Կորոնավիրուսի (թագաժահր) համաճարակը, կարծես թե, վերափոխում է աշխարհը: Սառեցվել են տարածաշրջանային հակամարտությունները, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձում է դրան պաշտոնական տեսք տալ: Կառավարությունները խուճապի մեջ են, մտահոգված են հնարավոր մեծ տնտեսական ճգնաժամով եւ, որպես դրա հետեւանք, սոցիալական պայթյուններով: Հապճեպորեն, հընթացս, կազմակերպվում են կրթության ու աշխատանքի կանոնավորման նոր ձեւաչափեր: Մոլորակը մի տեսակ փոքրացել է, եւ պետությունները ստիպված են ավելի սերտորեն համագործակցել` միաժամանակ միմյանց առջեւ փակելով սահմանները: Բոլորը համաձայն են, որ աշխարհը փոխվում է, սակայն թե ինչ ուղղությամբ ենք շարժվելու, ընդամենը կարող ենք վարկածներ առաջ քաշել:
Գլոբալացման խորհրդանիշ հանդիսացող Եվրոպական միությունը, որը XX դարի այդ մեծագույն նախագծի հոգեւոր հայրն է նաեւ, կարծես թե, դառնում է կորոնավիրուսի ամենահավանական զոհը կամ, ավելի ճիշտ, գլոբալացման անկման խորհրդանիշը: Իսկ գլոբալացման թշնամիներ Թրամփին ու Պուտինին, որոնք հիմա ամենաազդեցիկ քաղաքական գործիչներն են համարվում, ինչպես նաեւ Բրիտանիային (Բրեքսիթը հակագլոբալացման ամենացայտուն նախաձեռնությունն է) օգնության է եկել ոչ այլ ոք, քան համավարակը։
Վարակի դեմ պայքարին նվիրված` ԵՄ խորհրդարանի քննարկումների ժամանակ շատերը նշում էին, որ պայքարի հիմնական գործող մարմիններն ազգային պետություններն են, քանզի վերազգային կառույցները այդ գործում արդյունավետ չեն։ Հատկանշական է Էստոնիայի նախագահ Կերսթի Կալյուլայդի խոսքը. «ԵՄ-ը պանդեմիայի համապատկերին չկարողացավ կատարել իր հիմնական առաքելությունը՝ ապահովել միասնական շուկայի աշխատանքը… Մեկ անգամ եւս կրկնեմ` ԵՄ-ը ոչ թե ինքնին ինչ-որ բան է, այլ ազգային կառավարությունների միություն»,- ասել է նա։
Հետաքրքրական է, որ բոլոր համավարակների շրջանում` սկսած հին ժամանակներից, մեծանում է տեղական իշխանությունների դերը։ Մասնավորապես` XIV դարի ժանտախտի համաճարակի հետեւանքով, որի ժամանակ, ըստ տարբեր գնահատականների, զոհվեց Եվրոպայի բնակչության կեսից մինչեւ երկու երրորդը, սկսեց թուլանալ կաթոլիկ եկեղեցու դերը, որն այն ժամանակվա «ԵՄ»-ն էր, այսինքն` վերազգային հզորագույն կառույց, եւ սկսեց մեծանալ տեղական իշխանությունների նշանակությունը։ Դա նաեւ ապագա «Ռեֆորմացիայի»` կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված կրոնական շարժման հզոր ազդակն էր։
Ներկա պահին, ճակատագրի հեգնանքով, վարակի պատճառով ի չիք դարձավ Թուրքիայի շանտաժը՝ Եվրոպա վտարանդիներ ուղարկելը։ Հիմա արդեն համոզիչ պատճառ կա սահմանները փակելու համար, զուգահեռաբար լուծելով նաեւ վտարանդիների թնջուկը։
Սահմանները փակվում են, միասնական շուկան փլուզվում է, սահմանափակվում են (հույս ունենանք, որ ժամանակավորապես) մի շարք իրավունքներ՝ խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժը եւ այլն։ Սակայն ցանկացած ժամանակավոր սահմանափակում ունի իներցիայի իր ներուժը, հատկապես, երբ շատերը «սպառնում են», որ նման վարակները կարող են ավելի հաճախակի կրկնվել։
Մի խոսքով` ինչպես միջնադարյան ժանտախտները, այսօր եւս համավարակները փոխում են մեր մտածողությունը, արժեքային համակարգը, տնտեսության կառուցվածքը, եւ ոչ միայն։
Սակայն խնդիրն այն է, թե կհասցնե՞նք արդյոք աշխարհին համընթաց մենք նույնպես փոխվել եւ ավելի ողջամիտ հասարակություն դառնալ, վերափոխել պետական քաղաքականությունը կամ այն, ինչ կա դրա փոխարեն։ Նման դեպքերում շահող են դուրս գալիս այն երկրները, որոնք կանխազգում են ժամանակի շնչառությունը եւ մյուսներից ավելի արագ կողմնորոշվում անսովոր իրավիճակներում: