Երեքշաբթի, Ապրիլի 30, 2024

Ազատ ամբիոն

Դժվար է ասել հրաժեշտի խոսքեր

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մարտակերտի շրջանի  բնակչությունը տարհանված է, հայկական Մարտակերտը Աղդերե է դարձել՝ ադրբեջանական դրոշով։

 Երեւի «թափոր» բառի գործածությունն ավելի ճիշտ կլինի, որ գրեմ, թե «սգավորների թափորը» դեպի որտեղ էր շարժվում կեսգիշերին։

Տարհանված մարտակերտցիներ, որոնք շարժվում են դեպի Հակարիի կամուրջ՝ անցնելու ադրբեջանական անցակետով դեպի Գորիս, որտեղ կհաշվառվեն, թե որտեղ տեղավորվեն։

Ժամեր հետո մենք էլ կբռնենք գաղթի ճանապարհը՝ հայացքներս դեպի ետ՝ դեպի խավարով պատված Մարտակերտը։

…92-ին նույնպես Մարտակերտը թողեցինք, հեռացանք օտար ափեր։ Վերադարձանք քաղաքը գերությունից ազատվելուց հետո, նորից օջախ դրինք, նորից տուն դարձանք։

Այս անգամ հույսի նշույլ չկա, երբ քարտեզից վերացնում են Արցախը, բայց մեր սրտում այն կմնա հավետ, որ դարձավ ոսկոր շահամոլ աշխարհի կոկորդում։

Խայտաբղետ են մեր մասին զրույցները՝ տանեն արցախցիներին Սյունիքում տեղավորեն, որ շուտով այնտեղ էլ պատերազմ է լինելու…

Մեկ այլ տեղ այլ զրույց է ընթանում՝ Ռուսաստան գնացող արցախցիներին կարելի է տանել Ուկրաինա, որ ուկրաինացիների դեմ կռվեն։

Դարերի ընթացքում նման ձեռագիր ունեցել են պարսից Հազկերտ արքան, Շապուհը, երբ իրենց թշնամիների դեմ կռվել են, պատերազմի դաշտ են ուղարկել գերի հայերին, ովքեր էլ զոհվելու լինեին, իրենց թշնամի ազգից կլինեին։

Չհամարձակվեն արցախցիներին դարձնել խամաճիկ ու ձեռնոց նետել նրանց, երբ պատերազմների բովով անցած տղաներն էլ ապրել են ուզում խաղաղ երկնքի տակ։

Շուտով կմիանանք տարհանվածներին՝ դեպի Հայաստան տանող ճանապարհով։

Հրաժեշտի խոսքեր չեմ կարողանում գրել Արցախին՝ մեր բոլորի սիրտը դարձած հայրենի երկրին, որտեղ անցել են մեր կյանքի տարիները։ Գիտեմ՝ որտեղ էլ լինենք, ձոներ կերգվեն Արցախի մասին, թեպետ անունը ջնջած լինեն աշխարհի քարտեզից:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: