Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ի՞նչ է նշանակում Գոլանի բարձունքների ճանաչումն Իսրայելի կազմում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ճանաչել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը։ Հիշեցնենք, որ այդ տարածքը Իսրայելը նվաճել է 1967 թվականին` արաբաիսրայելական պատերազմի ընթացքում։

Վերջին տարիներին Իսրայելի հետ գործընկերային սերտ հարաբերություններ հաստատած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դա կխանգարի Սիրիայում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու գործին։ Բավական մեղմ ձեւակերպում է տրվել։

Միջազգային հարաբերություններում` շատ անգամ նաեւ իրավական վեճերում, կարեւոր են օրենքների մեկնաբանությունները։ Ուշագրավ է ԱՄՆ պետքարտուղարի մեկնաբանությունը։ Թրամփի որոշումը նա հիմնավորել է հետեւյալ կերպ. «Գոլանի ճանաչումը որպես Իսրայելի մաս, ամբողջությամբ համապատասխանում է տեղում ստեղծված իրավիճակին եւ տեղում ստեղծված փաստին»:

Փաստորեն կասկածի տակ է դրվել միջազգային հարաբերությունների շատ կարեւոր մի սկզբունք՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, որին փոխարինելու է գալիս «տեղում ստեղծված իրավիճակը եւ տեղում ստեղծված փաստը»։

Առաջին եւ երկրորդ աշխարհամարտերից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքը կասկածի տակ դնելը կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ։ Աշխարհի շատ կետերում գոյություն ունեն տարածքային վեճեր, ինչպես նաեւ կան մի շարք «ստեղծված փաստեր»։ Մասնավորապես` դրանք են Գոլանի բարձունքները, Ղրիմը, Արցախը, Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան եւ այլք։ Այս շարքը կարելի է երկար թվարկել։

Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված «ստատուս քվոն» փաստացի կասկածի տակ է դրվել, եւ սահմանների վերաձեւման գործընթաց է սկսվում։ Մեզ համար հատկապես կարեւոր է սահմանների անձեռնմխելիությունը «տեղում ստեղծված փաստով» փոխարինելը։ 

«Նոր սկզբունքի» ջատագովները ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրներն են՝ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, մեկը Գոլանի բարձունքների մասով, մյուսը՝ Ղրիմի։ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված Մադրիդյան սկզբունքները հիմնված են Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների վրա (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների հավասար իրավունքներ եւ ինքնորոշման իրավունք): Դրանք են նշված եղել համանախագահների վերջերս տարածած հայտարարության մեջ։

Մինսկի խմբի մյուս կողմը` ԵՄ-ն, ի դեմս Ֆրանսիայի, այլ մոտեցում ունի։ ԵՄ-ը (այդ կառույցի դիվանագիտության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի՝ մարտի 27-ին տարածած հայտարարությունը) պաշտոնապես հաստատել է, որ չի ճանաչում «բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը»:

Ստացվում է` Մինսկի խմբի համանախագահների միջեւ իրավական վեճ կա, որն ուղղակիորեն վերաբերում է Արցախի հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին։

Պատահական չէ, որ շատ փորձագետներ արդեն սկսել են «նոր աշխարհակարգի» մասին խոսել, այսինքն` կարող է տեղի ունենալ սահմանների վերաձեւման կամ էլ «ստեղծված» եւ «ստեղծվող» իրավիճակների ամրագրման գործընթաց։ Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե «հին աշխարհին» ինչ «նոր աշխարհ» է գալիս փոխարինելու, բայց որ հիմնարար փոփոխություններ են սկսվում, կարծես թե, ակնբախ է:

Միջազգային հարաբերություններում փոփոխությունների նմանօրինակ «պատուհաններ» ժամանակ առ ժամանակ ստեղծվում են, որոնց հաջորդում են նոր «ստատուս քվո»-ները, եւ սահմանները «սառեցվում» են։

Արցախի խնդրի առնչությամբ մենք պետք է հասկանանք, որ նոր իրավիճակը կարող է նոր հեռանկարներ բացել չճանաչված հայկական երկրորդ պետության առջեւ: Սակայն այդ «նոր իրավիճակը» ենթադրում է անսխալ կողմնորոշվել փոփոխվող աշխարհում եւ կարողություն ունենալ տեղում ճիշտ «իրավիճակ» ստեղծել ու այն հասցնել իր տրամաբանական հանգուցալուծմանը` միջազգային գործընթացների ոգուն համահունչ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: