Արթուր Ալեքսանյան, «Կյանքի իրավունք. Ղարաբաղ», հուշագրություն, 2020թ.
Գրքի հիմնական ու ամենահետաքրքիր գլուխները ներկայացնում են Արցախյան շարժման նախապատմությունը եւ պատերազմի ծանր ժամանակաշրջանը:
Հեղինակը՝ Ամարասի Արթուրը, ինչպես նրան կոչում էին, պատերազմի ժամանակ ղեկավարում էր թիկունքի աշխատանքները եւ եղել է տարբեր ստորաբաժանումների հրամանատար Մարտակերտի պաշտպանական դիրքերի Հաթերքի կիրճում: Ռազմաճակատի այդ հատվածը պաշտպանում էր Արցախի գլխավոր հոգեւոր կենտրոնը՝ Գանձասարը: Հենց այդտեղ էին տեղակայված Արթուրի ղեկավարած «Արծիվներ» կամավորականների ջոկատները՝ «Մահապարտներ» անվանումով։
Ամարասի Արթուրի մարտական սխրագործությունների մասին գրվել են գրքեր, ակնարկներ ու պատմություններ, նկարահանվել են կինոնկարներ: Եվ այդ ամենն արվել է առանց նրա մասնակցության ու ոչ իր պատմածներով: Նրա մասին շատ լեգենդներ էին պտտվում:
Վերջապես՝ ընկերների ու զինակիցների խնդրանքով Արթուր Ալեքսանյանը որոշեց ինքը գրել իր հուշերը՝ ընթերցողին փոխանցելով պատերազմական կյանքի բոլոր մանրամասները եւ իր զգացողություններն ու ապրումները: Հուշագրության մեջ ներկայացված են Արցախի հերոսական ժողովրդի ոգորումները՝ հանուն ազատության, հանուն սեփական բնօրրանում խաղաղ ապրելու եւ արարելու իրավունքի: