Հայաստանում այդպես էլ չեն ձեւավորվում քաղաքական եւ սոցիալական արդյունավետ ինստիտուտներ: Ինչո՞ւ: Այս հարցը մեր առջեւ ամբողջ սրությամբ ծառացել է հատկապես հիմա, երբ գործող իշխանությունը հանրության ճնշող մեծամասնության համար դարձել է ոչ միայն անընդունելի, այլեւ՝ «ազգակործան պատուհաս»: Ոչ մի կերպ չի հաջողվում համերաշխվել, կազմակերպվել եւ, ի վերջո, իրավիճակ փոխել. անզոր են թե՛ քաղաքական ու սոցիալական ինստիտուտները, թե՛ ընդդիմությունը: Հիմնական խնդիրը, թերեւս, ինքնակազմակերպվելու ունակության բացակայությունն է:
Բայց սա, կարծես թե, հետեւանքն է, իսկ սկզբնապատճառը մեզանում չկայացած միջանձնային հարաբերություններն են, ավելի ստույգ՝ դրանց կանոնները, որոնց վրա պիտի ձեւավորվեին մյուս բոլոր ինստիտուտները: Այդ կանոնները ոմանք անվանում են ազգային գաղափարախոսություն, իսկ ավելի բարձր մակարդակներում՝ մշակույթ, բայց էականն այն է, որ հենց դրանց վրա են խարսխվում քաղաքակրթությունները:
Ժամանակին այս խնդիրն էին լուծում Աբրահամյան կրոնները՝ հուդայականությունը, քրիստոնեությունը եւ իսլամը: Հուդայականության մեջ 600-ից ավելի պատվիրան ու կանոններ կան, քրիստոնեության մեջ՝ 10, իսլամում դա շարիաթն է՝ իր բարդ կանոններով: Ինչի՞ մասին են այս պատվիրանները, օրինակ, քրիստոնեության մեջ, որի ձեւավորած քաղաքակրթության մեկ հատվածն ենք: Ընդամենը միջանձնային հարաբերությունների կանոնների մասին: Պարզ, սակայն շատ դժվար փուլերով անցած կանոններ, որոնք ժամանակին կարողացան փոխել աշխարհը:
Արեւմուտքում կրոնական ունիվերսալ կանոններին փոխարինելու եկան աշխարհիկ կանոնները, եւ առաջացան սոցիալական նոր գաղափարախոսություններ, որոնք նույնպես փորձում էին ստեղծել արդեն աշխարհիկ հասարակություններին համապատասխանող միջանձնային հարաբերություններ: Կախված նրանից, թե ինչ կանոններ ես ներդնում՝ ստանում ես համարժեք հասարակություն ու հանրային ինստիտուտներ կամ էլ դուրս ես մնում քաղաքակրթությունից, ինչպես այսօր մենք:
Չկան նման կանոններ՝ չկա հանրային փոխվստահություն, առանց որի հնարավոր չէ միմյանց հետ հարաբերվել, առավել եւս՝ դառնալ քաղաքական ազգ: Հարաբերվել ասելով՝ պետք է հասկանալ ընդհանուր արժեքների եւ ընդհանուր նպատակների շուրջ համերաշխություն ու համագործակցություն, որոնք փոփոխություններ են բերում: Ցավոք, մենք չունենք միմյանց հետ հարաբերվելու կանոններ ու սկզբունքներ, հետեւաբար չունենք փոխվստահություն, համերաշխություն եւ համագործակցություն:
Հիմա՝ հարց. ինչո՞ւ քաղաքական, հանրային դաշտում չի կայանում ընդդիմությունը: Որովհետեւ կորցրել ենք բոլորիս միավորող, համընդհանուր նպատակներն ու փոխընդունելի արժեքները: Իսկ եթե ավելի պարզ ձեւակերպենք՝ կորցնում ենք մեր ինքնությունը եւ պարզ չէ, թե ինչի շուրջ կամ հանուն ինչի պետք է գործենք միասնաբար: Ուրեմն պետք է փորձենք վերագտնել մեր ինքնությունը, այսինքն՝ նորովի վերաիմաստավորել անցյալը եւ սահմանել հարաբերությունների նոր կանոններ, որոնք թույլ կտան մեկընդմիշտ շրջել 2018-ից բացված ազգային թնջուկի ու ինքնաոչնչացման այս սեւ էջը: