք է փոխվի:

Այս անգամ եւս չուշացավ հայկական կողմի համահունչ արձագանքը: Սահմանադրության օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հուլիսի 5-ին դարձյալ շեշտեց, որ «մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն», որը, նրա բնորոշմամբ, ժողովուրդը կհամարի իր ստեղծածը, իր ընդունածը: Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, Փաշինյանը՝ Ալիեւի պահանջին ականջալուր, հրահանգել էր նոր Սահմանադրություն գրել ու դրա նախագիծ ներկայացնելու համար տվել էր 2 տարի ժամանակ, ինչից եւս կես տարի անց՝ 2026 թվականի դեկտեմբերի 30-ին, այն արդեն պետք է հաստատված լինի: Իսկ ի՞նչ կարծիքի են այս առնչությամբ խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող հետազոտողները:

Հայաստանի անկախ մասնագիտական շրջանակները համարում են, որ մեր պետությունը, այո, կարիք ունի որակապես նոր Սահմանադրության, բայց ոչ թե իշխանությունների առաջարկած տրամաբանությամբ, այլ ճիշտ հակառակը: «Եթե մեր Սահմանադրությունը պետք է շեղենք այնպես, որ ինչ-որ մեկին դուր գա, ապա պետք է առհավետ մոռանանք ինքնիշխանության ու արժանապատվության մասին։ Սահմանադրությունն, առաջին հերթին, գրվում է տվյալ ժողովրդի շահերի համար եւ ոչ թե ինչ-որ մեկին հաճոյանալու կամ որեւէ պետությունից վախերը չեզոքացնելու համար»,- «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում նշել է սահմանադրագետ, Երեւանի պետհամալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

Ըստ նրա, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որն այսօր ձեւավորված է, հազիվ թե ի վիճակի կլինի մեզ տալ որակյալ Սահմանադրություն: Գիտնական-սահմանագետի մտահոգությունը կիսում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, իրավաբան Գոհար Մելոյանը. «Եթե սահմանադրական փոփոխություններն իրականություն դառնան, ապա դրան հաջորդելու են Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու եւ Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցերը»,- ասել է նա: Մելոյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակ ունի՝ հասնել Անկախության հռչակագրի առոչնչության եւ, դրանով, իրավական հիմքից զրկել հայոց պետականությանը:

Ալիեւը, ըստ էության, Փաշինյանին անելանելի կացության մեջ է դրել, եթե, իհարկե, վերջինս ինքնակամ չի ընդունել նրա պայմանը, որը կարող է կործանարար լինել Հայաստանի համար: Սահմանի տավուշյան հատվածի ապօրինի սահմանազատումը, ժողովրդի թուքումուրը, միակողմանի զիջումները դեռ չմարսած՝ Փաշինյանը դեմ է առել ադրբեջանական կողմի հերթական պահանջների պատին՝ Սահմանադրության փոփոխություն, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում, 300 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձ նախկին բնակության վայրեր, Մեծամորի ատոմակայանի փակում եւ այլն:

Փաշինյանը խճճվել, մնացել է ադրբեջանական մուրճի եւ հայ հասարակության ու ընդդիմության սալի արանքում: Իշխող թիմի ներսում իրավիճակն անհանգիստ է, խուճապային, իշխանությունը ձեռքից գնում է, անվստահությունը՝ խորանում: «ԳԵԼԱՊ»-ի հուլիսի 3-6-ն անցկացված հարցման արդյունքում Փաշինյանի աշխատանքը լիովին դրական է գնահատել քաղաքացիների ընդամենը 13.4 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 40.7 տոկոսը: ՔՊ-ի նավը, կարծես թե, խորտակվում է: Ցույց տալու համար, թե ամեն ինչ OK է, Փաշինյանը ձեւը գտել է՝ հեծանիվ է քշում: Բայց քանի որ վախերի մեջ է, հեծանվային երթուղում ոտքի է հանել ոստիկանությանը՝ քաղաքացիական հագուստով, իրեն էլ շրջապատել հեծանվորդ-թիկնապահներով:

Հատկանշական է, որ վերը նկարագրված պահանջների կատարմանը Փաշինյանը քիչ թե շատ՝ դիմադրություն ցուցաբերել է: Միակ պահանջը, որին նա երբեք չի հակադրվել՝ դա ադրբեջանցի փախստականների վերադարձն է, որոնց Ալիեւը մտադիր է բնակեցնել, իր բնորոշմամբ, «Արեւմտյան Ադրբեջանում», այն է՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում եւ Երեւանում: Փաշինյանը վստահ է, որ այդ 300 հազարից՝ եթե 18 տարեկանից փոքրերին հանենք, առնվազն 200 հազարն իր ներունակ ընտրազանգվածն է: Դե, իհարկե՝ ազերի ներգաղթյալները բացառապես ՀՀ-ում վարչապետ աշխատող անձնավորության կողմնակիցներն են լինելու, նրան են տալու ամենաթանկագինը՝ իրենց քվեն:

…Բայց որքան լավատես պետք է մարդ լինի՝ մանավանդ Փաշինյանի այս վիճակում, որի շուրջ օղակը հետզհետե սեղմվում է, որ մտածի, թե ինքը դեռ ապագա ունի: Եվ այդ ապագան օրերից մի օր գալու է թշնամի երկրից:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.