Վերջին տարիներին Հայաստանում «մտավորական» բառը վիրավորական երանգ է ստացել։ Ինչո՞ւ է այդպես ստացվել։ Հարցը կարծես թե հռետորական է հնչում, որովհետեւ պատասխանն ակնհայտ է։ «Մտավորական» հասկացությունը վարկաբեկվել է, քանի որ շատ մտավորականներ սպասարկում են իշխանությանը՝ հին, թե նոր։
Դեռեւս խորհրդային շրջանում մտավորականները եւս ծառայություններ մատուցող դասակարգ էին: Իհարկե՝ ոչ բոլորը, կային նաեւ այլախոհ մտավորականներ։ Սակայն տարբերությունը մեծ է՝ Խորհրդային Միությունը գաղափարականացված կայսրություն էր, եւ մտավորականները պետական նոմենկլատուրայի մաս էին կազմում: Արվեստը եւ մշակույթը ծառայում էին պետության քաղաքականության իրականացմանը։ Բնականաբար, այդտեղ նույնպես պահանջվում էր պատշաճ ստեղծագործական ձիրք, եւ այդ իմաստով մրցակցության որոշակի չափանիշ գոյություն ուներ։ Պատահական չէ, որ կոմունիստական խստացված գաղափարական վերահսկողության պայմաններում ստեղծագործող մտավորականները՝ որպես ժառանգություն, թողել են մեզ լուրջ եւ մնայուն արժեքներ։
Պետությունը նրանց կերակրում, աճեցնում եւ ստեղծագործական աշխատանքի բարվոք պայմաններ էր ապահովում: Մտավորականության գաղափարախոսական հենքը հիմնականում նույնն էր եւ, որպես կանոն, բխում էր Խորհրդային Միության արժեհամակարգից, սակայն նրանք, ովքեր չէին կիսում այդ սկզբունքները, նույնպես գաղափարականացված էին՝ անշուշտ հակառակ նշանով։ Երկու խմբեր էլ ունեին համոզմունքներ կամ, պարզապես, կարողանում էին խնամքով պատսպարվել որոշակի համոզմունքների ծխածածկույթում։
Այլ է հետխորհրդային Հայաստանի մտավորականների ճակատագիրը՝ չկան գաղափարականացված մտավորականներ ու այլախոհներ։ Չկա պետության վերահսկողությունը, չկա նաեւ նրանց կերակրելու եւ աճեցնելու պատճառ, որովհետեւ պետությունը նրանց առջեւ խնդիրներ չի դնում։
Ինքնահոսի մատնված բազմաչարչար հայ մտավորականները ստեղծագործական ճգնաժամի մեջ են հայտնվել՝ չկա պատվեր, չկան միջոցներ։ Մինչեւ 2018 թվականը իշխանությունը հովանավորում էր շոու բիզնեսին, որը զվարճացնում էր իշխողներին՝ վերջիններիս ճաշակին համահունչ, եւ փորձում էր զբաղեցնել ժողովրդական զանգվածներին, երբ անհրաժեշտություն էր առաջանում հեռուստատեսությամբ ու պաշտոնական արարողությունների ժամանակ ինչ-որ միջոցառումներ կազմակերպել։ Իրեն զվարճացնողների հանդեպ իշխանության սերն արտահայտվում էր պաշտոնական միջոցառումներին նրանց հրավիրելով, իսկ առավել հաջողակներին ու աչքաբացներին խորհրդարան տանալով՝ որպես լավ կոճակ սեղմողների։ Փոխվել են ժամանակները, փոխվել են նաեւ բարքերը՝ շոու բիզնեսի աստղերն այլեւս մտավորականներ չէին եւ, առհասարակ, նրանց առջեւ նման պահանջ չէր դրվում։
2018-ից հետո սուղ կադրային ներուժի բացակայության պատճառով ժամանակին ճիշտ կողմնորոշված «հեղափոխական» շոու աստղերը հայտնվեցին պետական բարձր պաշտոններում, իսկ նախկինների սիրելիները մնացին «փողոցում»։
Այս ամենով պայմանավորված՝ «մտավորականները», որպես դասակարգ կամ հանրային դերակատարություն ունեցող շերտ, կարծես թե, լքում են պատմության թատերաբեմը՝ մեր հիշողության մեջ մնալով որպես անցյալի մնացուկ։ Պարզ է, որ չգաղափարականացված պետությունը նման շերտի պահանջ այլեւս չունի, իսկ ազատ ստեղծագործողները միայն իրենց վրա կարող են հույս դնել։
Լավ է, թե վատ այս վիճակը՝ մոտեցման խնդիր է, սակայն կարող ենք բերել արեւմտյան քաղաքակրթության օրինակը, որտեղ «մտավորականություն» հասկացություն, որպես այդպիսին, չկա։ Կան շոու բիզնեսի աստղեր, կան նաեւ ինտելեկտուալներ, գիտնականներ, փորձագետներ, որոնք իրենց ոլորտներում մասնագետներ են, բայց հանրային դերակատարություն ունեցող շերտ չեն՝ նրանք բոլորը տարբեր են։
Այսպիսով՝ երեւի պետք է հրաժեշտ տալ մտավորականությանը՝ որպես երեւույթ եւ դռները լայն բացել ինտելեկտուալների առջեւ։