Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Վերաիմաստավորել անցյալը՝ նշանակում է կերտել ապագան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այսօր ապրիլի 24-ն է, եւ համայն հայությունը, արդեն 106-րդ անգամ, կբարձրանա Ծիծեռնակաբերդ՝ խոնարհումի ու հարգանքի իր տուրքը մատուցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված հրեշավոր զանգվածային սպանդի՝ Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Ապրիլքսանչորսը սոսկ սգո օր չէ: Այն պատմական հիշողության, պահանջատիրության, վերաիմաստավորման եւ վերակերտումի օր է:

Ամեն տարի լուռ մոտենալով Հուշահամալիրին ու ծաղիկներ խոնարհելով մեր սուրբ նահատակների հավերժական կրակի հուշաքարին, յուրաքանչյուր հայ մի պահ ի մի է բերում խառը մտքերը, փորձում է մտովին հասկանալ, թե ինչպես հնարավոր դարձավ 20-րդ դարասկզբի այդ սոսկալի աղետը, ի՞նչ դաս եղավ այն ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ողջ առաջադեմ մարդկության համար, ով, խոշոր հաշվով, անհաղորդ մնաց հայ ազգի մեծ ցավին, եւ որո՞նք են հայաստանցիներին ու սփյուռքահայերին ուղղված՝ այդ օրվա գլխավոր խորհուրդն ու պատգամը:

Ակնհայտ է, որ Հայաստանում եւ Սփյուռքում տարբեր կերպ է ընկալվում այդ օրը, եւ դա բնական է: Ավանդական Սփյուռքում Հայոց ցեղասպանությունն ազգապահպանման վսեմ առաքելություն ունի, որը շարունակում է դրսի մեր հայրենակիցներին պահպանել որպես հայ եւ որպես քրիստոնեական հավատի կրող։ Հայաստանում նման խնդիր չկա, սակայն կան այլ վտանգներ ու մարտահրավերներ, որոնց դիմագրավումը հատկապես հիմա դառնում է հրատապ։

Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից ոմանց համար պատերազմը նախնիների վրեժը լուծելու հնարավորություն էր, ոմանց համար՝ ուժեղ լինելու սեփական իրավունքներին տեր կանգնելու ուղերձ, որպեսզի նման դեպքերն այլեւս չկրկնվեն: Իսկ այսօր՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, այլ պատգամ ստացան մարդիկ։ Շատերը թյուրիմացաբար կարծում էին, թե ցեղասպանական գործողությունները հնարավոր էին միայն արյունալի 20-րդ դարում, հիմա աշխարհը փոխվել է, մարդկությունը՝ քաղաքակրթվել, ցեղասպանություններն այլեւս անցյալ են։

Բայց արդյո՞ք այդպես է։ Իհարկե՝ ոչ: Հիմա քչերը կպնդեն, որ ցեղասպանությունների ժամանակներն անցել են։ Փաստն այն է, որ 21-րդ դարը նույնպես զերծ չէ նման վտանգներից՝ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, օրինակ, Սիրայում։ Դա, կարծես թե, մեր տարածաշրջանի ապագան է՝ ապակայունացում, տեղահանություններ, պրոքսի կամ միջնորդավորված պատերազմներ, կրոնական մոլեռանդություն եւ հզոր երկրների պայքար ուրիշի ձեռքով, ուրիշի կյանքերով։

Յուրաքանչյուր ժամանակաշրջանում յուրովի են գնահատվում անցյալի դեպքերը՝ ըստ ժամանակաշրջանի իրողությունների։ Վերագնահատվում են անցյալը, ընկալումները, վտանգներն ու դրանց լուծումները։ Եթե տասնամյակներ առաջ մենք հարգանքի տուրք էինք տալիս անցյալի ողբերգության զոհերի հիշատակին, ապա այժմ բացառված չէ, որ այն ապագայի գույժ կարող է լինել: Այս առումով մենք անցյալն այսօր վերագնահատում ենք ներկայի իրողությունների պայմաններում՝ վաղվա հեռանկարով։

Գուցե սա է այն ամենակարեւոր հարցը, որ Ծիծեռնակաբերդ բարձրանալիս մեզնից յուրաքանչյուրն իր լռության պահին պետք է տա ինքն իրեն: Չէ՞ որ վերաիմաստավորել անցյալը՝ նշանակում է հետեւություններ անել անցյալից, փոխել աշխարհակարգի մասին պատկերացումները եւ դրանք հաշվի առնելով՝ կերտել ապագան։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: