«Det nya landet»-ը շվեդերեն նշանակում է «Նոր երկիր», որի իմաստը «Նոր Շվեդիա» կառուցելն է, այսինքն՝ նոր արժեքների վրա հիմնված երկիր, որտեղ բոլորը բոլորին հանդուրժում են, հատկապես՝ վտարանդիներին, որտեղ ավանդական արժեքներին պետք է փոխարինեն նոր արժեքները։ Դա պետական քաղաքականություն է։ Ինչպես տեսնում ենք, Շվեդիայում «Նոր Շվեդիա» կառուցելու եւ «Հին Շվեդիան» մերժելու համար հեղափոխության կարիք չեղավ, ինչպես Հայաստանում, սակայն դրանից երեւույթի տրամաբանությունը չի փոխվում։
Ամերիկայում նույնպես սկսվել է «Հին Ամերիկան» մերժելու գործընթաց, նույնը Մեծ Բրիտանիայում է կատարվում, այնտեղ եւս «Հին Բրիտանիայի» մերժման ուղղություն են վերցրել։ Այդ «մերժումները» տարբեր կերպ են իրականացվում, սակայն նպատակը մեկն է՝ ստեղծել ինչ-որ «նոր աշխարհ»։ Ամերիկայում եւ Բրիտանիայում մերժումն արտահայտվում է արձանների դեմ պատերազմով՝ պատվանդաններից ցած են նետվում «հին հերոսների» արձանները, որոնք զբաղվել են ստրկավաճառությամբ, հնդկացիների հանդեպ դաժան վերաբերմունք են ցուցաբերել կամ, ինչպես Բրիտանիայում, Կրոմվելի դեպքը, ով իռլանդացիների կոտորած էր իրականացրել եւ որի քաղաքականության հետեւանքով իռլանդացիները սովի էին մատնվել։ «Նոր Ուկրաինայում» ու «Նոր Չեխիայում» տապալում են կոմունիստական գործիչների ու խորհրդային զինվորականների արձանները, եւ այսպես շարունակ։
«Նոր Հայաստանում» պայքարում են ամեն տեսակի «հնի» դեմ՝ լինի «հին» կոռուպցիա ու կոռուպցիոներ, թե եկեղեցի ու հայագիտություն։ Ինչպես երեւում է, մեզանում պայքարը եղած արժեքների դեմ է եւ հանուն «նոր արժեքների»: Ու այդ պայքարը չի սահմանափակվում երկրների սահմաններով, այն համաշխարհային գործընթաց է, սակայն որպես երեւույթ՝ նոր չէ։ Ժամանակին նույնպես նման պայքար եղել է, որը սկսվել է XIX դարում, բայց այն ժամանակ կարգախոսը «նորը» չէր, այլ՝ «երիտասարդը»։ Շատ կարճ ժամանակում Եվրոպայում եւ Ասիայում ստեղծվում էին հեղափոխական շարժումներ՝ «Երիտասարդ Իտալիա», «Երիտասարդ Մակեդոնիա», «Երիտասարդ Սերբիա…»։
Ի միջի այլոց՝ ՀՅԴ-ն ստեղծվել է «Երիտասարդ Հայաստան» կոմիտեի բազայի վրա, իսկ Թուրքիայում հեղափոխություն արեցին «երիտասարդ թուրքերը»։ XIX դարում այդ «երիտասարդական» շարժումների միջոցով կործանվեցին կայսրություններ ու դրանց հիման վրա ստեղծվեցին «ազգային պետություններ»։ Դրանք ազգային-ազատագրական շարժումներ էին, որոնք ուղղված էին կայսրությունների դեմ: Հիմա, կարծես թե, գործընթացները հակառակ ուղղությամբ են զարգանում, «նոր» շարժումները հիմնականում ղեկավարվում են իշխող քաղաքական ուժերի կողմից, այսինքն՝ վերեւից եւ ունեն հակառակ միտումը՝ ուղղված են ազգայնականության, ավանդույթների, կրոնի դեմ։
Թե որոնք են «հին արժեքները»՝ հասկանալի է, սակայն «նոր արժեքներ» ասվածը այնքան էլ հասկանալի չէ: Հատկապես անհասկանալի է, թե այդ նոր արժեքների հիմքով ինչպիսի «նոր աշխարհ» է ստեղծվում եւ արդյունքում ինչ ենք ստանալու։ Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ 2018-ին հայտարարված «Նոր Հայաստանը» մեկ մարդու մտքի թռիչքից ծնված կարգախոս չէ. այն գլոբալ ինչ-որ մտահղացման արձագանք է կամ, միգուցե, Հայաստանում իրականացված փորձի չհաջողված արգասիք: