Սահմանադրական իրավունքի հիման վրա անկախ Հայաստանի գաղափարը ծագել է Հնդկաստանի հայ վաճառականների միջավայրում։ 1788-89 թվականներին՝ Ֆրանսիական հեղափոխության նախաշեմին, Ամերիկյան հեղափոխությունից քիչ անց, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, բուրժուա-լուսավորչական գաղափարախոսության հիմնադիր, գրող Շահամիր Շահամիրյանը հրատարակում է «Որոգայթ փառաց» գիրքը, որտեղ այդ գաղափարն է առաջադրված:
Ինչո՞ւ Սահմանադրության վրա հիմնված անկախ հանրապետության գաղափարը ծագեց հենց վաճառականների գլխում։ Սա հասկանալու համար ստիպված ենք մի փոքր շրջայց կատարել 18-րդ դարի 80-90-ականները՝ թերթելով այդ անհանգիստ ժամանակների պատմության էջերը։
Պարսից ծոց-Տրապիզոն առեւտրային ճանապարհին գտնվող Նախիջանի Ջուղա քաղաքի հայ վաճառականներին Իրանի Շահ Աբաս արքան տեղափոխում է Սպահան՝ սկզբնական փուլում նրանց տրամադրելով 70 հազար թուման՝ միջազգային առեւտրում այդ գումարը «պտտեցնելու» եւ իրեն եկամուտներ ապահովելու համար: Իսկ նրանց ընտանիքներին, որպես երաշխիք, Սպահանում պատանդ է պահում, որ իրեն «չքցեն»։
Հայ վաճառականներն, ըստ էության, շահի առեւտրական գործակալներն էին, որոնց «տանիքը» պարսկական պետությունն էր, իսկ նախնական գումարը՝ շահի պալատի կապիտալը։ Հնդկաստանում առեւտրային գործունեություն իրականացնելու մոդելն այն ժամանակ մեծ տարածում ուներ՝ մասնավորապես Բրիտանահնդկական տարբեր ընկերությունների ձեւաչափով: Մինչ այդ գործում էր նմանատիպ Հարավհոլանդական-հնդկական ընկերությունը, որտեղ մեծ դեր ունեին Ամստերդամի հրեա վաճառականները: Երկար ժամանակ այդ ընկերությունները, ըստ էության, անկախ էին, ավելին՝ ունեին իրենց կառավարությունն ու զորամիավորումները:
Հետագայում, երբ Պարսկաստանը սկսեց անկում ապրել, իսկ Հնդկաստանում հայտնվեցին ֆրանսիացիները, հոլանդացիները, պորտուգալացիները եւ այլք, հայ վաճառականները մնացին առանց պետական «տանիքի» եւ, բնականաբար, հասկացան, որ առեւտրական գործունեության շարունակումն այլեւս անհնար է։ Պարսկաստանի անկմանը զուգընթաց անկում ապրեց նաեւ հայ վաճառականների դերակատարությունը։
Հնդկաստանի ու Պարսկաստանի հայ վաճառականները նաեւ հմուտ դիվանագետներ էին, որոնք նշանակալի տեղ ունեին միջազգային քաղաքականության մեջ։ Այդ ժամանակվա առեւտրային ընկերությունների ինքնուրույնությունը համադրելի է ներկայիս անդրազգային ընկերությունների կշռին, գուցեեւ ավելին էր։ Պատմության այս դասը զի՞նչ կցուցանե. հայ վաճառականների մեջ սեփական պետության պահանջարկը թելադրված էր իրենց կապիտալը որեւէ ապահով տեղ պահելու անհրաժեշտությամբ: Նման տեղ կարող էր լինել սեփական պետությունը։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի հայկական կապիտալն այժմ նման անհրաժեշտության առջեւ է հայտնվել: Նույնը կարելի է ասել, ընդհանրապես, Ռուսաստանում արդի բիզնեսի վրա հիմնված, տեխնոլոգիապես առաջատար մյուս ընկերությունների մասին: Այդ երկրում հատկապես խոշոր ու միջին կապիտալը սկսել է վերահսկվել պետության կողմից, եւ այս միտումը գնալով աճելու է։ Կապիտալը պահանջում է կայուն պետություն, որտեղ հարգվում է սեփականության իրավունքը: Սա նաեւ Հայաստանին է վերաբերվում:
Քաղաքական համակարգը ժողովրդավարական է, եթե հստակեցված են խաղի կանոնները, եւ մասնավոր սեփականությունը կախված չէ տվյալ պահի իշխանության քմահաճույքներից։ Պետությունը սպասարկում է իր քաղաքացիների սեփականությունն ու անվտանգությունը, ապահովում քաղաքական ու տնտեսական կայունություն, կանխատեսելի ապագա, ինչպես նաեւ ազգային կապիտալի հուսալիություն։
Սակայն, ինչպես տեսնում ենք, ժամանակակից հայկական կապիտալը դեռ այնքան հուսալի վիճակում չէ, որքան երեք հարյուր տարի առաջ Հնդկաստանում էր: Այն ավելի ինքնուրույն էր, չէր մասնակցում ազգային քաղաքական նախաձեռնություններին եւ, որ ամենակարեւորն է, դարձել էր սեփական պետական կազմավորում ստեղծելու ազդակ: