Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ո՞վ կերաշխավորի օլիգարխների անվտանգությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հեռակա բանավեճը վերակենդանացրել է Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական հարցադրումը՝ «ի՞նչ անել»։ ՔՊ-ի ակտիվիզմին ԼՀ-ն հակադրում է իր կոնֆորմիզմը։ Սակայն հանրությունը ողջամիտ լուծումներ է ակնկալում:

Հայաստանում ստեղծված պատային վիճակն ավելի է խորացնում քաղաքական, տնտեսական, սոցիալական ու գաղափարական ճահիճը։ Ակնհայտ է, որ Հայաստանում ընտրություններով քաղաքական փոփոխությունների հասնել հնարավոր չէ, ավելին` այլեւս չեն լինելու նախագահի ընտրություններ, որոնց ժամանակ հանրությունը կարողանում էր համախմբվել նախագահի ոչ իշխանական թեկնածու շուրջը: Ըստ էության, չեն լինելու նաեւ խորհրդարանական ընտրություններ։ Տարածքային ցուցակների ներմուծման շնորհիվ ԱԺ ընտրությունները վերածվել են գրեթե ՏԻՄ ընտրությունների։ Փաստորեն Հայաստանում անցկացվելու են երկու տեղական ընտրություններ. մեկի միջոցով ձեւավորվելու են տեղական ինքնակառավարման մարմինները, մյուսի միջոցով, տեղական հեղինականությունների բերած ձայների շնորհիվ` խորհրդարանը։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ` հատկապես մարզերում, քաղաքացիները տեղի հեղինակությունների դեմհանդիման դառնում  են անպաշտպան, առավել եւս, որ տեղական հեղինակություններին աջակցում են պետական կառույցները։

Այսպիսով` հասարակությունն ընտրությունների միջոցով, նույնիսկ ենթադրաբար, ոչ մի հնարավորություն չունի ազդելու երկրի կառավարման վրա։ Ընտրությունների ինստիտուտի վերջնական այլասերումը ստիպում է քաղաքական փոփոխությունների համար այլ մեխանիզմներ որոնել։

Այդ առումով, առաջին հերթին, անհրաժեշտ է գնահատել, թե կառավարման ինչ համակարգ է ձեւավորված։ Քաղաքագիտության մեջ նման ռեժիմների գնահատականը հստակ է: Ըստ այդմ` Հայաստանում կառավարման ավտորիտար վարչակարգ է հաստատվել։ Նման վարչակարգերը, բնականաբար, ունեն տեղային յուրահատկություններ, սակայն հիմնական բնութագրիչներն ընդհանուր են։ 

Ավտորիտար ռեժիմները պետական-քաղաքական կառավարման համակարգ են, որտեղ քաղաքական իշխանությունն իրացվում է որեւէ կոնկրետ անձի կամ դասակարգի, կամ մարդկանց մի նեղ շերտի միջոցով։ Հիմնական բնութագրիչն այն է, որ հանրությունը մեկուսացված է կառավարման որոշումների վրա ազդեցություն ունենալուց։ Ակնհայտ է, որ Հայաստանում դասական ավտորիտար վարչակարգ է:

Նման համակարգերում իշխանությունը շեշտը դնում է ուժային լուծումների վրա եւ պատահական չէ, որ Հայաստանում ոստիկանության քանակն ու ազդեցությունը ուռճացված են։ Պատահական չէ նաեւ, որ հատկապես վերջին ժամանակներս ավելացել է քաղաքական երանգ ունեցող դատավարությունների քանակը, եւ ծանր ու անհամաչափ պատիժների են դատապարտվել տասնյակ մարդիկ։ Պետք է ենթադրել, որ նման դատավարությունների քանակը գնալով շատանալու է։

Ավտորիտար համակարգերում հատկապես վերահսկվում են կուսակցությունները։ Տարածված երեւույթ է «վերեւից նշանակված» ընդդիմադիրների ինստիտուտը։ Դրա վկայությունը ժամանակ առ ժամանակ մամուլում սպրդող այն տեղեկություններն են, թե կուսակցությունների նախընտրական ցուցակները հաստատվում են իշխանության կողմից։

Մյուս ամենակարեւոր բնութագրիչը տնտեսության եւ իշխանության սերտաճումն է, որի շնորհիվ թույլ չի տրվում, որ երկրում ստեղծվի անկախ կապիտալ, որը հետագայում կարող է քաղաքական կշիռ ձեռք բերել։ Նման պայմաններում պետք է հստակ գիտակցել այդօրինակ վարչակարգերի խոցելի կողմերը։

Հայաստանում հաստատված նման ավտորիտար վարչակարգերի խոցելի կողմերն են.

  • Իշխող շերտի ստվերային պայմանավորվածությունների համակարգը, որը ձեռք է բերվում կոնկրետ անձի շուրջը։ Դա ոչ ինտիտուցիոնալացված համակարգ է, եւ տվյալ անձի ազդեցության թուլացմամբ համակարգը, որպես կանոն, փլուզվում է։
  • Տնտեսական ճգնաժամների ազդեցությամբ հանրությունը դուրս է գալիս վերահսկողությունից, իսկ իշխող շերտը չի կարողանում ապահովել քաղաքացիների ապրուստի նվազագույն շեմը։
  • Պատերազմական իրավիճակներում անհաջողությունների դեպքում ձեւավորված համակարգի կենտրոնական դեմքը համակարգի կայունության խորհրդանիշից վերածվում է քավության նոխազի։
  • Ստվերային պայմանավորվածությունների հիման վրա ստեղծված հավասարակշռության խախտումն արագորեն քայքայում է թվացյալ կայունությունը, եւ սկսվում են համակարգի համար անդառնալի զարգացումներ։

Ավտորիտար վարչակարգերի փոխակերպմանը միտված քաղաքական ռազմավարությունները պետք է հաշվի առնեն նման համակարգերի թույլ կողմերը, առանց որի քաղաքական տրանսֆորմացիաները դժվար է գեներացնել։ Նման համակարգերը` հիմնված լինելով ստվերային պայմանավորվածությունների վրա, դադարում են գոյություն ունենալ, երբ ստեղծվում են իրավիճակներ, որոնցում այդ պայմանավորվածություններն այլեւս չեն կարողանում գործել։ Եվ որոնցում ստվերային պայմանավորվածությունների մեջ եղած շերտերը սկսում են գիտակցել, որ դրանք այլեւս չեն ապահովում իրենց անվտանգությունը, ավելին` վտանգավոր են թե´ իրենց, թե´ ողջ հանրության համար: Ինքնաբերաբար առաջանում է արդեն բուն հասարակության հետ բացեիբաց պայմանավորվածության անհրաժեշտությունը։ Նման շերտի անվտանգությունը կարող է ապահովել միմիայն հասարակությունը, եւ նրանց փրկության միակ միջոցը օրինական դաշտ մտնելն է, հանրության կողմից առաջադրված պահանջների հիման վրա:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: