Ուկրաինական ճգնաժամը, որը սպառնում է փոխել աշխարհն ու եղած աշխարհակարգը, դեռ շարունակելու է տեւապես գտնվել համաշխարհային մամուլի ու փորձագետների քննարկումների կիզակետում, անգամ այդ պատերազմի դադարեցումից հետո՝ անկախ դրա արդյունքներից:
Քննարկումները շատ լայն ընդգրկման տիրույթում են ընթանալու, սակայն հիմնական թեման լինելու է հետագա անելիքների մասին՝ ի՞նչ նոր աշխարհ ու աշխարհակարգ է փոխարինելու եղածին կամ նրան, ինչ կար նախքան պատերազմը: Այս պահին, կարելի է ասել, փլուզված են միջազգային հարաբերությունները, համաշխարհային տնտեսությունը եւ այլն, քանզի գլոբալիստական աշխարհում այդ ամենը փոխկապակցված է:
Այդ համատեքստում պակաս կարեւոր չէ, թե տարբեր հասարակություններ ինչպես են արձագանքում ստեղծված տոտալ ճգնաժամին, իրականության ինչպիսի պատկերներ են ձեւավորվում հանրային գիտակցության մեջ, եւ դա ինչպես են զուգորդում իրենց ազգային շահի հետ:
Բնականաբար՝ այս առումով մեզ հետաքրքրում են Հայաստանի հասարակության կամ, ինչպես վերջերս են սկսել ասել, բնակչության շրջանում տիրող տրամադրությունները: Գործող վարչակարգի առաջին դեմքերից ոմանք արդեն ոչ թե «հասարակություն», այլ «բնակչություն» բառեզրն են նախընտրում օգտագործել: Օրինակ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով Թուրքիայում հայտարարեց, թե «ընդհանուր առմամբ՝ ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»։
Հասարակությունը, ի տարբերություն բնակչության, կազմակերպված հավաքականություն է, ինչը բնորոշ է քաղաքակիրթ ազգերին, որոնք միավորված են հանրային գերակշռող տեսակետների շուրջ։ Կարելի է ասել, որ հայ հանրությունը 44-օրյա պատերազմից հետո, իսկապես, վերածվել է բնակչության, քանզի չի կարողանում համարժեք ընկալել, վերլուծել, իմաստավորել երկրի ներսում ու նրա շուրջ տեղի ունեցող վայրիվերումները եւ հասնել համապատասխան եզրահանգումների ու տիրապետող գնահատանքի։
Այս իրավիճակի լավագույն բնութագրիչը ռուս-ուկրաինական պատերազմի առնչությամբ մամուլում եւ սոցցանցերում տարերային, իրարամերժ, չհիմնավորված արձագանքներն են: Տպավորություն է, թե Հայաստանում տարբեր ազգությունների, քաղաքակրթությունների պատկանող, տարբեր արժեհամակարգերի ոգով դաստիարակված մարդիկ են համատեղ ապրում, որոնք հանգամանքի բերումով մեկ լեզվով են խոսում եւ համարվում են «հայ»։
Անշուշտ, ցանկացած կարեւոր իրադարձության կարելի է մոտենալ տարբեր դիտանկյունից՝ մարդասիրական, ազգային շահի, գաղափարախոսական պատկերացումների եւ այլն։ Ուզածդ հասարակության մեջ բոլոր այս մոտեցումները կարող են միաժամանակ լինել, եւ դա բնական է: Սակայն պաշտոնական, քաղաքական ու փորձագիտական շրջանակներն իրենց տեսակետների հիմքում, որպես կանոն, դնում են ընդհանրական, բոլորին միավորող մեկ սկզբունք՝ ազգային շահը, ինչը եւ մեղմում է տեսակետների բախումը, բերում որոշակի ազգային համաձայնության:
Ցավոք, մեզանում նման մոտեցում չենք տեսնում եւ, միգուցե, իրավացի է Միրզոյանը, որ խոսում էր ոչ թե Հայաստանի ժողովրդի կամ գոնե հասարակության անունից, այլ՝ բնակչության: Եթե, իհարկե, մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչպես է կարողացել արժեքային այս խառնաշփոթի մեջ բացահայտել ՀՀ բնակչության ցանկությունը՝ ինչ է նա ուզում եւ ինչ չի ուզում։