Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ի՞նչ է պակասում Հայաստանի հասարակությանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ազգի կայացվածության աստիճանը բնորոշելու կարեւոր չափանիշներից մեկը վտանգի կամ տագնապի պահերին նրա սոցիալական համախմբման ունակությունն է: Այդպիսի իրավիճակների ժամանակ է երեւում հանրության համերաշխության, փոխադարձ հարգանքի ու պատասխանատվության չափը: Հայաստանում, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, հայտարարվել է արտակարգ դրություն: Կարելի է սպասել, որ հետագայում, երբ կորոնավիրուսի համավարակն այլեւս կդառնա անցյալ, սոցիոլոգները հետաքրքիր ուսումնասիրություններ կիրականացնեն այն մասին, թե այս կամ այն հանրույթն ինչպես է իրեն պահել արտակարգ իրավիճակներում: Չինաստանը ցույց տվեց կազմակերպված պետության բացառիկ ունակություններ, ինչը դժվար է ասել արեւմտյան ժողովրդավար երկրների դեպքում: Նույն կազմակերպվածությամբ աչքի ընկան նաեւ Կորեան եւ Վիետնամը։

Շատերն այժմ քննարկում են համախմբվածության ու պատասխանատվության, ինչպես նաեւ ուժեղ պետության տեսակետից դեղնամորթ ռասսայի առավելությունները` ի տարբերություն արեւմտյան ժողովրդավարությունների: Նման իրավիճակներում  հատկապես կարեւորվում է կենտրոնացված պետության դերը։ Իտալացիների համար բարդ իրավիճակը միասնական երգեցողությամբ համերաշխությունը ցուցադրելու հնարավորություն էր: Արվեստի հանդեպ այդ ժողովրդի հակվածությունը, ինչպես նաեւ անհատապաշտության դրսեւորումները բոլորին են հայտնի: Միացյալ նահանգներում պարենային ապրանքների հետ միասին նաեւ զենքի վաճառքի աճ է գրանցվել: Դա եւս իր բացատրությունն ունի: Համընդհանուր խուճապի պայմաններում ամերիկացիները մտածում են ինքնապաշտպանության մասին, ինչը նույնպես բնորոշ է «իմ տունն իմ ամրոցն է» կարգախոսին հավատարիմ ժողովրդի համար: Գերմանացիները, ինչպես միշտ, մանրակրկիտ կերպով հաշվարկված ողջամտություն, կարգապահություն եւ կազմակերպվածություն են ցուցաբերում: Սրանք դարեր ի վեր գերմանական ազգի վարքագծի անկապտելի հատկանիշներն են:

Անցած երեսուն տարիների մեր պատմությունը ցույց է տալիս, որ վտանգի ժամանակ, ինչպես դա եղել է արցախյան գոյամարտի եւ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, մենք բռունցքվելու փայլուն օրինակներ ենք ցույց տվել։ Համախմբման ու ինքնակազմակերպման ունակությունների մասին են խոսում նաեւ 1996-ի, 2008-ի, 2013-ի, 2018-ի հսկայածավալ ցույցերը, որոնք հայոց միասնականության ակնառու վկայություններ են։ Սակայն այժմ մենք, կարծես թե, սպառել ենք միակամության եւ միաբանության մեր երբեմնի պաշարները: Ո՞րն է պատճառը:

Կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված արտակարգ դրությունում մեր հանրությունը, ցավոք սրտի, չի ցուցաբերում համախմբվածություն եւ միմյանց հանդեպ պատասխանատվության ու հարգանքի այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք կային վերը թվարկված ժամանակահատվածներում։ Վտանգի զգացողությունն առանձնապես հատուկ է փոքր ժողովուրդներին: Փոքրաթիվ հանրույթներն ավելի հեշտ են միավորվում եւ ինքնապաշտպանության ավելի սուր բնազդ ունեն: Այդօրինակ որակները մեր ազգի համար գրեթե միշտ բնութագրական են եղել:

Սակայն լինում են ժամանակներ, երբ հանրությունները պառակտվում են: Մենք, ըստ երեւույթին, նման ժամանակաշրջան ենք ապրում: 2018-ի իշխանափոխության ժամանակ սկիզբ առած երկփեղկվածության փուլը մենք չենք կարողանում հաղթահարել, իսկ տարանջատման պատճառը «հների» ու «նորերի» մեջ չէ։ «Հներն» ընդամենը մի քանի հարյուրի չափ մարդիկ կարող են լինել, սակայն բաժանարար գծերը տասնյակ հազարների միջով են անցնում։ 2018-ից այս կողմ մենք չենք կարողանում սոցիալական եւ քաղաքական համաձայնության գալ, ինչն արտահայտվում է արտակարգ դրության պայմաններում շարունակվող փոխադարձ մեղադրանքներով, ատելության ու չարության դրսեւորումներով` հատկապես սոցիալական ցանցերում։

Քաղաքական ազգը պետք է եւ կարող է համաձայնության գալ բոլոր կողմերի համար ընդունելի խաղի կանոնների ու միասնական արժեքային համակարգի շուրջը։ Կարծես թե` հենց դա է այսօր պակասում Հայաստանի հասարակությանը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: