Հայաստանի պատմության դասագրքերով կրթված քաղաքացիները լավ չեն ընկալում աշխարհում տեղի ունեցող գործընթացների կապն ու ազդեցությունը մեր տարածաշրջանի զարգացումների վրա, ինչից կախված է Հայաստանի ապագան, բնականաբար նաև՝ Արցախի ճակատագիրը:
Ի՞նչն այնպես չէ դասագրքերում: Դասագրքերում Հայաստանը ներկայացված է՝ որպես այն ժամանակների աշխարհում տեղի ունեցող գործընթացներից մեկուսացված տարածք, որտեղ կան հերոսներ ու հակահերոսներ, նվիրյալներ ու դավաճաններ, հավատքի համար պայքարի մարտիրոսներ ու նենգ թշնամիներ, որոնք նվաճում էին մեր տարածքները, սակայն ներկայացված չեն այն ժամանակվա գլոբալ գործընթացները, քաղաքակրթական ու գաղափարախոսական պայքարը, առևտրային ուղիների վերահսկողության համար ընթացող առճակատումները, կլիմայական փոփոխություններն ու դրա հետևանքով ժողովուրդների տեղաշարժի հետևանքները, Հայաստանի սոցիալական, իրավական ու տնտեսական խնդիրները, որոնցով պայմանավորված էին տեղի ունեցող իրադարձությունները:
Եթե այս տեսանկյունով մենք դիտարկեինք մեր պատմությունը, ապա կկարողանայինք նաև այսօր սթափ քննարկել այս կամ այն քաղաքական ու պետական գործչի սխալներն ու ճիշտ որոշումները, առանց հուզական գնահատականների: Նման կերպ, օրինակ, կարող ենք անդրադառնալ Ավարայրի ճակատամարտի իրական պատճառներին, նաև դրա սոցիալական ու տնտեսական ասպեկտներին՝ այն ժամանակվա գերտերությունների պայքարի տրամաբանությունը հաշվի առնելով: Նման կերպ կարող էինք գնահատել Քաղկեդոնի տիեզերաժողովին Հայ առաքելական եկեղեցու չմիանալու աշխարհաքաղաքական պատճառները, ինչը որոշիչ դեր է ունեցել մեր ապագայի համար: Ցուցակը կարելի է երկար թվարկել։
Դպրոցում աշակերտները դասագրքերի նյութն ընդունում են առանց քննադատության՝ որպես վերջնական ճշմարտություն, ինչը ձևավորում է նրանց աշխարհայացքը։ Դասագրքերի հիմնական նպատակը պետք է լինի լայն աշխարհայացք սերմանելը՝ հենց այսօրվա իրականությունը սթափ գնահատելու համար։ Ինչո՞ւ է սա այսօր կարևոր։ Երբ պատմությունը ներկայացվում է որպես աշխարհում տեղի ունեցած գլոբալ քաղաքակրթական, տնտեսական, գաղափարախոսական մակընթացությունների ու տեղատվությունների տրամաբանության լույսի ներքո, ապա փոխվում են աշխարհի, պատմության ու քաղաքականության մասին պատկերացումները, արդյունքում դրանք մարդկանց կողմից վերլուծվում են ավելի լայն ասպեկտներում։
Այսպիսով, հետևելով Հայաստանի քաղաքական ու հանրային կյանքի դերակատարների մտքերին, լրատվամիջոցների նյութերին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այսօր աշխարհում տեղի ունեցող ճակատագրական փոփոխությունները որևէ ազդեցություն չունեն մեզ վրա։ Մեր քաղաքական միտքը 2020 թվականի պատերազմի հնարավորությունը չկարողացավ կանխորոշել, դրա հավանականությունը կապել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ և կանխարգելող քաղաքականություն վարել։ Նույնը հիմա է կատարվում։ Արցախի ու Սյունիքի շուրջ ծավալվող զարգացումներին մենք չենք մոտենում գլոբալ փոփոխությունների տրամաբանության ներքո, չենք քննարկում հնարավոր զարգացումներն ու մեր հնարավոր քայլերը, որոնք պետք է լինեն ճկուն, ոչ ստանդարտ դիվանագիտական մոտեցումների կիրառմամբ։ Իսկ թե ինչպիսին պետք է դրանք լինեն, հանրային բաց քննարկումների միջոցով պետք է պարզել, սակայն ավանդական մտավոր ծուղակները նման քննարկումներ թույլ չեն տալիս։