Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Գերիները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Խիստ արդիական մի հարց. ի՞նչ պետք է անի պետությունը, եթե իր հանդեպ թշնամաբար տրամադրված մեկ այլ պետություն ոչ պատերազմական պայմաններում գերեվարում է իր քաղաքացիներին, պահում կալանքի տակ, ապա մատից ծծած դատական գործեր բացելով՝ առաջադրում կեղծ մեղադրանքներ եւ բոլորովին անմեղ մարդկանց դատապարտում երկարաժամկետ բանտարկությունների: Կոնկրետ դեպքում խոսքը, ինչպես ճիշտ կռահեցիք, Արցախի՝ տարբեր տարիների ռազմաքաղաքական ղեկավարության այն ութ ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հակարիի անցակետից գերեվարված քաղաքացիական անձանց մասին է, որոնք արդեն երկուսուկես ամիս հածում են Բաքվի բանտերում՝ ենթակա կտտանքների ու նվաստացումների:

Ո՞րն է տվյալ պարագայում սեփական քաղաքացիների նկատմամբ ՀՀ ղեկավարության անելիքը (այստեղ իրավացիորեն անտեսենք իշխանության անհիմն ինքնարդարացումը, թե արցախցիների հայկական անձնագրերը սոսկ ճամփորդական գործառույթ ունեն): Ի՞նչ են պարտավոր նրանք անել: Թվում է՝ պատասխանը պարզ է. Հայաստանը պետք է տեր կանգնի իր քաղաքացիների իրավունքներին, կատարի նրանց անվտանգության սահմանադրական երաշխավորի իր հանձնառությունը եւ առնվազն տագնապի կոչնակ հնչեցնի ի լուր աշխարհի ու, առանձնապես, միջազգային իրավական ատյանների: Համենայն դեպս՝ այդկերպ կվարվեր աշխարհի ցանկացած կարգին պետություն:

Ցավոք՝ Հայաստանը կարգին երկրների շարքում չէ: Մեր կառավարող քաղաքական ուժը քաղաքացու մեջ ընդամենը «տուգանքի մատերիալ» է տեսնում եւ «գորշ զանգված», որի ձայնը ընտրությունների ժամանակ կարելի է գնել 10-15 հազար դրամով: Գերիների հանդեպ գործող իշխանության վերաբերմունքի մասին վկայող նման փաստեր՝ որքան ուզեք: Մերկապարանոց չլինելու համար կհիշատակենք դրանցից երկուսը: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, օրինակ, բաց տեքստով հայտարարում էր, թե մեր գերիները 2-3 ամիս եւս կդիմանան, ու ադրբեջանական կալանքի այդ 3 ամիսը տեւում է 3 տարի: Դրանք զրկանքների, ստորացումների ու խոշտանգումների դժոխային տարիներ են:

Քաղաքացու նկատմամբ հարգանքի յուրահատուկ ընկալում ունի նաեւ ԱԺ նախագահի աթոռում հարմար տեղավորված անձը: Նա կարող է հենց փողոցում թքել քաղաքացու դեմքին, ինչ է թե՝ հետեւից «դավաճան» է կանչել, որն, ի դեպ, անհիմն չէ եւ սրանց հասնում է: Իսկ գերիների մասին ամեն առիթով խոսք բացվելիս՝ ասում էր. գերին ինձ համար… Միայն հայ գերիների ու նրանց բազմատանջ հարազատների հանդեպ ունեցած խորին հարգանքից ելնելով՝ չեմ կրկնի անարժան մարդու որակումը, որն ավելի շատ հենց իրեն է բնորոշում: Բայց «թատերականացված» մի ներկայացման դեկտեմբերի 14-ին՝ տղաների վերադարձի հաջորդ օրը, բոլորս ականատես եղանք. դա ՔՊ-ի փլուզվող վարկանիշի հենքին Փաշինյանին մեծարելու առթիվ էր: Գրեթե՝ «Աբաջյանի պապիկ»-2:

Դիտմամբ բերվեցին երկրի ամենահանգուցային պաշտոնյաների օրինակները, որպեսզի պարզ դառնա, թե որչափ խեղված պետք է որ լինեն քաղաքացիների արժեւորության մասով իշխանական միջին եւ ստորին օղակների պաշտոնյաների պատկերացումները: Մանավանդ՝ այն քաղաքացիների, որոնք հանիրավի հայտնվել են գերու վիճակում: Իսկ հավաստի տվյալները, որ Ադրբեջանում ջանում են խնամքով թաքցնել, հուշում են՝ այդ երկրում պահվող հայ գերիների ընդհանուր թիվը հատում է 100-ի սահմանը՝ ներառյալ Արցախի նախկին ռազմաքաղաքական պաշտոնատար անձինք: Ալիեւը գերիների վրա շատ է սեւեռված, կարողանում է նրանցից առավելագույնը ստանալ՝ հարմար պահին որպես հաղթաթուղթ օգտագործելով:

Արտահերթ նախագահական ընտրությունների գնացող Իլհամի համար «2:32» գործարքը կարող է բավական շահավետ լինել: Առանձնակի վտանգավոր իր երկու դիվերսանտ-մարդասպանի դիմաց, որոնցից մեկը ծանրացուցիչ հանգամանքներում հանցագործության համար ցմահ ազատազրկման էր դատապարտված, մյուսը՝ 11 տարվա բանտարկության, վերադարձնում է 32 հայ ռազմագերի, որոնց պատժաչափի մեծ մասն արդեն «նստված» էր, եւ կարճ ժամանակ անց, միեւնույն է, պետք է ազատ արձակվեին: Կարծում եմ՝ պարզ է, թե ինչպիսի ցնծությամբ են հայրենիքում դիմավորել հերթական «հայ կացնահարող» իրենց ռամիլսաֆարովներին: Ալիեւին այդ վարկանիշը խիստ անհրաժեշտ է գալիք փետրվարի 7-ից առաջ:

Բայց ամենահետաքրքիրն ուրիշ բան է. եթե իրենց պատժի մեծ մասը կրած հայ շարքային ռազմագերիների դիմաց Իլհամը ոչ թե ազերի ռազմագերներ է փոխանակում, որը չունենք էլ, այլ ցմահ բանտարկության ու երկարատեւ ազատազրկման դատապարտված քրեական 2 հանցագործ, դժվար է երեւակայել, թե ինչ կարող է պահանջել՝ վերադարձնելու համար Արցախի նախկին 3 նախագահներին, պետնախարարին, ԼՂՀ վերջին ԱԺ նախագահին, ԱԳ նախարարին, բարձրաստիճան զինվորականներին ու քաղաքացիական այն անձանց, որոնց Ադրբեջանի իրավապահ մարմինների ծառայողները ձերբակալել եւ Բաքու էին տարել սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ հարձակումից հետո՝ Բերձորի անցակետից, որի համահեղինակը, չզարմանաք, մեր Փաշինյանն էր:

Ավելին՝ ըստ օդում կախված լուրերի, նրա անուղղակի օժանդակությամբ էր գլուխ բերվել հոկտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ռուբեն Վարդանյանի, գուցեեւ գերեվարվածներից էլի ոմանց ձերբակալությունը: Շուտով երեք ամիսը կլրանա, սակայն Երեւանը մատը մատին չի տվել ութ գերեվարվածների գործով, որոնք ծոցագրպաններում ՀՀ քաղաքացու՝ կապույտ գույնի անձնագիր են կրում, եւ որոնք ապօրինաբար չորսամսյա կալանքի տակ են վերցվել Բաքվում կամ դատվում են՝ առանց որեւէ հիմնավոր պատճառի: Գործիչներ, որոնք մեծ ավանդ ունեն Արցախի ու Հայաստանի հայրենակերտման աշխատանքներում: Իսկ փաշինյանական իշխանակարգը ծպտուն չի հանում, քանզի «Արցախ» բառի հետ կապված անհաղթահարելի վախ ունի:

«Ութի խմբից» ամենաառաջին գերեվարվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր՝ հայտնի գործարար, մարդասեր ու բարերար, որն այդ օրը փորձում էր ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ լքել Արցախը, բայց… Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է ահաբեկչությունը ֆինանսավորելու, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար՝ երեք ծանրագույն մեղադրանք: Ամերիկյան հեղինակավոր «Forbes» ամսագիրը՝ «Ինչի՞ վրա է ծախսել գումարներն ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը» վերնագրով հոդվածում, անդրադարձել է Վարդանյանի՝ ՀՀ-ում իրականացված ծրագրերին:

Պարբերականը ներկայացրել է նրա կենսակոչած կրթամշակութային, զբոսաշրջային, ենթակառուցվածքային, մարդասիրական, սոցիալական խոշոր ծրագրերը՝ ի մասնավորի «Տաթեւի վերածնունդը», Դիլիջանի միջազգային դպրոցը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ այլն: Նշվում է, որ Վարդանյան ընտանիքի ու նրա գործընկերների կողմից 2001-2023 թթ. շուրջ 700 մլն դոլարի ներդում է իրականացվել Հայաստանում եւ Արցախում: Տնտեսական զարգացման ոլորտի ներդրումներից բացի, մոտ 430 մլն դոլար ուղղվել է վերը թվարկված ոլորտներին՝ գումարած գիտության ու տեխնոլոգիաների, առողջապահության ու ագրոբնապահպանական նախագծեր, որոնք հեռավոր կապ անգամ չունեն ահաբեկչության ֆինանսավորման հետ:

Վարդանյանի հետ այդ նույն օրերին քաղաքական դրդապատճառներով ապօրինաբար ձերբակալվածների ու Բաքու տարվածների շարքում էին նաեւ ԼՂ հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ նախկին ու ներկա այլ պաշտոնյաներ՝ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, գեներալներ Լեւոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Արցախի վերջին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Շատ այլ հայեր եւս շարունակում են կամայականորեն բանտարկված մնալ։ Միակ անձը, որն, ի դեպ, Փաշինյանի կողմից Արցախ էր գործուղված՝ այնտեղ զուտ խառնակչություններ հրահրելու նպատակով, Սամվել Բաբայանն էր, որ հանգիստ ու անվնաս անցավ Հակարիի «ծուղակը»:

Ճիշտ է, ՀՀ պետական կառույցները՝ այդ թվում հայրենի կառավարությունը, չեն խախտում «լռության ուխտը», սակայն բարի կամքի տեր մարդիկ տեղի ունեցածով խիստ մտահոգ են: Դեկտեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 150 գործարար, հումանիտար եւ քաղաքական գործիչներ Ալիեւին կոչ են արել ազատ արձակել ապօրինի կալանավորված հայերին՝ նշելով, որ այդ անձինք կալանավորված են ներպետական եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներով՝ ներառյալ մարդու իրավունքների ՄԱԿ-ի եւ եվրոպական կոնվենցիաները, որոնց միացած է Ադրբեջանը:

«Յուրաքանչյուր օրը կարեւոր է բանտարկյալների կյանքի համար: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի նրանց ազատումը։ Նախագահ Իլհամ Ալիեւին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալված բոլոր անձանց»,- մասնավորապես ասված է գործարար աշխարհի հայտնի դեմքերի, բարեգործների եւ քաղաքական գործիչների տարածած հաղորդագրության մեջ:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: