Tuesday, 26 November 2024

A Analysis

Սահմանազատում. քարտեզային կրքեր

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Սահմանագծման եւ սահմանազատման համատեքստում ամենաչարչրկված խոսույթը քարտեզային թեմայի շուրջ է միշտ եղել: Ավելի ճիշտ՝ այն քարտեզի թողարկման տարեթվի շուրջ, որը կողմերը կհամաձայնեն ընտրել որպես տվյալ գործընթացի հիմք: Այդ առնչությամբ ի սկզբանե ՌԴ նախագահի մակարդակով հայտարարվել էր, որ իրավական առումով ամենահավաստին անցած դարի 20-ականների քարտեզներն են, որոնց նմուշները միայն Ռուսաստանի ռազմական շտաբի պահոցներում կարելի է գտնել: Հետո սկսեցին շրջանառվել 30-ականներին եւ ավելի ուշ շրջանում հրատարակված քարտեզներ, բայց միասնական դիրքորոշում այդպես էլ չձեւավորվեց:

Նիկոլ Փաշինյանի նախընտրությունը կանգ է առել 1975-ին թողարկված քարտեզի վրա: Չէ՛ պատճառն այն չէ, որ դա իր ծննդյան թվականն է: Ոչ էլ նույնիսկ այն, որ նման հարցերում, հատկապես՝ «կադաստրի թղթի» գծով, ինքն իրեն խորագիտակ է համարում, ինչը 3-4 շաբաթ առաջ փորձում էր ապացուցել ԱԺ-ում: Իր ընտրությունը Փաշինյանն այլ կերպ է հիմնավորում՝ 75-ի քարտեզը, ըստ նրա, լավագույնս է համապատասխանում Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի ոգուն, որով ԱՊՀ-ին անդամակցող՝ նախկին ԽՍՀՄ պետությունները, այդ թվում ՀՀ-ն ու Ադրբեջանը, ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը եւ որով այժմ առաջնորդվում են երկու երկրները խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը մշակելիս:

Մի կողմ թողնենք խիստ կասկածահարույց այն դատողությունը, թե վերոնշյալ հռչակագրով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ Հայաստանն արդեն ճանաչել էր Արցախն Ադրբեջանի կազմում: Մասնագետների վկայությամբ՝ դա վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, մեղմ ասած, հերթական մանիպուլյացիաների շարքից է, որի մասին շատ է խոսվել եւ անդրադառնալու հարկ չկա: ՌԴ-ն՝ որպես միջնորդ կողմ, սահմանազատման մասով իր մոտեցումը հայտնել է դեռ 2021-ի հոկտեմբերի 22-ին՝ Պուտինի շուրթերով, թե առանց Կրեմլի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, իսկ ԽՍՀՄ քարտեզները, ըստ նրա, ռուսական ԶՈՒ գլխավոր շտաբում են՝ յոթ կողպեքի տակ:

Այդուհանդերձ՝ ՌԴ-ն ցայսօր չի հստակեցրել, թե կոնկրետ որ քարտեզի մասին է խոսքը. չէ՞ որ ԽՍՀՄ կազմավորումից ի վեր կան միմյանցից որոշակի տարրերով զանազանվող մի քանի քարտեզներ՝ սկսած 1922-23 թվականներից մինչեւ 1991թ.: Հայ քարտեզագետների մեծամասնության կարծիքով՝ Պուտինը նկատի ունի հենց 1922-23 թթ. քարտեզները, որոնք գծագրված են առավել մանրակրկիտ եւ շատ ավելի շահեկան են Հայաստանի համար: Այդ քարտեզների կրկնօրինակը մյուս շահագրգիռ կողմերից ոչ մեկը չունի. ո՛չ Հայաստանն ու Ադրբեջանը եւ ո՛չ էլ ԵՄ-ը: Դա, փաստորեն, ՌԴ-ի մենաշնորհն է եւ ում ինչ գնով ուզի, կարող է վաճառել: Բայց ամենաշատն, իհարկե, այն Հայաստանին է հարկավոր, որպեսզի դրվի հայ-ադրբեջանական սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հիմքում:

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի փոխանցմամբ՝ 1922-23թթ. քարտեզներն այնքան էլ Ադրբեջանի սրտով չեն, քանի որ դրանցով առաջնորդվելու դեպքում ստիպված են լինելու վերադարձնել ՀՀ ինքնիշխան տարածքի այն հատվածները, որոնք պատերազմից հետո անհասկանալի զարգացումների արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Թերեւ հենց սա է պատճառ հանդիսանում ադրբեջանական կողմի համար՝ հայտարարելու, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատումը կարող է կատարվել կամայական գործընթացի հիման վրա»,- նկատել է Գալչյանը: Ինչ ասել է՝ «կամայական գործընթաց»: Բանն այն է, որ Ադրբեջանն ամեն անգամ շրջանցում է «քարտեզային» տրամաբանության թեման:

Ի՞նչ է, ուրեմն, այդ երկրի ուզածը: Հարցի պատասխանը, կարծես թե, Ադրբեջանի ԱԳՆ հունիսի 5-ին տարածած հայտարարության մեջ է, որին դեռ կգանք: Առհասարակ՝ Քիշնեւում տեղի ունեցած հանդիպումից հետո Բաքուն ավելի է կոշտացրել իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ դժգոհելով, թե Հայաստանն, իբր, խուսափում է ստանձնած պարտավորություններից, փորձում է խեղաթյուրել մի շարք հարցերի էությունը եւ այլն։ Քննադատությունը մասամբ վերաբերում է Երեւանի մատնանշած՝ 1975թ. քարտեզին, եւ դա հասկանալի է. սահմանազատումն այդ քարտեզով իրականացնելիս, ինչպես վերը նշվեց, թշնամին ստիպված է լինելու մի քանի կմ հետքայլ կատարել ՀՀ ինքնիշխան տարածքի Սոթքի, Սեւ լճի, Ջերմուկի եւ մյուս հատվածներից, որտեղ ներխուժել ու ամրացել էր՝ սկսած 2021-ի մայիսից:

Հիմա՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հունիսի 5-ի հայտարարության մասին, որում նա հայտնում է, թե Ադրբեջանը որոշ հարեւանների հետ սահմանազատում իրականացրել է՝ հիմնվելով ոչ թե կոնկրետ քարտեզների վրա, այլ «փաստաթղթերի համակողմանի վերլուծության եւ դրանց իրավաբանական նշանակությունը քննելու միջոցով»։ Բայրամովը չի բացառել, որ այդ գործելաոճը կարող է կիրառվել նաեւ ՀՀ-ի հետ սահմանազատման դեպքում: Այսինքն՝ այս «խելոքը» նույնիսկ հարկ չի համարում հարցնել Հայաստանի կարծիքը, իսկ մտադրությունը պարզ է՝ տարբեր քարտեզներից ու այլ փաստաթղթերից «ծաղկաքաղ» կատարելու եւ սահմանի ամեն հատված յուրովի գծանշելու արդյունքում ստանալ իր համար ամենաշահեկան պատկերը:

Եվ երբ հայկական կողմը հավաստիացնում է, թե սահմանազատման համատեքստում 1975թ. քարտեզի մասով Քիշնեւում որոշակի առաջընթաց է գրանցվել, Բաքուն զայրացած հակադարձում է՝ նշելով, որ կոնկրետ քարտեզի առնչությամբ պայմանավորվածություն չի եղել։ Անշուշտ՝ այնպես չէ, որ 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատումը ՀՀ-ի համար գտնված լուծում է: Ամենեւին: Դրանով ադրբեջանական միջատարածքները (անկլավ), որոնք ենթադրում են Տավուշի մարզի 7 անբնակ գյուղեր, ինչպեսեւ Արարատի մարզում հայերով բնակեցված Տիգրանաշենը (նախկին Քյարքին), կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Հայերը լավագույն դեպքում կստանան իրենց միակ անկլավը՝ Արծվաշենը:

Այդպիսով՝ 1975 թվականի քարտեզի հիման վրա սահմանագծման-սահմանազատման տարբերակով Ադրբեջանը նույնիսկ շահած է դուրս գալիս, որովհետեւ ոչինչ չի կորցնում: Ամեն դեպքում նա պետք է դուրս գա 2021թ. մայիսի 12-ին եւ 2022թ. սեպտեմբերի 13-14-ին բռնազավթած հայկական տարածքներից, բայց փոխարենը կպահպանի միջատարածքները, որոնք ռազմավարական նշանակության ճանապարհների ու բարձունքների տիրապետելու լավ հնարավորություն են այդ երկրի համար, ինչին միշտ ձգտել են: Տավուշում Ադրբեջանի հավակնած 7 անբնակ գյուղերի միջով է անցնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, իսկ Երեւան-Սյունիք մայրուղին անցնում է Տիգրանաշենով՝ դարձյալ ադրբեջանական համարվող անկլավով:

Համեմատության համար նկատենք, որ հայկական անկլավ Արծվաշենը՝ որքան էլ ասենք տարածքով առավել ընդարձակ է, ռազմավարական որեւէ արժեք չի ներկայացնում: Ավելին՝ գտնվելով ադրբեջանական 24 գյուղերի օղակում աքցանված՝ չի կարող անգամ գոյության հեռանկար ակնկալել: Բայց, չնայած «անկլավային» իր ակնհայտ առավելություններին, Ադրբեջանը մերժում է 70-ականների քարտեզը, քանզի չի ցանկանում հրաժարվել 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ից ապօրինաբար «փախցրած» տարածքներից: Բաքվի միապետն ուզում է ե՛ւ բռնագրաված տարածքներն իրենով անել, ե՛ւ միջատարածքները ստանալ, ե՛ւ Սյունիքում զավթած շահեկան դիրքերը չտալ ձեռքից, ե՛ւ Զանգեզուրից արտատարածքային միջանցք պոկել:

Անշուշտ՝ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, ավելի լավ են հասկանում իրենց օգուտն ու վնասը: Հետեւաբար՝ 70-ականներին թողարկված քարտեզների տարբերակը համարում են արդեն իրենց գրպանում, քանի որ ՀՀ-ն արդեն մի քանի անգամ հայտարարել է սահմանազատումը 1975թ. քարտեզով իրականացնելու ցանկության մասին: Ադրբեջանը չի շտապում «ցցվել», երբ կարելի է զուգահեռաբար տնտղել նաեւ «ծաղկաքաղի» տարբերակը: Հնարավոր է նաեւ, որ ստվերային պայմանավորվածություն կա Երեւանի հետ, որպեսզի վերջինս հանդես գա նման առաջարկով՝ իր խոսքի կշիռը բարձրացնելու համար, իսկ Ադրբեջանն առայժմ չեմուչում կանի: Քանի-քանի անգամ է Հայաստանի «քթից բռնած»՝ ման տվել ու հասել իր ուզածին: Ինչո՞ւ չփորձել եւս մեկ անգամ:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.