Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Նոր աշխարհակարգի մշակման պահանջն աներկբա է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ղազախստանյան դեպքերը համաշխարհային քաղաքականության համար նշանակալի իրադարձություն են: Նախ՝ այն տեղի ունեցավ հունվարի 10-ին Ժնեւում մեկնարկած՝ Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների նախաշեմին, ինչը պատահական չէր: Ռուսաստանը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն իր կազմում չընդգրկի նախկին Խորհրդային Միության երկրներ եւ գրավոր կերպով տա անվտանգության երաշխիքներ: Հակառակ դեպքում՝ Ռուսաստանը սպառնում է ավտանգության սեփական միջոցառումներն իրականացնել, բայց թե կոնկրետ ինչպիսի միջոցառումներ՝ չի բացահայտում: Այս առումով Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի տեղակայումը, կարծես թե, բացի որոշակի նշանակությունից, նաեւ խորհրդանշական երանգ է ստանում:

Շատերը Ռուսաստանին մեղադրում են Խորհրդային Միությունը վերականգնելու ցանկության մեջ: ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ աշխարհը փոխվել է, եւ Յալթայի աշխարհակարգից հետո ձեւավորված կարգը, որը ենթադրում է աշխարհի բաժանում ըստ ազդեցության գոտիների, մնացել է անցյալում, այլեւս նման մոտեցումներն անթույլատրելի են: Սակայն, մյուս կողմից, ՆԱՏՕ-ն, որը ձեւավորվել էր այդ տրամաբանության մեջ, լուծարման չի ուզում գնալ, շարունակում է գոյություն ունենալ: Ավելին՝ ընդլայնվում է, եւ սա երկակի չափորոշիչների դասական օրինակ է:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Չինաստանը Ղազախստանի գործող ղեկավարությանն իր աջակցության մասին է հայտնել եւ, միաժամանակ, IT ոլորտում օգնություն տրամադրել ցուցարարներին ճնշելու համար: Սա երկրորդ նշանակալի իրադարձությունն է՝ Չինաստանն ու Ռուսաստանը միասնական դիրքերից են հանդես գալիս՝ փորձելով խոչընդոտել իրենց միջեւ գտնվող տարածքում այլ երկրների ներկայություն թույլ չտալը:

Կա նաեւ երրորդ՝ թերեւս ամենահետաքրքրական պահը. հարվածի տակ է դրվել «Թյուրքական աշխարհի» նախագիծը՝ մի հղացում, որը Ղազախստանին էր վերապահում Կենտրոնական Ասիայի առաջամարտիկի դերը: Ու հիմա Թուրքիայում լսվում են ձայներ, թե այդ նախագծի հաջողությունը կասկածի տակ դրվեց Ղազախստանում ՀԱՊԿ-ի, այլ ոչ թե թյուրքական պետությունների Կազմակերպության զորքերի տեղակայմամբ: Թուրքիայում համոզված են, որ միայն իրենց երկրի միջոցով Կենտրոնական Ասիան կարող է ինտեգրվել Եվրոպական միությանը: Սա եւս հավելյալ ինտրիգ է հաղորդում ղազախական դեպքերին:

Թուրք քաղաքական գործիչներն ու մեկնաբանները հատկապես դժկամությամբ են ընդունում, որ Հայաստանի նախագահությամբ կազմակերպությունը ռազմական ուժ մտցրեց Ղազախստան: Անշուշտ, ռազմական ու քաղաքական իր կշռով Հայաստանը նշանակալի տերություն չէ, սակայն «Թյուրքական աշխարհի» տեսանկյունից ամեն դեպքում թշնամի պետություն է (հավանաբար՝ այն պատճառով, որ «Թյուրքական աշխարհի» նախագծից ամենաշատ տուժողն է լինելու), եւ Հայաստանի մասնակցությունը նրանց համար ունի խորհրդանշական ազդեցություն:

Այսպիսով՝ գլոբալ առումով տեղի է ունեցել հետեւյալը. Խորհրդային Միության փլուզումից հետո կազմավորվել է միաբեւեռ աշխարհ, որի միակ պատասխանատուն Միացյալ Նահանգներն էր: Դա ԱՄՆ հզորության գագաթնակետն էր։ Սակայն դրանից հետո նոր իրավիճակ է ստեղծվել. Չինաստանը տնտեսական որոշ բնութագրիչներով արդեն գերազանցում է ԱՄՆ-ին, տասը տարուց հետո էլ, ըստ փորձագետների որոշ հաշվարկների, կարող է նրան հետեւում թողնել ռազմականորեն: Ռազմական տեսակետից Ռուսաստանն, իր հերթին, վերականգնվել է, եւ Չինաստան-Ռուսաստան տանդեմի ձեւավորման պարագայում ուժերի հավասարակշռության փոփոխությունը հօգուտ վերջինիս ակնհայտ կդառնա։ Մինչ այդ, աշխարհի կայունությունը վտանգի տակ է, եւ ժամանակի ընթացքում ուժերի անհավասարակշռության ճոճանակն ավելի մեծ տատանումներ է տալու։ Հարցեր են ծագում՝ իսկ ի՞նչ սկզբունքների վրա է կառուցվելու ապագա աշխարհակարգը, ովքե՞ր են լինելու առանցքային երկրները, ի՞նչ հարաբերություններ ու խաղի կանոններ են գործելու։

Ռուսաստանի՝ ԱՄՆ-ին ուղղված «վերջնագիրը» պետք է դիտարկել ոչ թե ռուս-ամերիկյան հարաբերությունների, այլ նոր աշխարհակարգի կանոնների մշակման համատեքստում։ Կարծես թե՝ հենց սրանք են լինելու աշխարհի մոտակա տարիների կարեւորագույն հարցերը, որոնց շուրջ քննարկումները չեն կարող ընթանալ առանց ցնցումների։ Այնպես որ, նոր աշխարհակարգի մշակման պահանջն աներկբա է, այն այլընտրանք չունի։ Եվ մեզ անհանգիստ տարիներ են սպասվում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: