Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ապրիլքսանչորսի խորհուրդը. սրբազան պատգամին հավատարիմ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Չարիքի քողարկումը կամ դրա մերժումը նման է նրան, որ թույլ տանք վերքն առանց վիրակապելու շարունակի արյունահոսել»:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս

Հայոց պատմության մեջ կան դեպքեր եւ իրողություններ, որոնք երբեք անցյալ չեն դառնում: Այդպիսի դեպքերից է 1915-ին Օսմանյան Թուրքիայում պետականորեն կազմակերպված եւ իրագործված Հայոց ցեղասպանությունը` իրադարձություն, որի մեջ խտացված է հայ ժողովրդի անլուր տառապանքների, զրկանքների ու կորուստների հավաքական նկարագիրը: Չխամրող պատմական հիշողության ծալքերում սերնդեսերունդ պահպանվում են Մեծ հայրենազրկման ցավը, մեկուկես միլիոն սրբադասված նահատակների, մեր հոգեւոր եւ քաղաքակրթական գանձերի կորստյան մորմոքը, աշխարհասփյուռ հայության չիրականացված հույսերի ու ծիրանագույն երազանքների պատառիկները:

Պատմությունը ինքն է տվել պատասխանն այն հարցի, թե ինչու այդքան շատ հայ է ապրում իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Եվ այժմ աշխարհի շատ երկրներ, միջազգային կառույցներ քաջատեղյակ են մեր հինավուրց ժողովրդին պատուհասած հրեշավոր ոճիրին` 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը: Ցավոք, այն իրագործած հայտնի պետության ղեկավարությունը, որը ներկայումս բարձրագոչ ճամարտակում է համամարդկային արժեքներին իր նվիրվածության մասին, մինչ օրս չի ապաշխարել նախնիների կատարած չարագործությունների համար: Ավելին, նա շարունակում է ժխտողական քաղաքականությունը` փարիսեցիաբար փորձելով միջազգային հանրությանը համոզել, որ օրակարգից հանվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Ցեղասպանագիտության ակնառու դեմքերից ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանն իր ելույթներից մեկում` անդրադառնալով թուրքական ժխտողականության թեմային, ասել է. «Հորինովի պատմության վրա ուսուցանված թուրքերի սերունդները չեն կարող ընդունել, որ Քեմալի թիմը կազմված է եղել մարդասպաններից, քանի որ Քեմալն այսօր կիսաստված է Թուրքիայում»: Թուրք մտավորականներից ոմանք եւս չեն հերքում, որ կաղապարված մտածողությունն իրենց թույլ չի տալիս ձերբազատվել իրենց իսկ ստեղծած առասպելներից, որոնցից մեկն էլ Քեմալ Աթաթուրքի «միֆն» է: «Մենք մեր երկրում անհատական հիշողություն չունենք,- մի առիթով խոստովանել է Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր, գրականագետ Մուրատ Բելգեն,- պետությունն է մեզ ասում` ինչը հիշել, ինչը` ոչ: Այս պարագայում մենք մասնագիտանում ենք ոչ թե հիշելու, այլ մոռանալու մեջ»:

Հասարակության «մանկուրտացման» գործընթացներն այդ երկրում, ըստ խնդրին տիրապետող փորձագետների, պատմական խզում են առաջացրել սերունդների միջեւ` գաղտնիքին տեղյակ սերունդը մահացել-գնացել է, նոր սերունդն էլ անհաղորդ է 1915-ի պատմական ճշմարտությանը: Սակայն «մախաթը պարկում չես թաքցնի»` մարդկության դեմ կատարված հանցագործությունները, մանավանդ երբ խոսքը ցեղասպանության մասին է, վաղեմության ժամկետ չունեն։ Թուրքիան, վաղ թե ուշ, ճանաչելու է Հայոց Մեծ Եղեռնը` ընդամենը ժամանակի հարց է: Հայերիս համար Ապրիլքսանչորսը լոկ հիշողություն չէ, դա այն դասն է եւ այն խորհուրդն է, որը սովորեցնում է հետայսու աշխարհին ներկայանալ ոչ թե զոհի կերպարով, այլ իբրեւ Եղեռնի ողբերգությունն արժանապատվորեն հաղթահարած ազգ: Ներկայանալ ոչ թե որպես ցեղասպանված հանրույթ, այլ նորօրյա ազերի-թուրքի սանձազերծած պատերազմում համառ ինքնապաշտպանության դիմած եւ հաղթանակած ժողովուրդ: Եվ, վերջապես, Ապրիլքսանչորսի խորհուրդը «փոքրացվող» աշխարհում մեր տեղի ու դերի վերաժեւորումն է` ո՞վ ենք մենք այսօր, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում:

Հայերն իրենց մեջ կրում են նախորդ դարասկզբի մեծագույն արհավիրքը, որից փրկվածներն անպարտ են։ Միանգամայն ճիշտ է նկատված` հնարավոր չէ այլեւս ոչնչով վախեցնել մեր ազգին, քանի որ նա տեսել է ամենասարսափելին: Մարմնապես ոչնչացնելով մեծաթիվ հայերի` դրանով միայն ուժեղ ու անկոտրում են դարձրել հայի ոգին եւ հայի գենը։ Դրա վառ ապացույցներից մեկը Արցախյան հերոսամարտն է, որն ակնհայտորեն ցույց տվեց, որ արդի աշխարհում ցեղասպանական սպառնալիքներին դիմակայելու առավել արդյունավետ ուղին ոչ թե միջազգային ատյաններին ուղղված աղերսագին կոչերն են, այլ սեփական հողի վրա ժողովրդի ինքնակազմակերպումը եւ արդար պայքարը` հանուն իր աստվածաշնորհ իրավունքների պաշտպանության:

Համավարակի պատճառով այս տարվա ապրիլի 24-ին մենք ազգովին չբարձրացանք Ծիծեռնակաբերդ: Արտակարգ դրության պայմանների թելադրանքով մնացինք տանը եւ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն այս անգամ խնկարկեցինք մեր տներում ու մեր հոգիներում: «Հիշում ենք եւ պահանջում», «Այլեւս երբե´ք». սրանք են վերածնված մեր ժողովրդի հետնորդներին պատգամված սրբազան ուղերձը եւ վսեմ հանձնառությունը: Մի սերնդի, որն այսօր չի մոռացել, թե ինչ է թողել անցյալում, բայց վստահորեն նայում է ապագային:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: