Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Անցյալի ստվերները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Թվում է՝ նախկին «օլիգարխների ակումբի»՝ ՀՀԿ-ի իշխանազրկումը պիտի որ հանրային գիտակցությունն ու երկրի քաղաքական դաշտը մաքրեր 28 տարվա ընթացքում կուտակված խնդիրների բեռից եւ անհուսորեն մաշված թեմաների քննարկումից: Նոր իրավիճակը պիտի որ հետաքրքրություն առաջացներ երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ արդիական խնդիրների հանդեպ: Կարծես թե նման միտում նկատվում է. ավելի հաճախ են խոսում Հայաստանի զարգացման ռազմավարության, նոր իշխանությունների կարողությունների եւ սխալների մասին: Հասարակությունում նոր սոցիալական պահանջարկի բյուրեղացում է ընթանում: Առաջին անգամ Հայաստանում կառավարության ծրագիրն աննախադեպ հետաքրքրություն եւ լայն բանավեճեր առաջացրեց: Սակայն նկատելի է նաեւ, որ անցյալից մնացած խնդիրների բեռը երկիրը դեռեւս դեպի անցյալ է քաշում: Այդ խնդիրները ցանկանում են ներխուժել նոր իրողությունների դաշտ` փորձելով երկիրը պահել իրենց ճիրաններում: Եվ բնավ կարեւոր չէ, թե ում ջանքերով է դա արվում:

Այս միտումը կարելի է անվանել անցյալի ստվերների էքսպանսիա: Իսկ այն արտահայտվում է ոչ միայն երբեմնի ազդեցիկ գործիչներին, այլ նաեւ անցյալի իրադարձությունների շուրջ բանավեճերը երկրի հասարակական-քաղաքական կյանք վերադարձնելու ջանքերում: Ընդ որում, այդպիսի ջանքեր ով ասես՝ գործի է դնում: Այսպես՝ Հայաստանի նոր իշխանությունները փորձում են «Մարտի 1»-ի թեման ամրապնդել հանրային գիտակցության մեջ: Եվ խնդիրն այստեղ 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող խաղաղ ցուցարարների գնդակահարության մեջ մեղավոր անձանց բացահայտելու ցանկությունը չէ: Դա անելու համար զանգվածային միջոցառումներ կազմակերպելու կարիք չկա: Խնդիրն ակնհայտորեն «Մարտի 1»-ի թեման յուրահատուկ գաղափարախոսական վահանի վերածելն է, որը նոր իշխանություններին կպաշտպանի քաղաքացիների տարբեր շերտերի բազմաթիվ պահանջներից: Արդյունքում երկրի գաղափարական մթնոլորտը լղոզվում է, հասարակությունն ակամայից վերադառնում է տասնամյակների վաղեմության դիսկուրսին՝ հեռանալով ներկա իրավիճակի հրատապ խնդիրներից:

Իր հերթին՝ Հայաստանի վարկաբեկված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է հասարակության վզին փաթաթել սեփական դիսկուրսը՝ իր կյանքի մասին գիրք հրատարակելով եւ բոլորին սպառնալով «անխուսափելի կորուստներով»: Հասկանալի է, որ այստեղ եւս ցանկություն կա տեղերով փոխել գերակայությունները եւ սեփական դիսկուրսի ստվերի տակ համախմբել այն մարդկանց, որոնք անբարեհարմարություն են զգում հեղափոխությունից:

Ուրիշ մեկն էլ, ով անսպասելիորեն հայտնվել է իշխանության Օլիմպոսում, բայց հոգեւոր դատարկության մեջ է, որոշել է պատմությունից վերհանել Հայաստանի օրհներգի թեման, որպեսզի գոնե ինչ-որ կերպ արդարացնի իր քաղաքական գոյությունը: Եվ ընդհակառակը՝ քաղաքական կյանքից դուրս մնացած գործիչների մի ստվար շերտ քաղաքական գործածության մեջ է վերադարձրել «ազատագրված տարածքների պաշտպանության» գաղափարը՝ մարտական ընկերներին կոչ անելով հավաքվել երթերի ու հանրահավաքների: Կարծես թե այս պահին խնդիրը ոչ մի հատուկ հրատապություն չունի, բայց նույնիսկ այստեղ ինչ-որ մեկը որեւէ ստվեր է փնտրում` արեւի տակ իր տեղը գտնելու համար:

Ինչ-որ տեղից հայտնված՝ ղարաբաղյան բանակի նախկին հրամանատարը որոշել է Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի օրինակով Արցախի Սահմանադրությունը հարմարեցնել իր քաղաքական ծրագրերին: Հնարավոր է՝ վաղուց մոռացված այս գործիչը որոշել է, որ դեռ կարող է ինչ-որ մեկին պետք գալ եւ իր ստվերի տակ հավաքել կյանքից դժգոհ մարդկանց: Այստեղ նույնպես պետք եկավ «անխուսափելի կորուստներով» հասարակությանը շանտաժի ենթարկելու հայեցակարգը:

Դե իսկ Հայաստանի առաջին նախագահի «ստվերի» մասին անգամ խոսել չարժե. նրա կողմնակիցներն ու հակառակորդները նրան ոչ մի կերպ չեն թողնի հանգիստ զբաղվել իր գործերով:

Էլի շատ բաներ կարելի է թվարկել: Անցյալի «ստվերների» այդօրինակ էքսպանսիան տպավորություն է թողնում, թե ազգի կյանքում գաղափարական դատարկություն է: Բայց դատարկություն իրականում չկա, դատարկությունն այն մարդկանց հոգիներում է, որոնք մոլորվել են պատմության բավիղներում: Պղտոր ջրում աճած առանձնյակները միշտ կորցնում են իրենց հանգիստը, երբ ջուրը սկսում է զուլալվել: Եվ կարեւոր չէ, թե որտեղ են հայտնվել մարդիկ քաղաքական փոփոխությունների արդյունքում. անբարեհարմարությունը տանջալիորեն կեղեքում է հոգիները: Բայց հասարակությունը պետք է հաղթահարի այս վիճակը` դուրս մղելով իր կյանքից անցյալի ստվերները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: