Որոշ կարծիքների համաձայն՝ ռուս-ուկրաինական ռազմական առճակատումը Երրորդ համաշխարհայինն է, սակայն առանց գերտերությունների ուղիղ բախման, քանզի դա կարող է հանգեցնել միջուկային պատերազմի, որի դեպքում հաղթող երկիր չի լինի: Ոմանք սա համարում են միաբեւեռ աշխարհի փլուզում եւ անցում բազմաբեւեռ համակարգի, ոմանք էլ՝ համաշխարհայնացման (գլոբալիզմ) պարտություն: Տարածված են նաեւ հակառակ պնդումները, թե այս պատերազմը պայքար է միաբեւեռ համակարգի պահպանման համար:
Առհասարակ՝ տեսակետները շատ են ու հակասական՝ կախված քննարկման ոլորտային հարթություններից: Օրինակ՝ քաղաքակրթական հարթությունում ընթացող բանավեճերում կան ռուս-ուկրաինական պատերազմը քաղաքակրթությունների բախում համարողներ: Ուրիշները չեն բացառում, որ տեղի ունեցողը ժամանակակից արեւմտյան քաղաքակրթության արժեքային ճգնաժամ է կամ էլ, ընդհանուր առմամբ, կապիտալիզմի համակարգի ճգնաժամ:
Տեսակետների ու բանավեճերի առատությունը, ըստ էության, խոսում է մի բանի մասին՝ ընթացող պատերազմն ունի գլոբալ ազդեցություն՝ չնայած տակավին տրված չեն ներկա քաղաքակրթության ու աշխարհակարգի հստակ գնահատականը եւ պատասխանն այն հարցի, թե որն է, ի վերջո, մեր քաղաքակրթության հաջորդ հանգրվանը, դեպի ո՞ւր ենք գնում:
Այս ամենի խորապատկերին խիստ անմխիթարական ու անորոշ է իրավիճակը Արցախում եւ Հայաստանում: Ի՞նչ ունենք մենք այս պահին, որո՞նք են ամենաակնառու փաստերը. ա/ հայկական բանակը ջախջախված է. բ/ ազգային ոգին ջարդված-նվաղած է. դ/ Հայաստանի ու Արցախի գոյությունը պայմանավորված է ՌԴ-ի եւ Իրանի աշխարհաքաղաքական շահերով: Այսինքն՝ նրանք են, կամա թե ակամա, ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորները, իսկ Արցախի բնակչության գոյաբանական խնդիրը լավ-վատ լուծում են ռուս խաղաղապահները:
Սա է իրականությունը: Քանի որ Հայաստանի անվտանգությունը կախված է միջազգային իրավիճակից, ապա մեզ համար շատ կարեւոր է հասկանալ, թե արդեն իսկ գոյություն չունեցող միջազգային անվտանգային համակարգի պայմաններում ինչ զարգացումներ են սպասվում եւ արդյո՞ք կձեւավորվի մի նոր աշխարհակարգ՝ նոր կանոններով ու նոր սկզբունքներով, որը կապահովի նաեւ մեր անվտանգությունը: Ի դեպ, ներկա վիճակում ոչ մի երկիր՝ անգամ ամենահզորը, չի կարող վստահ լինել իր անվտագության համար:
Պատմությունից հայտնի է, որ վերջին երեք հարյուր տարիների ընթացքում միջազգային կոալիցիաների մասնակցությամբ տեղի են ունեցել մի քանի մեծ պատերազմներ, որոնք ունեին մեկ ընդհանուր առանձնահատկություն՝ պատերազմներից հետո խոշոր երկրները նստում էին սեղանի շուրջ եւ պայմանավորվում նոր աշխարհակարգի, դրանց կանոնների ու սկզբունքների մասին։ Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո եւս սպասելի է աշխարհակարգի վերաբերյալ նման մի գործընթաց, որի ընթացքում մեկ փաթեթով կլուծվեն նաեւ կուտակված հակամարտությունները (թե որքանով արդար՝ դա այլ հարց է), այդ թվում Արցախի խնդիրը։
Իսկ մինչ այդ Հայաստանի քաղաքական միտքը պետք է փորձի հասկանալ այդ հեռանկարը ու հնարավորինս խուսափի Ադրբեջանի հետ որեւէ համապարփակ պայմանավորվածությունից։