Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ինչպես կուսակցությունները դարձնել կենսունակ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

1991 թվականից սկսած, երբ Հայաստանն անկախացավ, հայկական քաղաքականության մեջ ամենահաճախ գործածվողը «իշխանափոխություն» բառն էր: Կար շատ պարզունակ պատկերացում, որ կուսակցության իմաստը բացառապես իշխանության համար պայքարն է, իսկ այդ պայքարի նպատակն ու թեժացման ժամանակաշրջանը ընտրություններն են:

Ինչպես տեսնում ենք, «նպատակը» տեխնիկական է՝ ցանկացած գնով գալ իշխանության կամ վատագույն դեպքում՝ տեղ զբաղեցնելով խորհրդարանում, քաղաքական առեւտուր սկսել իշխանության հետ՝ տնտեսական ու նյութական բարիքներից օգտվելու թեմայով: Իշխանության համար պայքարից բացի, կուսակցությունը որեւէ այլ բովանդակություն չի ունեցել: Մինչդեռ քաղաքական ուժի գործառույթների շրջանակն իրականում բավական լայն է: Օրինակ՝ ինչպե՞ս է, ասենք, այս կամ այն կուսակցությունը.

  • տեսնում Հայաստանի ապագան,
  • գնահատում արտաքին միջավայրը եւ դրանից բխող մարտահրավերներն ու հնարավորությունները,
  • պատկերացնում Արցախի խնդրի հանգուցալուծումը,
  • դիտարկում աշխարհաքաղաքական, ռազմավարական նշանակություն ունեցող հաղորդակցությունների վերագործարկման անհրաժեշտությունը,
  • ինչպիսի հասարակություն է ցանկանում կառուցել,
  • ինչպիսի կադրային քաղաքականություն է պատրաստվում կյանքի կոչել եւ այլն, եւ այլն:

Հարցադրումները կարելի է էլի շարունակել: Խնդիրը, կարծես թե, պարզ է՝ իշխանության հավակնություն ցուցաբերող քաղաքական միավորները շարադրում են առաջադրվող նմանատիպ հարցերի շուրջ իրենց տեսլականը, ինչը թույլ է տալիս ձեւավորել քաղաքական միտք ու բանավեճի հարթակներ: Այսկերպ քաղաքական աշխույժ գործընթաց կծավալվի, ընտրողներն էլ հստակ կկողմնորոշվեն, թե ինչի համար են գնում ընտրությունների, ում օգտին են քվեարկելու եւ՝ ինչու:

1991-ից ի վեր այսպիսի ընթացքի մենք ականատես չեղանք, նույնը չտեսանք նաեւ 2020-ի պատերազմից հետո: Արդյունքում ի՞նչ ունեցանք… Ճիշտ է՝ մի իրադրություն, որտեղ «քաղաքական բանավեճի» հիմնական, գուցեեւ միակ խոսույթը մեղավորների ու ազգի «դավաճանների» փնտրտուքն է, իսկ առկա իրավիճակի լուծման անհրաժեշտության մասին՝ ոչ մի խոսք:

Ավելին՝ գեներացվում են միմյանց մեղադրելու, ազգը պառակտելու գործողություններ, որոնց միանում է հասարակության մի հոծ, խայտաբղետ զանգված, ինչպես նաեւ սոցցանցերում վխտացող «ֆեյքային ագարակներ», եւ բանավեճ կոչվածը դուրս է գալիս քաղաքակիրթ փոխհաղորդակցման սահմաններից՝ երբեմն ստանալով ինքնակործան երանգներ ու բառապաշար:

Թերեւս՝ բավարար չեն այն ջանքերը, որ մեր գոյաբանական վիճակով մտահոգ կիրթ քաղհասարակությունը փորձում է գործադրել եւ գործադրում է խնդիրը քարոզչական եղանակով կարգավորելու, հանրային միջավայրն առողջացնելու, երկրում փոխադարձ հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտ հաստատելու եւ այդ հիման վրա կուսակցությունների գործունեությունը կենսունակ դարձնելու ուղղությամբ: Այստեղ շատ կարեւոր է նաեւ պետության շահախնդրությունը, ինչը թույլ կտար լավ նախադրյալներ ստեղծել ՀՀ-ում պատասխանատու իշխանական համակարգի ձեւավորման համար:

Փորձը հուշում է, որ եթե անգամ մեկ քաղաքական միավորի՝ իբրեւ տիպօրինակ, հաջողվի հանդես գալ համակարգված առաջարկներով, պատշաճ թիմով, եւ հասնել տպավորիչ արդյունքի, ապա պատկերը կարող է փոխվել. դա մյուսներին եւս կմղի գործադրել իրենց ունակությունները, մտավոր ու բարոյահոգեբանական ներուժը եւ, այդպիսով, կդրվի նոր ավանդույթի հիմքը: Հուսանք, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ նման նախաձեռնության հաջողված փորձ կարվի, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու տեւապես խարխափել անելանելիության սարդոստայնում: Ինչպես այսօր:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: