Հայտնի հեղափոխությունների պատմությունների ուսումնասիրությունը բերում է բոլոր հետհեղափոխական զարգացումներին բնորոշ մեկ ընդհանուր եզրահանգման։ Ֆրանսիական, ռուսական եւ մյուս հեղափոխությունների ժամանակաշրջանների ականատեսները միաբերան պնդում են, որ հեղափոխություններից հետո, որպես կանոն, նկատվում են պետական ինստիտուտների այլասերման ու բարոյական բարքերի անկման դեպքեր։
Ավագ սերնդի ներկայացուցիչներն այսօր էլ հիշում են, որ Խորհրդային միության փլուզմանը եւս հետեւել են հակոտնյա երեւույթներ։ Բանն այն է, որ ոստիկանների հիմնական մտահոգությունն այդ խառնակ ժամանակներում դառնում է սեփական անվտանգության ապահովումը, զինված ուժերում քանդվում են զինվորական կարգն ու կանոնը: Ինչպես բանակում` տնտեսական գործունեության ոլորտում նույնպես ասպարեզ է գալիս «ուժեղի օրենքը»: Ով ավելի հանդուգն ու սանձարձակ է, նա էլ իրականացնում է «արդարության վերականգնումը», այսինքն` սեփականությունը եւ կապիտալը վերաբաշխում է իր հայեցողությամբ` օգտվելով «շահագործողներին» պատժելու «ժողովրդական պահանջից»։
Հեղափոխությունները` անկախ դրանց «թավշյա» կամ «անթավիշ» լինելուց, միշտ ուղեկցվում են նմանատիպ երեւույթներով եւ, որքան էլ ձեւով կամ անվամբ տարբերվեն միմյանցից, միեւնույն ընթացքի ու միեւնույն հետեւանքների տրամաբանության ծիրում են:
Նույն իրավիճակն այսօր Հայաստանում է, ինչը կանխատեսելի էր, եւ ինչի մասին զգուշացնում էին հեղափոխությունների պատմությանը քաջածանոթ գործիչները։ Նրանց մեծամասնության բնորոշմամբ` հեղափոխությունները չարիք են եւ, սովորաբար, հատկանշվում են կատակլիզմներով (համակործանում): Շատ դեպքերում դա այն գինն է, որը վճարում է հասարակությունը` զարգացման նոր աստիճանի բարձրանալու համար, երբ պահանջարկվող փոփոխություններին հասնելու բոլոր օրինական միջոցները սպառվում են։
Կարեւոր է դիտարկել, թե ինչպիսի հոլովույթ է ապրել «հեղափոխություն» եզրը չինարեն լեզվում։ Մինչեւ 1895 թվականը չինարենում «հեղափոխություն» բառ չկար, դրանից առաջ եղել է «բունտ»-ը, հետագայում այն ներմուծել են ճապոներենից, ու միաժամանակ նշանակում է ե՛ւ փոփոխություն, ե՛ւ հնարավորություն։
Եթե այդ տրամաբանության մեջ դիտարկենք հեղափոխությունը, ապա հետաքրքիր հարցադրումներ կարող են առաջանալ` արդյո՞ք 2018-ի իրադարձությունը, որն, անկասկած, քաղաքական փոփոխություն էր, մենք օգտագործեցինք որպես հնարավորություն` դեպի զարգացման մեկ կարգ ավելի բարձր մակարդակում հայտնվելու համար։
Ցանկացած հեղափոխությամբ, եթե այն ծառայում է այդ նպատակին, պետք է զարգացման նոր հեռանկար բացվի, ձեւավորվի արժեքային նոր համակարգ, իսկ պետական ինստիտուտները դառնան ավելի կատարելագործված կառույցներ։ Հակառակ դեպքում` մենք գործ ունենք «բունտի» հետ։
Մեզանում կատարվում են իրադարձություններ, որոնք, կարծես թե, բացասական պատասխանի են հանգեցնում։ Գավառի դեպքերը,- երբ ոստիկանության ներկայությամբ ամբոխն արյունոտ հաշվեհարդար իրականացրեց ու իրավապահ համակարգը հայտնվեց կաթվածահար վիճակում, կամ էլ երբ սեփականության անձեռնմխելիության սկզբունքը կասկածի տակ է դրվում, առանց որի չի կարող տնտեսություն կայանալ,- ցույց են տալիս, որ պետական ինստիտուտները ոչ թե կատարելագործվում են, այլ ճիշտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։
Այս ընթացքը պետք է կանգնեցվի։ Հեղափոխական փոփոխությունները պետք է հիմնվեն աշխարհայացքային, տնտեսագիտական, իրավական տեսությունների ու քաղաքական մտքի վրա։ Այդ աշխատանքը Հայաստանում վատ է կատարվում, եւ դրանում ոչ միայն «հեղափոխականներն» են մեղավոր: Դա մեր հասարակության մտքի թերությունների հետեւանքն է։ Սակայն միշտ գալիս է մի պահ, երբ ժողովրդի ինքնափրկության բնազդը սկսում է գործել։ Իսկ միգուցե այսօր այդ պա՞հն է։