Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Հանրության սոցիալական պահվածքը համաճարակի ժամանակ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Աշխարհում բոլոր խնդիրները հետին պլան են մղվել, նույնիսկ պատերազմներն են դադար առել: Տնտեսական խորքային ճգնաժամն առջեւում է, որի հետեւանքները, կարծես թե, ավելի լուրջ են լինելու, քան` համաճարակինը, չնայած այդ թեման նորությունների գլխավոր սյունակներում առայժմ չկա, առաջնադիրքում տակավին համաճարակն է: Նման պայմաններում բոլորին հետաքրքրում են համավարակի վիճակագրական տվյալները, կառավարությունների ձեռնարկած միջոցառումները, պարենային անվտանգության խնդիրը, նաեւ այն, թե ինչպես պետք է հարմարվել նոր իրականությանը։ Իսկ իրականությունն աննախադեպ է։ Մարդկությունը դեռեւս չի տեսել այնպիսի վիճակ, որ մեգապոլիսների միլիոնավոր բնակիչներ հայտնվեն տնային կալանքում: Դա անգամ պատկերացնել հնարավոր չէր։

Այդօրինակ պայմաններում առաջին պլան է գալիս այն հարցադրումը, թե ինչպես պետք է մենք մեզ պահենք: Ճգնաժամային իրավիճակներում սոցիալական համարժեք պահվածքը դառնում է գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը:

Արդյո՞ք հիմա առաջնային են Արցախի ընտրությունները, երբ պահն այնպիսին է, որ առաջին դեմք լինելը եթե ոչ մեծ ռիսկ, ապա գոնե մեծագույն պատասխանատվություն է ենթադրում` համապատասխան հետեւանքներով հանդերձ։

Արդյո՞ք այս պահին Հայաստանում իշխանություն-ընդդիմություն ներհակությունը կենսական հարց է, երբ իշխանություն լինելը մերօրյա ճգնաժամի իրադրությունում քաղաքական ինքնասպանության պես բան է։ Սրանք հարցեր են, որոնք այնքան էլ լավ չենք գիտակցում, իսկ չգիտակցելը, թերեւս, հոգեբանական ինքնապաշտպանության արդյունք է։

Հոգեբանական ինքնապաշտպանության բնազդը մեզ թելադրում է փորձել ապրել նախկին կյանքով, պահպանել նախկին սովորությունները, ընկղմվել նախկին դիսկուրսների մեջ։ Դա, իհարկե, լինելով ինքնախաբեություն, միեւնույն ժամանակ հասկանալի ձգտում է։ Առօրյա սովորությունների ու մտածողության պահպանումը իրականությունը մոռացության տալու հոգեբանական վարքագիծ է։ Իրականում շուրջբոլորն ամեն ինչ փոխվել է, եւ այն բոլորը, ինչ առաջ շատ կարեւոր էր, հիմա կորցնում է իմաստը, իսկ նոր իմաստներ գտնելը դժվար է։ Մենք փորձում ենք խուսափել մեզ շրջապատող իրականությունից։

Հոգեվարքի մեջ է նաեւ քաղաքական պոպուլիզմի դարաշրջանը։ Սպասելիքները շատ հստակ են՝ հաց, աշխատանք, ապագայի որոշակի կանխատեսելիություն, եւ հին թեմաներով՝ «նախկին-ներկա» իշխանություններ, «նոր-հին» Հայաստաններ ու նմանատիպ այլ կլիշեներ, հանրությանն այլեւս զբաղեցնել չի ստացվի։ Դրանք արդեն արդիական չեն, անգամ անհետաքրքիր են։ Պառակտված հասարակությունը չի կարող դիմակայել ճգնաժամերին, չի կարող մարդկանց համախմբվել ընդհանուր վտանգների դեմ պայքարի շուրջ։ Բաժանարար գծերն այլեւս խիստ վտանգավոր են։ Բայց կա զգացողություն, որ քչերն են դա ըմբռնում։

Գործող իշխանությունը պետք է կարողանա խոսել հանրության, առանձին վերցրած յուրաքանչյուրի հետ, սակայն կառավարությունում եւ ԱԺ մեծամասնության մեջ քանի՞ մարդ կա, ով ունի այնպիսի հեղինակություն, ունակություններ ու հանրային վստահություն, որպեսզի կարողանա անհրաժեշտ պահերին դիմել հասարակությանը։ Խոսքը միավորում է, պարզաբանում է վիճակը եւ, ամենակարեւորը, կազմակերպում ու համախմբում է։ Դա քաղաքական ու պետական գործչի հիմնական առաքելությունն է։ Այժմ ամենամեծ պակասությունը, թերեւս, ոչ թե դիմակներն են կամ արհեստական շնչառության սարքերը, այլ այնքան սպասված ու անհրաժեշտ Խոսքը, որը չկա։

Մինչդեռ այդպիսի խոսքը հիմա շատ արժեքավոր կլիներ։ Նման խոսքերից է կախված, թե հասարակությունն իրեն ինչպես կպահի սոցիալական աղետի ժամանակ, որն այլեւս անխուսափելի է։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: