«Ավրորա», «Շառլ», «Էյջ Ուայ փիքչըրս» ընկերություն, մանկական կոմիքսներ, 2019թ.
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին եւ Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված մանկական կոմիքս գրքեր են ստեղծվել:
«Շառլ» փոքրիկ գիրքը պատմում է ֆրանսահայ անվանի արտիստ Շառլ Ազնավուրի մասին։ Այս գրքի գաղափարը ծնվել է դեռ նախորդ տարի, երբ Նիկոլա եւ Քրիստինա Ազնավուրները Դիլիջանի ձմեռային տոնավաճառում ծանոթացել են «Իմ փոքրիկ գիրքը» շարքի առաջին գրքերին։ Հանդիպումից ու նրանց արձագանքից ոգեշնչված՝ «Էյջ Ուայ փիքչըրս» ընկերությունը շուրջ մեկ տարի աշխատել է այս գրքի վրա եւ՝ համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, ունեցավ ցանկալի արդյունք։
Գրքում պատկերված են դրվագներ երգչի մանկությունից. այն մասին, թե ինչպես նա ընդունվեց մանկապատանեկան թատրոն, ինչպես նաեւ տեսարաններ ֆիլմերի նկարահանումներից եւ Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը, որը շրջադարձային եղավ Ազնավուրի կյանքում։ Փոքրիկ ընթերցողը կճանաչի Շառլին որպես փոքրիկ տղա, որը կարողացավ հաղթահարել բազում դժվարություններ ու դարձավ հանրահայտ արտիստ եւ մեծ բարերար։
«Ավրորա» փոքրիկ գիրքն էլ Հայոց ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարդիգանյանի մասին է, ում վիճակված էր դառնալ Հոլիվուդյան համր կինոյի առաջին հայազգի կինոաստղը։ Ավրորայի ճակատագիրը հեշտ չէր, ու գրքի հեղինակներն էլ չեն խուսափում փոքրիկ ընթերցողի հետ մատչելի լեզվով խոսել կորստի ու դժվարությունների մասին։ Փոքրիկ ընթերցողին գրքի հերոսները կոգեշնչեն հենց այդ դժվարությունները հաղթահարելու իրենց խիզախությամբ ու անկոտրում կամքով։