Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ժողովրդի համար՝ ժողովրդին հասկանալի լեզվով

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Գործող վարչակարգը 2018 թվականի իշխանափոխությունը ներկայացնում է որպես ժողովրդավարության (դեմոկրատիա) հաղթանակ, այսինքն, ըստ էության, բռնի իշխանափոխությանը հաջորդել են երկու ընտրություններ, որոնք չեն կեղծվել: Դատարանների շրջափակումը, վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին փռելը, մուրճի սպառնալիքով ընտրություններ անցկացնելը համարվում են ժողովրդի ազատ կամքի արտահայտություն: Այստեղ առաջանում են հարցեր, որոնց մասին խոսել են դեռեւս 2.500 տարի առաջ:

Ժողովրդավարությունն առաջացել է Հին Հունաստանի քաղաքներում, որոնցից ամենամեծը 10.000 բնակչությունից չէր անցնում, եւ ուղիղ ընտրություններ կազմակերպելը բարդ չէր: Դրան գումարենք նաեւ այն, որ ընտրություններին ու քաղաքների կառավարմանը չէին մասնակցում ստրուկները, ընչազուրկները, կանայք եւ չամուսնացած տղամարդիկ: Սակայն անգամ այդ պարագայում Պլատոնն ասում էր, որ ժողովրդավարությունը «նախանձ աղքատների» կառավարման ձեւ է: Իր «Տերություն» գրքի 8-րդ գլխում նա պնդում է, որ «չափից ավելի դեմոկրատիան ծնում է բռնակալություն»:

Սա պետք է հասկանալ այն իմաստով, որ աղքատները պահանջում են հարուստների ունեցվածքի բռնագանձում եւ ունեցվածքի հավասարություն, իսկ քանի որ ընտրողների մեծամասնությունը աղքատներն են, ապա նման գործողություններ կատարելու համար պետք է բռնի ուժ: Այդ ժամանակ առաջացած ժողովրդահաճները (պոպուլիստ) եւ ամբոխարարները (դեմագոգ) ձայներ ստանալու ակնկալիքով աշխատում էին բավարարել լայն զանգվածների ցանկությունները: Արիստոտելն, իր հերթին, ասում էր, որ դեմոկրատիան աղքատ մեծամասնության կառավարման ձեւ է, որը սպասարկում է բացառապես սեփական շահերն ու պատկերացումները:

17-18-րդ դարերից սկսած, երբ եկեղեցիները զրկվեցին իշխանությունը թագադրելու մենաշնորհից, այսինքն՝ երբ իշխանության օրինակարգությունը որոշվում էր ոչ թե Աստծո անունից, այլ ընտրությունների միջոցով, առաջացան նկարագրված խնդիրները՝ արդյո՞ք յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել ընտրություններին, ունի՞ արդյոք այնքան գիտելիք ու գիտակցություն, որպեսզի կատարի ընդհանուրի բարօրությանն ի նպաստ ընտրություն:

Օրինակ՝ 18-րդ դարում Մեծ Բրիտանայում եւ ԱՄՆ-ում ընտրելու իրավունք ուներ բնակչության ընդամենը 2-5 տոկոսը, Մեծ Բրիտանայում կանայք ընտրելու իրավունք ձեռք բերեցին հազիվ 1928 թվականին, իսկ ԱՄՆ-ում ընտրությունների մասնակցելու համար ունեցվածքի ցենզը հանվեց էլ ավելի ուշ՝ 1948 թվականին: Հիմա ընտրություններին մասնակցում են բոլորը, բայց դարձյալ կանգնել ենք նույն խնդիրների առջեւ, որոնց մասին խոսում էին դեռ Պլատոնն ու Արիստոտելը:

Այդ առումով ամենաառաջավոր երկիրը Խորհրդային Միությունն էր, որը 1918 թվականից հավասարեցրեց կանանց ու տղամարդկանց իրավունքներն ու բոլորին տվեց ընտրելու իրավունք, սակայն այդ իրավունքը ձեւական էր, որովհետեւ պետք է «ընտրություն կատարեին» միակ գործող կուսակցության եւ ընտրական տեղամասում գրանցված միակ թեկնածուի օգտին, որոնց հաստատում էր կոմունիստական կուսակցությունը:

Հիմա գանք Հայաստան, որտեղ իշխանության է եկել ժողովրդահաճ ղեկավարն իր լռակյաց ու ձայնազուրկ կողմնակիցներով, որոնք խոսում են լոկ այն մասին, ինչ իրենց թույլատրվում է եւ ում հանձնարարվում է խոսել, իսկ հանրությանը «կերակրում» են ժողովրդահաճո կարգախոսներով ու վախեցնում պատերազմի սպառնալիքով: Այստեղից էլ հռետորական հարց է ծագում, թե արդյոք մի՞շտ է ժողովրդավարությունն արդար ու կայուն գործիքակազմ՝ իշխանություն ձեւավորելու համար:

Սա, արդարեւ, հռետորական հացադրում է, որն իր հերթին նորն է առաջացնում, քանզի իշխանություն ձեւավորելու որեւէ այլ եղանակ գոյություն չունի. արդյո՞ք Հայաստանում երբեւէ ի հայտ կգա այնպիսի քաղաքական ուժ կամ շարժում, որը կկարողանա ժողովրդի հետ խոսել ժողովրդի համար հասկանալի լեզվով, բայց չլինել ժողովրդահաճ եւ ամբոխարար: Նման իշխանություն մենք արդեն ունենք, որը հինգ տարվա ընթացքում երկիրը հասցրեց աննախադեպ խոր ճգնաժամի եւ դարձավ մեր արդի քաղաքական կյանքի առանցքային հիմնախնդիրը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: