Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Երբ բացակայում են չափորոշիչները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հանրային եւ քաղաքական կյանքում չափորոշիչներ սահմանելու համար պատասխանատուն պետությունն է, իսկ պետության քաղաքականությունը ձեւավորում է քաղաքական իշխանությունը: Պետության պարտականությունը ոչ միայն չափորոշիչների սահմանումն է, այլեւ դրանց պահպանության ապահովումը։ Երբ քաղաքական իշխանությունը զլանում է իր պարտականությունները կատարել` հանրության գիտակցության մեջ սկսվում է բրուոնյան շարժում, որի հետեւանքը ամենաթողությունն է։

Այդ ամենաթողությունը Հայաստանում արտահայտվում է դատավարությունների ժամանակ դատավորի ու փաստաբանի հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնելով, անգամ հրապարակավ նրանց երեսին թքելով, փողոցներ փակելով, քաշքշուկներով եւ ծեծկռտուքներով։ Ըստ էության, Հայաստանում սկսել է «փողոցային արդարադատության» նոր ինստիտուտ կազմավորվել։ Թիրախում են հայտնվել դատական համակարգը, դատավարական գործընթացի երեք դերակատարները` դատավոր, մեղադրող եւ դատապաշտպան:

Նախորդ իշխանությունների «արդյունավետ» ջանքերի շնորհիվ դատական իշխանությունը հեղինակազրկվել էր, իսկ այսօր այդ հեղինակությունը սկսել է գահավիժել։ Գործող իշխանությունը մի կողմ է քաշվել հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում եւ, մասնավորապես, դատաիրավական համակարգում աղճատված չափորոշիչները վերակենդանացնելու խնդրից: Հասարակական գիտակցության մեջ չի ամրացվում այն պարզ գաղափարը, որ պետությունը եւ օրենքը նույնական հասկացություններ են: Չկա օրենք` չկա եւ պետություն: Իսկ դատական վարույթները պետության հիմնաքարային գործընթացներ են:

Ամենացավալին ու մտահոգիչն այն է, որ դատարանների ու փաստաբանների նկատմամբ ճնշումների գործադրումն արդարացնում են նաեւ կիրթ անձինք` դասախոսներ, մանկավարժներ, լրագրողներ եւ այլք։

Նկարագրված իրավիճակն, անշուշտ, ունի նաեւ իր մյուս երեսը՝ քաղաքական բաղադրիչը։ Ինչպե՞ս սկսվեց դատական համակարգի վարկաբեկումը եւ որո՞նք էին դրա քաղաքական պատճառները։ Անցած դարի 90-ականներին դատական համակարգը քաղաքական իշխանությանը խանգարում էր վայրի սեփականաշնորհման ու քաղաքական սպանությունների միջոցով իրենց ընդդիմացողների սանձահարման գործընթացին:

Դատավորներն ու դատախազները խորհրդային կադրեր էին, որոնց համար «հեղափոխականները» փողոցի մարդիկ էին, եւ նրանց ընդդիմանում էին: Իրենց նշանակման համար դատավորներն ու դատախազները պարտական էին նախկին իշխանությանը եւ նորերի առջեւ որեւէ պարտավորություն չունեին։ Դատական իշխանության սանձումը «երկարատեւ ու քրտնաջան աշխատանք» էր պահանջում։ Արդյունքում սպանվեցին դատախազներ (այդ թվում` գլխավոր դատախազ), իսկ փաստաբանների, բազմաթիվ հանցագործությունները լուսաբանող  լրագրողների ծեծը սովորական երեւույթ էր: Մի շարք օրենքներ ընդունվեցին, որպեսզի դատավորները դառնան ձեռնասուն: Ու այդպես մենք ստացանք այն, ինչն այսօր ունենք:

Հիմա պատկերը կրկնվում է` գործող դատավորների, դատախազների եւ քննիչների համար ներկաները «փողոցի մարդիկ» են, որոնց հանդեպ ոչ մի պարտավորություն չունեն: Նրանք նախկին իշխանության կադրերն են։ Այժմ սանձահարելու հերթը նրանցն է: Դատական իշխանությանը վերաենթարկեցնելու մեխանիզմներ են ստեղծվում, եւ փողոցը դրա համար լավագույն միջոցներից է:

Հայտնի դատավարությունները փողոցի աջակցությունն ունեն, սակայն թիրախը դատվողները չեն, այլ դատավորներն ու փաստաբանները: Այդ դատավարություններն, այսպես կամ այնպես, կանցնեն-կգնան, կմնան ահաբեկված դատավորներն ու կամազուրկ փաստաբանները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: