Միջազգային հարաբերությունների շարժիչ ուժը շահերն են, որոնց կարելի է հետամուտ լինել տարբեր եղանակներով: Այդ նպատակների համար կարող են օգտագործվել գաղափարախոսությունները, տեղեկատվական պատերազմները, տնտեսական ճնշումները, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ուժի կիրառումը: Մեծ հաշվով՝ դա միշտ է եղել, ուղղակի ժամանակի ընթացքում փոխվել են տեխնոլոգիաներն ու հնարավորությունները, մնացած ամեն ինչը նույնն է:
Որքան մեծ է պետությունը եւ վիթխարի՝ պաշարամիջոցները, այնքան ավելի լայն է նրա հավակնությունների ու «ազգային հետաքրքրությունների» ոլորտը: Փոքր երկրները ստիպված են հաշվի առնել «մեծերի» շահերը կամ փորձել «խաղալ» վերջիններիս հակասությունների վրա, իսկ անվտանգության եւ պաշտապանության նկատառումներից ելնելով՝ մտնել ռազմաքաղաքական դաշինքների (կոալիցիա) մեջ:
Այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջը, նմանատիպ դիպաշարի տրամաբանության տիրույթում է: Ամեն ինչ ցույց է տալիս, որ ուկրաինական պատերազմի ավարտից հետո կամ նույնիսկ դրան զուգահեռ՝ համաշխարհային նշանակություն ունեցող հաջորդ հակամարտությունը տեղափոխվելու է մեծ Մերձավոր Արեւելք, եւ զոհերի քանակով ու ավերածությունների ուժգնությամբ այն լինելու է անհամեմատ ավելի հուժկու՝ հաշվի առնելով տարածաշրջանի էթնիկ խայտաբղետությունն ու կրոնական մոլեռանդությունը: Հարավային Կովկասը մեծ Մերձավոր Արեւելքի մաս է կազմում, իսկ որոշ տեսաբաններ այդ տարածաշրջանի շարունակություն են համարում Կենտրոնական Ասիան:
Ակնհայտ է, որ Իրանի դեմ ձեւավորվում է կոալիցիա՝ ի դեմս Ադրբեջանի, Իսրայելի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի, որին սկսում են հարել Պարսից ծոցի արաբական երկրները եւ, հաշվի առնելով իրանական միջուկային ծրագրի առաջընթացը, պատերազմն ընդդեմ այդ երկրի դառնում է առավել քան հավանական: ԱՄՆ-ն, ըստ երեւույթին, համարում է, որ միջուկային համաձայնագիրն արդեն անիրական է, իսկ Իրանն ընդհուպ մոտեցել է միջուկային զենքի ստեղծման բնագծին, ինչպես նաեւ հաջողություններ ունի հեռահար հրթիռների արտադրման գործում:
Եթե ուշադրություն դարձնենք հակաիրանական կոալիցիայի երկրների՝ ռազմական գերատեսչություններ այցերին ու խորհրդակցություններին, որոնք հետզհետե ավելի ինտենսիվ են դառնում, կարելի է նկատել, որ պատերազմ սկսելու համար լուրջ պատրաստություններ են տարվում:
Արցախի երկրորդ պատերազմը պետք է գնահատել որպես Իրանի դեմ ծրագրվող մեծ պատերազմի նախերգանք. այն ժամանակ էլ մեր դեմ գործում էին նույն՝ հակաիրանական դաշինքի երկրները:
Կարող է հարց առաջանալ՝ իսկ ճակատի ո՞ր կողմում է Հայաստանը կամ՝ արդյո՞ք մեզ կհաջողվի խուսափել հնարավոր պատերազմից, որպեսզի այն չտեղափոխվի մեր տարածք: Սա արդեն այն հիմնական մարտահրավերն է, որի առջեւ մենք կանգնած ենք: Հայաստանը առկա իրավիճակին եւ տարածաշրջանային սպառնալիքներին համարժեք դիրքավորվելու խնդիր ունի: