Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Պարգեւավճարներ քաղաքական լոյալության համար

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Հեղափոխական» կադրային զինանոցի բարձր պարգեւավճարների ու աշխատավարձերի թեման միշտ էլ խնդրահարույց է եղել հասարակության համար: Մի կողմ թողնենք դրանց օրինականության կամ գաղտնի հրամանով ընդունված լինելու հանգամանքը, դա այլ խոսակցության նյութ է։

Աղքատության ու գործազրկության մտահոգիչ ցուցանիշներ ունեցող մեր երկրում նման պարգեւավճարները չափազանց մեծ շռայլություն են թե´ սոցիալական արդարության եւ թե´ պարզ տրամաբանության առումով, հետեւաբար բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` այդ հարցերը սկսել են հանրորեն ավելի սուր ընկալվել եւ դարձել են լայն քննարկման օրակարգ։ Խնդիրը կարելի է դիտարկել բարոյաէթիկական եւ նպատակահարմարության հարթություններում։

Բանավեճերում գլխավորապես արծարծվում է հիմնահարցի բարոյաէթիկական կողմը։ Հեղափոխական ավյունով ու ժողովրդին անձնվիրաբար ծառայելու բարձրագոչ խոսքերով իշխանության եկած «հեղափոխական» թիմը, կարծես թե, փոխել է տոնայնությունը` համարելով, որ ժողովրդին ծառայելուց զատ` յուրաքանչյուր մարդ ունի սեփական ընտանիքն ու կենցաղային խնդիրները, եւ «ժողովրդի ծառայությանը» նվիրվելու համար պետք է կարողանա լավագույնս ապահովել իր առտնին կարիքների բավարարումը։

Ընդդիմախոսների պնդմամբ` արդարացի չէ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերը, չհաշված պարգեւավճարներն ու հավելավճարները, մի քանի անգամ գերազանցում են ուսուցիչների, գիտնականների, բուժաշխատողների, միջին օղակներում զբաղված մարդկանց աշխատավարձերը: Ինչ վերաբերում է պարգեւավճարներին, ապա դրանք պետք է տրվեն ամենաարդյունավետ աշխատողներին՝ ընտրողաբար, այլ ոչ թե բոլորին անխտիր։ Կան կարծիքներ, որ շատ պարգեւավճարներ` մասնավորապես ԱԺ պատգամավորների դեպքում, տրվում են քաղաքական լոյալության համար, քանզի նրանցից է կախված գործող կառավարության գոյության հնարավորությունն ընդհանրապես։ Սակայն սրանք հարցի, ինչպես ասվեց, բարոյաէթիկական կողմն են, կա նաեւ պարգեւավճարների նպատակահարմարության գործոնը, որը հանրային հարթակներում, որպես կանոն, չի քննարկվում, բայց դրա մասին բարձրաձայնում են ե´ւ վարչապետը, ե´ւ բուն պարգեւավճարներ ստացողները։ Կենտրոնանանք խնդրի այդ կողմի վրա։

Պետական կառավարման համակարգերում պետծառայողների եւ, հատկապես, ղեկավար կազմի աշխատավարձերի ու հնարավոր եկամուտների հարցը կարեւորագույններից մեկն է: Այն ոչ միայն կախված է բյուջեի հնարավորությունից, այլեւ նպատակահարմարության, աշխարհայացքի, բարոյաէթիկական եւ, առաջին հերթին, արդյունավետ կառավարման խնդիր է։ Հասկանալի է, որ այդ համակարգում աշխատավարձերի դրույքաչափերը սահմանվում են օրենքներով ու կառավարության որոշումներով, եւ այստեղ անհատական մոտեցման հնարավորությունները սահմանափակ են։ Չնայած կան մեծ ներուժ եւ ստեղծագործական ունակություններ ունեցող «անփոխարինելիներ», որոնց առջեւ փակ ճանապարհներ չկան։ Մյուս կողմից` պետծառայողները պետք է որոշակի չափով ապահովված լինեն, որպեսզի գայթակղություն չառաջանա օգտագործելու կոռուպցիոն հնարավորություններ պարունակող լծակները։

Դրանք հատկապես զարգացման լուրջ արգելքներ են եղել ճգնաժամային վիճակներում գտնվող երկրների համար, օրինակ` հետպատերազմյան Գերմանիայում եւ Ճապոնիայում, որոնք պատերազմի հետեւանքով պարտված ու հիմնովին ավերված երկրներ էին, ուստիեւ կառավարման համակարգի ճիշտ կազմակերպումն այդ երկրների վերականգման համար կենսական անհրաժեշտություն էր:

Եվ այդ երկրներում սկսեցին կիրառվել բարձրաստիճան պաշտոնյաների ու լավագույն մասնագետների խրախուսման, նրանց աշխատանքի վարձատրության յուրահատուկ լուծումներ` այն հաշվով, որպեզի ե´ւ հանրության համար արդարացի լինի, ե´ւ կառավարության ղեկավար կազմի արդյունավետ աշխատանքը խրախուսվի։ Երկու երկրում էլ շեշտը դրված էր բիզնեսը կայացնելու, ինչպես նաեւ պաշտպանված ու զարգացած ազգային արդյունաբերություն ստեղծելու վրա։ Պետական կառավարման համակարգի եւ բիզնես կորպորացիաների միջեւ հաստատվել էր փոխշահավետ գործակցության ճկուն ներդաշնակություն։

Եթե, օրինակ, որեւէ նախարար կարողանում էր արդյունավետ կերպով կայացնել իր ոլորտները, այդ թվում` մասնավոր հատվածում, ապա, որպես խրախուսում, պետական ծառայությունից հետո անցնում էր մասնավոր հատված`զբաղեցնելով բարձր վարձատրվող պաշտոն։ Սա նրանց աշխատանքի գնահատման եղանակներից էր, ինչը միաժամանակ արհեստավարժ կառավարիչների հմտությունների օգտագործման նոր հնարավորություն էր բացում եւ ազատում պետական բյուջեն ավելորդ ծախսերից` ստեղծելով բիզնեսի ու պետական ապարատի սերտաճման եւ փոխգործակցության լավ պայմաններ։ Դրանով ոչ միայն խթանվում էր իրենց դիրքերում պետական պաշտոնյաների արդյունավետ աշխատանքը, այլեւ լուծվում էին բարոյաէթիկական հարցերը։

Սրանք այն օրինակներն են, որոնք Հայաստանում չեն կիրառվում, սակայն ապագայի կենսագործունեության կազմակերպման համար արժանի են ընդօրինակման։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: