Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Այլընտրանքի հրամայականը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Գործող կառավարության հեղինակությունը գնալով ընկնում է, թեեւ ավելի ճիշտ կլինի ասել՝ ցած է սլանում: Զուգընթացաբար մեծանում է այն մարդկանց թիվը, որոնց կարծիքով՝ Հայաստանում քաղաքական փոփոխություններն այլընտրանք չունեն:

Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է՝ կառավարությունը տապալել է այն ամենը, ինչը հնարավոր է: Բացի, փառք Աստծո, բուն Հայաստանի պետականության դե յուրե վերացումից, ինչի հնարավորությունը, սակայն, այնքան էլ անհավանական չէ: Արցախում պարտություն ենք կրել ու կորցրել տարածքներ, ավելին՝ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը Պրահայում հրաժարվել է Արցախից: Երկրում բարոյահոգեբանական մթնոլորտն օրըստօրե ավելի անտանելի է դառնում, բոլոր ոլորտները ձախողված են կամ շատ մոտ են դրան, իսկ կադրային քաղաքականությունը կարելի էր զավեշտալի համարել, եթե արդյունքներն այդքան ողբերգական չլինեին:

Այսպիսով՝ կառավարության հրաժարականի խնդիրն օրակարգային գերակայությունների թվումն է, բայց որքան էլ տարօրինակ լինի՝ զանգվածային ցույցեր մենք չենք տեսնում: Սա հանրային ապատիայի՝ անտարբերության հիվանդագին վիճակի հետեւանք է՝ երբ մարդ սկսում է հաշտվել ճակատագրի հետ, ինչպես զոհն է համակերպվում իր վախճանի հետ եւ  այլես չի դիմադրում: Նման իրավիճակներ լինում են այն դեպքում, երբ փրկության ելքեր չեն գտնվում:

Արդյո՞ք մի ողջ երկիր համակերպվել է իր վախճանի հետ: Սա շատ հոռետեսական տարբերակ է, կարծում ենք՝ իրավիճակը պետք է բնութագրել որպես սպասողական: Մարդկային բանականությունը այլ սխեմաներով է աշխատում՝ ինչ-որ քայլ անելիս պետք է ունենալ ապագայի հեռանկար: Փորձենք, մասնավորապես, հասկանալ, թե որոնք են Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ որոնք՝ դրանց պատասխանները:

Այդ կարգի հարցադրումերը շատ են, պատասխանները՝ մշուշոտ: Օրինակ՝ Արցախի հարցում ո՞րն է մեր վարելիք քաղաքականությունը; ի՞նչ տարբերակներ ենք դիտարկում Սյունիքի հաղորդակցությունների խնդրում; միջազգային քաղաքականության առումով ովքե՞ր են մեր հնարավոր դաշնակցներն ու ախոյանները; անվտանգության ի՞նչ համակարգում պետք է Հայաստանը լինի՝ որքանո՞վ է տվյալ տարբերակն իրատեսական:

Կամ՝ ներքին քաղաքականության մեջ վարվելիք սոցիալական քաղաքականությունը. արդյո՞ք մենք կկարողանանք ունենալ արդարության վրա հիմնված հարաբերություններ, անկախ դատական համակարգ եւ այլն; ապագայում ի՞նչ են իրենցից ներկայացնելու կուսակցությունները՝ արդյո՞ք կենսունակ կլինեն արդար ընտրության ճանապարհով տնօրինելու երկրի ճակատագիրը; ովքե՞ր կարող են հանձառու լինել ու երաշխավորել ազատ, արդար ընտրությունների իրականացումը; արդյոք հիմա կա՞ որեւէ քաղաքական թիմ, որը կարող է ապագա կառավարության այլընտրանքային կազմ ներկայացնել հանրությանը եւ այլն, եւ այլն:

Սրանք այն հարցերի ոչ ամբողջական ցանկն է, որոնց պատասխանները մարդիկ ցանկանում են ունենալ գործող ապիկար իշխանակարգի դեմ հանրային ընդվզում մեկնարկելուց առաջ: Եթե այս հարցերի պատասխաններն անորոշ են, եւ չկա, մասնավորապես, կառավարության այլընտրանքային թիմ, դժվար է մարդկանց հանել փողոց եւ, առավել եւս, նրանցից ակնկալել վճռական պայքար՝ արմատական փոփոխության օրակարգով:

Մեկ անգամ՝ 2018-ին, առանց նմանատիպ խնդիրներ քննարկելու, հանրությունը ոտքի ելավ, իրականացրեց  իշխանության փոփոխություն եւ հայտնվեց «կոտրած տաշտակի» առջեւ: Երկրորդ անգամ ժողովուրդը չի կրկնի նույն սխալը: Դա անիրատեսական է: Եվ՝ անհեռանկարային:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: