Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Ազատ ամբիոն

Կրկին դժբախտ պատահար Արցախի Պաշտպանության բանակում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մայիսի 20-ին անհայտ պայմաններում սպանվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, 1999թ. ծնված Նորայր Համլետի Գրիգորյանը: Մահը վրա էր հասել մոտավորապես ժամը 11-ին, իսկ դրա պաշտոնական ծանուցումը հնչեցվել էր միայն 12 ժամ անց՝ ժամը 22:54-ին: Եվ կրկին՝ արդեն որերորդ անգամ, նույն ձեւակերպմամբ. «Դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել...»:

Շատ հետաքրքիր է, որ սպանությունից 12 ժամ անց հանցագործությունը չի բացահայտվում, եւ պաշտոնական վարկածը ներկայացվում է նման ուշացումով: Չէ՞ որ զորամասում զինվորը միայնակ թափառական չէ ամայի անապատում: Նա միշտ շրջապատված է մարդկանցով: Արցախի զորամասերում նման սպանություններ լինում են ամիսն առնվազն մեկ անգամ: Մենք բազմիցս բարձրացրել ենք բանակում ինքնասպանության հասցնելու, հրազենի օգտագործմամբ արյունալի հաշվեհարդարներ տեսնելու, հաշիվներ պարզելու, ոչ կանոնադրական հարաբերությունների եւ «դեդովշչինայի» հարցերը: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այդպես էլ չարեց այն, ինչն իրենից պահանջվում էր: Փոխարենը ներկայացրեց բարձրագոչ «ազգ-բանակ» համադրույթը, որով ենթադրվում է ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա՝ կոչ անելով նրան պաշտպանել զինվորներին եւ լինել հայրենասեր: Իրականում հայրենասիրությունը հայ ժողովրդի արյան մեջ է, ինչն ապացուցվեց Արցախյան առաջին պատերազմում, երբ ողջ ազգը (նույնիսկ առանց բանակի) պաշտպանում էր իր հողը նվաճողներից, ինչպես նաեւ՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում, երբ կրկին Հայաստանի եւ սփյուռքի համայն հայությունը կամովին կանգնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ Վիգեն Սարգսյանի ձեռամբ ժողովրդից ամսեամիս գանձվող 1000-ական դրամներով վաղուց հնարավոր էր զինվորներին (նույնիսկ անհարմար է սրա մասին խոսելը) ապահովել ներքնազգեստով, առաջին անհրաժեշտության պարագաներով եւ համազգեստով: Ինչո՞ւ դա չէր արվել: Ի վերջո, Վիգեն Սարգսյանը դրա համար ուներ բյուջետային բավարար միջոցներ, ուներ իշխանություն եւ ղեկավարման զգալի ժամկետ` մոտ մեկուկես տարի: Այդ ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը հաջողվեց հիշյալ խնդիրները լուծել ընդամենը մեկ օրում: Վիգեն Սարգսյանի գործունեությունը կամ, ավելի ճիշտ, անգործունեությունը այլ կերպ, քան նենգադուլ, չես անվանի: Ի վերջո, մեր բանակի կենսագործունեության ամենաարդիական հարցերից մեկը լուծվեց բառացիորեն մեկ օրվա ընթացքում: Ինչպե՞ս հաջողվեց զինծառայողների ծնողներին ազատել լրացուցիչ նյութական ծանրաբեռնվածությունից՝ նրանց հորդորելով չգնել զինվորական համազգեստ, բանակային կոշիկ, ներքնազգեստ, ատամի մածուկ եւ այլն: Չէ՞ որ բանակում այդ կարիքների համար գումար միշտ եղել է: Միայն հայտնի չէ, թե ուր էր հոսում այդ գումարը: Ինչո՞ւ էին զինվորներին բացարձակապես անորակ սննդով կերակրում, որի հետեւանքները կարող էին ի հայտ գալ զորացրումից տարիներ անց:

Մեր բանակը հիվանդ է եւ պետք է բուժվի: Այս հարցը վաղուց է հասունացել: Պետք է հասարակական լսումներ անցկացնել բանակաշինության հարցերով՝ ուրվագծելով բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների եւ կոռուպցիայի վերացման հստակ ուղիներ: Եթե մեր ստվերային տնտեսությունը կրճատվի գոնե 50 տոկոսով, կկարողանանք զգալիորեն ավելացնել բանակի կրտսեր, միջին եւ ավագ սպաների աշխատավարձերը՝ միաժամանակ բարձրացնելով նրանց պատասխանատվությունը աշխատակազմի բարոյական վիճակի համար: Նույնը ոստիկանությանն ու անվտանգության ծառայություններին է վերաբերում:

Իսրայելի պաշտպանության բանակից օրինակ վերցնելու անհրաժեշտության մասին շատ է խոսվել: Իսրայելը տարածքային առումով նույնպիսի փոքր երկիր է, ինչպիսին՝ Հայաստանը, եւ շրջապատված է ոչ բարեկամական երկրներով: Այդտեղ երբեք բանակում «դեդովշչինա» չի եղել: Ոչ կանոնադրական հարաբերությունների անգամ ամենաչնչին նշանի դեպքում պատժվում են տվյալ զորամիավորման սպաները, իսկ զորամիավորումը կարող է լուծարվել: Անցյալ դարի 90-ականների սկզբին, երբ Իսրայելը ԽՍՀՄ-ից ներգաղթյալների մեծ ներհոսք ունեցավ, փորձ արվեց «դեդովշչինա» բերել բանակ: Միջադեպը բացահայտվելուց հետո բոլոր մեղավորներն ուղարկվեցին բանտ: Հենց այդպես: Այնտեղ լավ են գիտակցում, որ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները հանգեցնում են բանակի անմիջական փլուզմանը:

Այժմ Հայաստանում «թավշյա» հեղափոխությանը հաջողվեց նոր կառավարություն ձեւավորել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա կարողացավ աշխատանքում ներգրավել երիտասարդ, խոստումնալից մասնագետների, որոնք չեն կաշկանդված որեւէ կոռուպցիոն սխեմաներով ու պարտավորություններով: Կա վստահություն, որ բանակն ամենակարճ ժամկետում կարգի կբերվի: Բայց չի կարելի լռել նաեւ մի լուրջ խնդրի մասին. ՀՀ-ում դատական ​​եւ գործադիր իշխանության տարանջատմամբ՝ կառավարման ժողովրդավարական, ոչ կոռումպացված համակարգը ոչ մի կերպ համահունչ չէ Արցախի կառավարման համակարգին, որտեղ մնացել է անցյալի ժառանգությունը: Եթե ուզում ենք իրական փոփոխություններ՝ չենք կարող անտեսել Արցախը, այլապես կստացվի՝ ինչպես «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» հայտնի առակում: Եվ առաջին հերթին անհրաժեշտ է փոխել Արցախի պաշտպանության նախարարին, որպես Պաշտպանության բանակի անմիջական հրամանատարի: Սակայն դա, թերեւս, հնարավոր չէ առանց չճանաչված երկրի կառավարման համակարգի արմատական փոփոխությունների:

 

Հ.Գ. Երբ հոդվածն արդեն պատրաստ էր, ապրիլի 23-ին հաղորդագրություն տարածվեց եւս մեկ դժբախտ դեպքի մասին. ՀՀ զինված ուժերի հարավարեւմտյան ուղղության զորամասերից մեկում ապրիլի 22-ին սպանվել է շարքային Մարտին Խաչատրյանը: Մահվան հանգամանքները չեն նշվում:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: