Այն մարդիկ, ովքեր գիտեն ամենակարեւորը, սակայն հայտարարում են, թե իրենց լռությունը պայմանավորված է պետական գաղտնիքներ չբացահայտելու պարտավորությամբ, չեն ուզում հաշվի առնել մի հասարակ ճշմարտություն՝ այսօր Հայաստանը չունի որեւէ պետական գաղտնիք: Սովորաբար պետության թիվ մեկ գաղտնիքը վերաբերում է երկրի անվտանգությանը՝ հատկապես նրա զինված ուժերի պարունակությանն ու դասավորվածությանը, ռազմական ծրագրերին, այն բոլոր նրբություններին, որոնք ապահովում են երկրի գոյատեւությունը:
Պատերազմում ջախջախիչ պարտություն գրանցելուց հետո այս իշխանությունն ունի՞ փաստական տվյալներ, որոնք թշնամուն հայտնի չեն՝ բանակի վիճակը, զենք-զինամթերքի քանակը, զինված ուժերում կատարված «բարեփոխումների» հետեւանքները եւ այլն: Պատերազմի ժամանակ բանակի ղեկը ձեռքն առած վարչապետն առաջին իսկ ժամերին ի լուր ամբողջ աշխարհի ու ոսոխի ականջների՝ տեղեկացրեց, որ կռվողները չունեն զրահաբաճկոն ու սաղավարտ, որ զորահավաք չի կատարվելու, հույսը կամավորական ջոկատներն են եւ այլն: Օրերս էլ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարը հայտարարում է, թե զինվորներն ի վիճակի չեն՝ բահերն առեք, գնացեք դիրքերում նրանց օգնեք: Ո՞ւր մնաց պետական գաղտնիքը:
Գուցե դա առաջիկա ռեւանշի ծրագի՞րն է՝ կորցրած հայրենիքը հետ բերելու, թշնամուն հուժկու հարված հասցնելու, հզորագույն զենքեր ձեռք բերելու, ռազմական դաշինքներ կազմելու եւ այլնի մասին: Դե իհա՜րկե, տարփողվող «խաղաղության դարաշրջանը» հենց դա է բովանդակում, այն էլ՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթով ճչալով ու, համոթ մեր երկրի, դրսում քմծիծաղի արժանացնելով:
Մասնագետները հազարապատիկ ճշտությամբ կարող են փաստեր ու հիմնավորումներ բերել, ինձ թվում է՝ այսքանն էլ բավական է ասելու համար, որ պետական գաղտնիքի պահպանությանը զինվորագրված նախկին, նաեւ ներկա պաշտոնյաները լռելու իրավունք չունեն:
Ասացեք, պարոնայք, սրանից ավելի մեծ ի՞նչ աղետ պետք է գա երկրի գլխին, որ ձեզ ստիպի իմացածը հայտնել: Այդ դեպքում ո՞ւմ են պետք լինելու ձեր խոստովանությունները: Այդ դեպքը չլինի՛, չլինի՛: Այսօ՛ր արդեն դուք ուշանում եք, բացեք չարագուշակ փակագծերը, մերկացրեք դավաճանությունը կամ ասեք, որ ամեն ինչ եղել է պարտադրաբար՝ թե պարտությունը, թե զոհերի վիթխարի թիվն ու մնացած դժբախտությունները:
Բացահայտեցեք հանրությանը դեռեւս անհայտ ճշմարտությունները, հնարավոր է՝ դրանք այն խարիսխներն են, որ ազգային նավին կօգնեն ապահով ափին հանգրվան գտնել: Դա է մեր փրկության ափը:
Եթե ուրիշ ափ գիտեք՝ դա էլ ասեք: Ասելու բա՛ն չէ՝ գործե՛ք:
Թե չէ ձեր գեղեցիկ բառերն ու առեղծվածային լռությունը ոչ մեկին լավ բան չեն խոստանում, առաջին հերթին՝ հենց ձեզ:
Հրաչուհի Փալանդուզյան