Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Իմ Արցախ՝ իմ հող ու ջուր…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ինչո՞ւ է ամեն անգամ փոթորիկ բարձրանում, երբ խոսում է Արցախի պետնախարար  Ռուբեն Վարդանյանը։ Այս վերջին հարցազրույցը, որ զայրացրել է ադրբեջանական կողմին, բնական է, այդպես էլ պիտի լիներ, բայց հասկանալի չէ, թե ինչու է զայրանում «մեր» ներքին լսարանը, երբ խոսում է Վարդանյանը` հարցազրույցներով, թե ուղիղ եթերներով։

Վերջին հարցազրույցը` BBC-ին տված, շատ ավելի ծավալուն էր, բացառիկ, մանրամասն, տեղին ու նպատակային, չնայած Լոնդոնում նստած լրագրողը այնպիսի հարցեր էր տալիս, որոնց պատասխաններից կարող էր հրաբուխ բռնկվել, բայց Վարդանյանը, ի պատիվ իրեն, կարողացավ նրան իրականության տիրույթ բերել, հասկացնել, թե ինչ ուղղությամբ պետք է տանել հարցազրույցը։

Ես չեմ կարողանում հասկանալ նրանց, ովքեր կողմ են, որ նա հրաժարվի իր պաշտոնից։ Մի բան, որ թշնամու մեծագույն ցանկությունն է, նրանց «միապետի» պահանջը։ Մենք մեր թշնամի՞ն ենք, թե՞ թշնամու բարեկամը։ Եկեք հստակ կողմնորոշվենք:

Եթե նրա այդ «զոհողության»՝ հրաժարականի արդյունքում «միջանցքը» պետք է բացվի, ապա հաջորդիվ պետք է կատարվեն թշնամու բոլոր պահանջները, ինչի հետեւանքով մենք կկորցնենք ամեն ինչ` եւ՛  հանքավայրեր, եւ՛ պաշտպանական բանակ, եւ՛ պետական համակարգ: Վերջում էլ` հայաթափված Արցախը…

Սիրում ենք քննադատել` այսպես պիտի ասեր, բայց այնպես ասաց… Ուզում ենք  «միջանցքի» հարց լուծել, որ սովի չմատնվենք, փորներս կուշտ լինի, ցանկանում ենք գազ ունենալ, որ քիչ մրսենք, ձգտում ենք լույսի, որ էլեկտրական շուրջօրյա հոսանք ունենանք…

Մի օր այսքանը կվերականգնվի, մի օր գուցեեւ պետնախարար չլինի Ռուբեն Վարդանյանը, նրա ընդդիմախոսները թերեւս կհանգստանան, բայց ի՞նչ կլինի հետո: Կամ արդյո՞ք մենք «հետո» կունենանք։

Ճանապարհը բաց կլինի, խանութները` սննդամթերքով լիքը, դեղատներում` բազմապիսի  դեղեր, գազամատակարարումը` տեղը տեղին, էլեկտրական լույսերի շքեղության մեջ… Արցախը որտե՞ղ մնաց, թե՞ մոռացանք Արցախի հարցը, որ կլինի Ադրբեջանի կազմում, ինչպես Հայաստանի «պարագլուխն» է ցանկանում։

Այդքանից հետո ու՞մ հետ պիտի մնանք մենք` պետնախարարի՞, ով հայկական է ուզում պահել Արցախը, թե՞ թշնամու, ով ճանապարհ է բացում անգամ շրջափակման մեջ, որ  հեռանանք Արցախից։

Անձամբ ես նախընտրում եմ առաջինը, որ ապրեմ բոլոր արցախցիների հետ հայկական Արցախում` նախնիներից մեզ հասած մեր հայրենիքում, մեր հող ու ջրում: Կարծում եմ՝ սա է բոլոր արցախցիների ամենանվիրական իղձը:

 

Նատաշա Պողոսյան
Մարտակերտ, Արցախ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: