Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Շաբաթվա անցուդարձ

23-30 սեպտեմբերի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Ըստ հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից եւ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք մանրամասնված են հրամանագրում, որոշվել է, որ մինչեւ 2024թ. հունվարի 1-ը լուծարվում են իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, եւ ԼՂՀ-ն (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

ԼՂ բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ եւ անհատական որոշում կայացնելու նպատակով։ Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո:

«Արցախը դադարում է գոյություն ունենալ…» Թվում է՝ մղձավանջային երազների մեջ ես: Կսմթում ես ինքդ քեզ, բայց չի հաջողվում արթնանալ: Անհավատալի է: Անդիմակայելի է: Սա այն ցավն է, որ չունի ապաքինում, այն կորուստն է, որ չունի սփոփանք: Դարերի եւ հազարամյակների հերոսական անցյալ ունեցող, հպարտ ու անպարտելի Արցախը, որ երբեք կուլ չի գնացել վայրագ ցեղերի ասպատակություններին եւ վիզ չի ծռել բիրտ թշնամիների դեմհանդիման, 21-րդ դարասկզբին՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, ենթարկվում է էթնիկ զտման: Ազերի թուրքը գնում է իր ցեղասպան նախնիների հետքերով՝ հնագույն հայկական բնօրրանից բռնի տեղահանում, հայրենազրկում է հայ ժողովրդի մի անկապտելի հատվածին:

Սոսկալի իրողություն է դառնում թուրք-ազերի զույգի կողմից հետեւողականորեն առաջ մղվող դավադիր մտահղացումը, որը տեղի է ունենում ռուս գործընկերոջ սատարմամբ ու ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ: Շրջվում է Արցախի պատմության վերջին էջը, ինչի ականատեսը լինելու դժբախտություն վիճակվեց մեր բազմաչարչար սերնդին: «Առաջիկա օրերին ԼՂ-ում այլեւս ոչ մի հայ չի մնա»,- սեպտեմբերի 28-ին ՀՀ գործադիրի նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ այնպիսի չքմեղությամբ, ասես ոչ մի առնչակցություն այդ ողբերգության հետ ինքը չունի: Մինչդեռ հայության առողջ հատվածն իր գնահատանքը վաղուց տվել է՝ կատարվողը բացառապես Փաշինյանի ազգակործան քաղաքականության ուղղակի հետեւանքն է, եւ նա պետք է հեռանա:

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը 2000-ականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան բանակցային գործընթացի լավագույն գիտակներից է, պնդում է, որ պատմական օրինաչափությունները մինչեւ 2018թ. «թավշյա» կոչվող իշխանափոխությունը միշտ մեր օգտին են եղել. «Փաշինյանն Արցախի հարցում մեզ համար նպաստավոր պատմական օրինաչափությունը գլխիվայր շրջել է, եւ մենք հայտնվել ենք ծանր վիճակում»,- ասում է Օսկանյանը: Սակայն այս իրավիճակից անգամ, ըստ նրա, ելք կարելի է գտնել՝ միջազգային ատյաններում անհապաղ պնդելով արցախցիների՝ իրենց տներ վերադարձի խնդիրը եւ այն դարձնելով օրակարգային:

Հնարավո՞ր է շտկել իրավիճակը, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց ամեն դեպքում առերեւույթ դավաճան, մերկանտիլ ստահակը, ով թշնամու հետ ձեռք-ձեռքի՝ նյութեց այս ոճիրը, պետք է շուտափույթ հեռացվի ու կանչվի պատասխանատվության: Իսկ Արցախի 20 «օրական» նախագահին պիտի… չգիտեմ՝ ուրախացնե՞մ, թե՞ հիասթափեցնեմ: Շատ իրավագետների վկայությամբ՝ պետությունը դուքան չէ, վարսավիրանոց չէ, որ ինչ-որ մեկի որոշմամբ լուծարեն՝ չկա նման բան: Այնպես որ, Արցախի վերաբերյալ հրամանագիրն առոչինչ է: Կարծում եմ՝ այս լուրը նրան ավելի շուտ կուրախացնի:

Կուզեմ խոսքս ավարտել Արցախի Մեծ շենի համայնքապետ Դավիդ Դավիդյանի մի դիտարկումից քաղված ուշագրավ մեջբերմամբ. «Տուն-տեղ թողել ենք, մի ավտոյով դուրս եկել, անասուն, մեղուներ, ապրուստ, բոլորը թողել ենք… Սա վերջն է, Արցախը ընդմիշտ, հավիտենական գնաց, կորցրեցինք, ծախեցինք, դավաճանեցինք, մայր Հայաստանը իր ձագուկին դավաճանեց, նույնիսկ կենդանական աշխարհում նման բան չկա։ Արցախի մասին միայն պատմության դասագրքերում կկարդաք։ Սպասեք՝ հաջորդը Սյունիքն է»:

 

Շաբաթվա ամենաաղմկոտ իրադարձություններից մեկն էլ Հակարի գետի կամրջի ապօրինի անցակետով արցախյան բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ զարմանալիորեն անխոչընդոտ մուտքն էր Հայաստան: Հանրային խոսույթի թեման այն հարցն էր, թե ինչպես եղավ, որ արցախա-ադրբեջանական առաջին պատերազմի հետ որեւէ առնչություն չունեցող Ռուբեն Վարդանյանը տեղում ձերբակալվեց ու տեղափոխվեց Բաքվի բանտ, իսկ ինքը՝ լինելով հրամկազմի կարկառուն դեմքերից մեկը, անարգել ու անվնաս հատեց սահմանը: «Հ1»-ի տաղավարում Բաբայանը որոշ պարզաբանումներ տվեց՝ նշելով, որ անցակետում բոլորից չէ, որ անձնագիր են պահանջում, ջահել աշխատողներ են, երեւի իրեն չեն ճանաչել:

Հեռուստաընկերությանը մարտական գեներալի տված աղմկահարույց հարցազրույցը շատերն են լսել, բայց քչերն են հավատացել նրա անկեղծությանը: Մանավանդ՝ երբ նա հայտարարեց, թե ինքը միջնորդավորված բանակցություններ է վարել Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հետ եւ ստացել Արցախին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու մասին նրանց համաձայնությունը: Հումորի սիրահարների դեմքին այս պնդումը թեթեւ ժպիտ է առաջացնում, իսկ ավելի լրջախոհ մարդիկ առաջարկում են դատախազությանը՝ քրգործ բացել պետության անունից՝ առանց դրա լիազորությունն ունենալու, մեկ այլ պետության հետ ինքնագլուխ բանակցություններ վարելու համար:

Վստահություն չի ներշնչում նաեւ պնդումը, թե Հակարիի ադրբեջանական, այսպես կոչված, անցակետում իրենից անձնագիր չեն պահանջել: Նման բան չի կարող լինել, այնտեղ գերխստացված ռեժիմով ստուգումներ են կատարվում՝ դա «մարդաորսության» իսկական բույն է, հենց այդ նպատակով է անցակետ տեղադրվել: Կա տեսանյութ, որում լավ երեւում է, թե ինչպես է Բաբայանը ժպտադեմ մոտենում անցակետի անվտանգության ինչ-ինչ ծառայողների, ձեռքով բարեւում բոլորին ու անվրդով քայլում դեպի իր մեքենան: Այնպես որ, պարոն գեներալը ինչ-որ բան է թաքցնում: Եվ պատահական չեն շրջանառվող լուրերը, որ Սամվել Բաբայանի անվտանգության հարցով Փաշինյանն է (մեկ այլ վարկածով՝ Աննա Հակոբյանը) անձամբ դիմել Ալիեւին:

Եթե այս վարկածը հաստատվի, իսկ այն գրեթե կասկած չի հարուցում, ինքնին լույս է սփռվում մեկ այլ, ավելի կարեւոր վարկածի վրա՝ բացահայտվում է վերջին շրջանում ՀՀ իշխանությունների կողմից Սամվել Բաբայանին բավական հաճախադեպ Արցախ գործուղելու իրական նպատակը կամ նրա առաքելության իմաստը: Դատելով նրանից, որ Արցախի ՊԲ երբեմնի «կամանդույուշչին», որն, ի դեպ, պատկառելի խմբակցություն ունի (ունե՞ր) Արցախի ԱԺ-ում, ժամանակ առ ժամանակ տեղային բնույթի խառնակչություններ էր հրահրում, հասկանալի է դառնում, թե ում գաղտնի հրահանգներն էր այնտեղ կյանքի կոչում եւ՝ ինչ նպատակով: Կարծում եմ՝ հասկանալի եղավ նաեւ ընթերցողի համար:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Սեպտեմբերի 29-ին ժամը 10-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված 88 հազար 780 անձ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը: Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28-ի հրամանագրով հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի գոյությունը, մինչեւ հաջորդ տարեսկիզբ կլուծարվեն պետական բոլոր կառույցները:

ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները սեպտեմբերի 25-ին հանդիպել են եռօրյա աշխատանքային այցով Երեւանում գտնվող՝ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ: Ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Թագուհի Թովմասյանը պատվիրակության անդամներին ներկայացրել են ԼՂ-ում եւ նրա շուրջ տիրող իրավիճակը: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ը կարող է օգտակար լինել: Ընդդիմադիրները բազմաթիվ կարեւոր խնդիրներ են վերհանել:

«Մայր Հայաստան» դաշինքը վերահաստատում է՝ ՔՊ-ին Երեւանում իշխանազրկելու համար պատրաստ է իր ստացած 12 մանդատով աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը հրապարակավ կընդունի ՀՀ-ում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու դիրքորոշումը: Արձագանքելով «Մայր Հայաստան» դաշինքի ու նաեւ «Հանրային ձայն» կուսակցության արած առաջարկին՝ Հայկ Մարությանը ընդունեց պայմանը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ՝ այո, ՀՀ-ում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն»: «Մայր Հայաստան» դաշինքը կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին»,- ասված է դաշինքի՝ սեպտեմբերի 27-ին հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքից հայտնաբերվել եւ դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն եւ մասունք՝ հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝ տարածքից հայտնաբերված անձնական իրերը տեղափոխվել են օպերատիվ շտաբ: Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստան՝ ԴՆԹ-ի միջոցով ինքնությունները պարզելու համար։ Պայթյունից հետո Ստեփանակերտը հաղորդել էր 290-ից ավելի տուժածի մասին, նրանք բոլորը տեղափոխվել են Հայաստան՝ օդային եւ ցամաքային ճանապարհներով:

«Պետք է դուրս գանք փողոց, անհնազանդության մակարդակը հասցնենք այն աստիճանի, որ իշխանությունը ծնկի գա»,- անցած կիրակի օրը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ի.Սաղաթելյանը: Ընդդիմադիրները պահանջում են վարչապետի հրաժարականը, արցախցիների անվտանգ տարհանումը Հայաստան։ Ազգային կոմիտեի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հ.Մամիջանյանն էլ նշել է, որ այս շարժումն ունի մի հովանավոր՝ հայրենասեր հայը: Այնուհետեւ նրանք երթ են սկսեցել մայրաքաղաքում՝ հայտնելով նաեւ, որ անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվելու են:

Ադրբեջանի նախագահի հրավերով սեպտեմբերի 25-ին Նախիջեւան էր ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Անկարան ու Բաքուն այցի մասին պաշտոնապես չեն հաղորդել։ Էրդողանը, թուրքական NTV-ի հաղորդմամբ, ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ քննարկել է «անջատողական հայերի զինաթափման գործընթացը», ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքի հարցը, որը կապահովի ադրբեջանական հողերի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապը»։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: