Միջազգային հարաբերություններում մեծ տեղաշարժեր են կատարվում: Արցախի պատերազմը կարելի է համարել այդ փոփոխությունների դրվագներից մեկը: Հիշենք, որ պատերազմից հետո ամրապնդվեցին Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, որն իր համար անփոխարինելի միջանցք է դեպի Միջին Ասիա։ Իսկ «Թյուրքական աշխարհը», ինչպես հայտնի է, լծակ է ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի: Եվ ո՞ւմ ձեռքին է այդ լծակը: Բնականաբար՝ նրանց, ովքեր ցանկանում են սահմանափակել այդ երկրների տնտեսական եւ աշխարհաքաղաքական հնարավորությունները։
2009 թվականին ստեղծված Թյուրքական երկրների խորհուրդը 2021-ի նոյեմբերին Ստամբուլում տեղի ունեցած թյուրքալեզու երկրների գագաթաժողովի ընթացքում վերանվանվեց Թյուրքական պետությունների կազմակերպության, որն ավելի սերտ ինտեգրացման հայտ էր: Խորհրդանշական է, որ դա տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո եւ գագաթաժողովի ընթացքում մասնակիցների կողմից որակվեց որպես թյուրքական պետությունների մեծ հաղթանակ: Խորհդանշական է նաեւ, որ 2009-ին Թյուրքական երկրների խորհուրդը ստեղծվել էր Նախիջեւանում՝ Երեւանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։
Դեռեւս 1995-ին Ղըրզստանի մայրաքաղաք Բիշքեկում ղըրղզական էպոսի՝ «Մանաս»-ի 1000-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Դեմիրելը հայտարարել էր, որ Միջին Ասիան Թուրքիային միավորող ավտոճանապարհի կառուցումն իրենց առաջնային խնդիրն է։ Ինչպես տեսնում ենք, բոլոր այս դեպքերն առնչվում են Հայաստանին։ Նախատեսվող ավտոճանապարհը, անշուշտ, անցնելու է Հայաստանով։
Բոլորն արդեն ընդունում են, որ միջազգային հարաբերություններում կարեւորագույն փոփոխություններ են տեղի ունենում, եւ մենք այլեւս չենք կարող խոսել միաբեւեռ աշխարհակարգի մասին, որը հաստատվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ռուսաստանն այժմ ավելի ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում, Չինաստանի տնտեսական ու ռազմական աճի մասին խոսելն ավելորդ է՝ դա ակնառու է, իսկ Իրանն ավելի վստահ ու ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն է վարում։
Հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչ նոր աշխարհակարգ է ձեւավորվելու՝ երկբեւե՞ռ, թե՝ բազմաբեւեռ եւ, ամենակարեւորը, ի՞նչ սկզբունքներ ու ի՞նչ արժեհամակարգ է դրվելու այդ նոր աշխարհակարգի հիմքում. լինելո՞ւ է արդյոք կայուն համակարգ, թե՞ քաոսային կերպով է զարգանալու, նոր աշխարհակարգը հակամարտություններո՞վ է հաստատվելու, թե՞, այնուամենայնիվ, հնարավոր կլինի դրանցից զերծ մնալ եւ այդ փոխակերպումը հաղթահարել պայմանավորվածությունների միջոցով։
Հիմա կրկին դառնանք Թյուրքական աշխարհին։ Ակնհայտ է, որ դրան փորձում են կարեւոր դերակատարություն տալ եւ օգտագործել Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ՝ որպես այդ երկրների առաջխաղացումը զսպելու գործոն։
Կարելի կլիներ այս ամենը համարել որպես մեծ տերությունների խնդիր. ինչպես իրենք որոշեն՝ փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, կենթարկվեն ու կհարմարվեն: Սակայն մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ հակամարտությունների թատերաբեմում ենք հայտնվել, եւ այդ փոխակերպումները կարող են մեր հաշվին կատարվել, ինչպես եղավ Արցախյան պատերազմի ժամանակ: Եվ ապագայում եւս մենք չենք կարողանա խուսափել այդ փոփոխությունների ազդեցություններից։
Հիմա հատկապես կարեւոր է հասկանալ, թե ուր են տանում զարգացումները, ինչ վտանգներ ու հնարավորություններ կարող են լինել մեզ համար եւ ինչպես կարելի է հնարավորինս ճկուն քաղաքականություն վարելով՝ ոչ միայն դիմակայել մարտահրավերներին, այլեւ օգտվել պատեհությունից։