Էշլի Վենս, «Իլոն Մասկ», գիտահանրամատչելի, թարգմանությունը՝ «Նյու Մեգ» ՍՊԸ-ի, «Նյու Մեգ» հրատարակչատուն, 424 էջ, 2021թ.:
Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:
Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն:
Վենսն ավելի քան տասը տարի անցկացրել է Սան Ֆրանցիսկոյում՝ լուսաբանելով ՏՏ ոլորտը: Նա նաեւ Սիլիկոնային հովտի հայտնի պատմագետ է: Իլոն Մասկի կենսագրությունը լույս է տեսել 2015-ին: Վենսը պարբերաբար զրուցել է Մասկի, նրա մերձավորների եւ ամենակարեւոր պահերին նրան սատարած մարդկանց հետ: Գիրքը թարգմանվել է 40 լեզվով, վաճառվել ավելի քան 2 միլիոն օրինակ: