Դավիթ Պետրոսյան, «Կարսի 1920թ. ինքնասպանները», մենագրություն, Երեւան, ՎՄՎ Պրինտ, 2019թ.:
Դավիթ Պետրոսյանի նոր աշխատությունը լուսավորում է «Կարսի 1920թ. անկման» իրական պատճառները, մեկտեղում է այդ օրերի բարոյահոգեբանական դրությամբ պայմանավորված ինքնասպանությունների մանրամասները` որոշակիացնելով մինչ այս ցաքուցրիվ եղած պատկերը:
Բոլշեւիկադաշնակցական հակամարտության վրա հենված պատմագրությունը «Կարսի 1920թ. անկումը» քննելիս՝ շեշտը հիմնականում դրել է արտաքին պատճառների վրա: Այնինչ ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր արտաքին ու դիվանագիտական պատճառներն ածանցյալն են ներքին խորքային պատճառների:
Այդ օրերին տիրող գաղափարական, ռազմական, բարոյահոգեբանական, վարչաիրավական դրությունը հանգեցրել էր բարոյալքության, դավաճանության, դասալքության, թալանի, խորացրել եղած օտարամոլությունն ու անտարբերությունը՝ որձատելով թե՛ ռազմաճակատը, թե՛ թիկունքը: Եվ եթե պատմագիտությունը Կարսն առանց դիմադրության թշնամուն տալու հարցում փնտրում է մեղավորներ, ապա առաջին հերթին պիտի գտնի «ՄԵՆՔ»-ի մեջ: «ՄԵՆՔ»-ից դուրս չկա ապաշխարություն…