Երկուշաբթի, Մայիսի 20, 2024

Խմբագրական

Մարդկանց հետ անկեղծ խոսելու արվեստը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քաղաքականության մեջ դերակատարում ստանձնած անձանց համար ամենակարեւոր որակներից մեկը շարքային քաղաքացու հետ խոսել կարողանալն է: Դրա համար պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ ունի այդ քաղաքացին, ինչպես է մտածում, ինչպես կարելի է ազդել նրա վարքագծի վրա՝ առավելապես ընտրությունների ժամանակ:

Հաճախ են ասում, որ քաղաքականությունն անբարոյականություն է, եւ ընտրողների «ձայնորսի» ժամանակ նման գործիչները պատրաստ են ասել այն ամենը, ինչ ցանկանում է լսել հասարակ մարդը՝ տալ խոստումներ եւ, որպես կանոն, չկատարել: Դա, իհարկե, այդպես է, եւ դրա համար լուրջ քաղաքական ուժերը դիմում են քաղտեխնոլոգներին, հոգեբաններին, մարդաբաններին եւ ընտրություններից առաջ սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում, որից հետո սկսվում է պոպուլիզմի ու մանիպուլյացիաների ժամանակաշրջանը:

Լավ է, թե վատ՝ այդպիսին են ժողովրդավարության կանոնները, ինչի պատճառով շատերը նախընտրելի են համարում միապետական կարգը, որի ժամանակ չկան ընտրություններ եւ չկա ընտրական մանիպուլյացիաների պահանջ: Կամ, եթե ժամանակակից կարգերի առումով դիտարկենք, կա սահմանադրական միապետության համակարգ, որտեղ գործադիր ու օրենսդիր իշխանություններն ընտրվում են, սակայն կա նաեւ միապետ, որը հետեւում է Սահմանադրության կատարմանը եւ, ծայրահեղ դեպքերում, օգտագործում իր հազվադեպ իրականացվող լիազորությունները՝ ցրել խորհրդարանը, միանձնյա նշանակել ժամանակավոր կառավարություն եւ այլն:

Հայաստանի համար նման վճռորոշ պահ կարող էր լինել 2018-ի իրադարձությունը կամ 2019-ին կառավարության կողմից դատարանների շրջափակումը, ինչն անօրինական գործընթաց էր՝ հեղաշրջում: Մեծ հաշվով՝ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված ճգնաժամը նույնպես կարող էր հանգուցալուծել միապետը:

Մեզանում չկա միապետական կարգ, իսկ նախագահի ինստիտուտի հնարավորությունը, որը խորհրդարանական կառավարման մոդելում, ըստ էության, կոչված է կատարել միապետի գործառույթներ, խիստ սահմանափակ է: ՀՀ գործող Սահմանադրության մեծագույն թերություններից մեկը, որի համար մեծ գին ենք վճարում, հենց դա է: Սակայն ունենք այն, ինչ ունենք եւ, դիտարկելով ներկայիս իրավիճակը, անդրադառնանք ընտրողի հետ խոսելու կարողության հատկանիշին, որը քաղաքական ուժերի համար միակ միջոցն է:

Այսօրվա Հայաստանում կա ամբոխավար (պոպուլիստ) իշխանություն, որն ամեն ինչ տապալելով հանդերձ՝ կարողանում է հաղորդակցվել հասարակ մարդու հետ՝ սեր է խոստովանում, խոսում է նախկինների թալանից ու ժողովրդին կեղեքելուց: Իրականում երկիրը՝ ե՛ւ անվտանգային, ե՛ւ սոցիալական, ե՛ւ բարոյահոգեբանական առումով, անդունդ է գահավիժում, բայց հասարակ մարդու համար պոպուլիստի խոսքերը սրտամոտ են, ավելին՝ դրանց կարոտ է մնացել անկախությանը հաջորդած 30 տարիների ընթացքում: Կա ընդդիմություն, որը խոսում է հայրենասիրությունից, անվտանգությունից եւ այլ կարեւոր խնդիրներից, սակայն չի կարողանում պարզ ու անկեղծ զրուցել հասարակ քաղաքացու հետ՝ նրան հասկանալի լեզվով: Արդյունքում մենք հայտնվել ենք անելանելի վիճակում, եւ թունելի վերջում լույս չի նշմարվում:

Սա է ժամանակի հրամայականը՝ պետք է նոր ուժ, որը պատասխանատու է, պոպուլիստ չէ, սակայն ընկալելի է շարքային մարդու համար:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: