Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Կհաջողվի՞ հանրային ճնշման ներքո հեռացնել կառավարությանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Գոյություն ունի իշխանափոխության չորս հիմնական ձեւ՝ ընտրություն, հեղափոխություն, հեղաշրջում, ռազմական պուտչ։ Մյուս՝ էկզոտիկ ձեւերը չենք քննարկում:

Ընտրությունների պարագայում ամեն ինչ պարզ է, սակայն, երբ լեգիտիմ կառավարությունը հայտնվում է որոշակի իրավիճակներում եւ հնարավոր չի լինում պահպանել քաղաքական ուղեգիծը՝ կամ կազմավորվում է նոր կառավարություն, կամ դրա անհնարինության դեպքում խորհրդարանն արձակվում է, եւ դիմում են գլխավոր «արբիտրին»՝ ժողովրդին, նոր ընտրություններ անցկացնելու համար: Այսինքն՝ հանգամանքների բերումով անելանելի իրավիճակներում ընտրությունների արդյունքում նոր քաղաքական ստատուս քվո է ձեւավորվում: Երբեմն այդ գործընթացը տեղի է ունենում զանգվածների ճնշման արդյունքում, ինչը հեղափոխություն անվանել հնարավոր չէ, դա սահմանադրական լեգիտիմ գործընթաց է:

Հեղաշրջում իրականացվում է, երբ իշխող վերնախավի ներսում տրոհում է տեղի ունենում, եւ ուժային կամ ոչ ուժային եղանակով փոխվում են իշխանության առաջին դեմքն ու նրա քաղաքական թիմը:

Ռազմական պուտչի ժամանակ ուժայինները հեռացնում են քաղաքական ղեկավարությանը եւ հաստատում ռազմական կառավարում։

Ավելի բարդ է հեղափոխության բնորոշումը։ Դասական սահմանմամբ՝ դա հիմնաքարային փոփոխություն է իշխող ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Հեղափոխությունների ժամանակ հիմնարար փոփոխություններ են կատարվում, հաստատվում են նոր արժեքային համակարգ, նոր կառավարման ձեւ, նոր Սահմանադրություն, երբեմն՝ նոր կացութաձեւ:

Այս հասկացությունների մեջ խորանալը կարեւոր է՝ հասկանալու համար, թե Հայաստանում ինչ է կատարվում: Խորհրդարանի ընդդիմությունը կազմակերպում է բողոքի զանգվածային  ցույցեր, փակում է փողոցներ, տեղի են ունենում երթեր, որոնց ժամանակ պահանջում են կառավարության հրաժարականը, իսկ նպատակը «Արցախն ու Հայաստանը փրկելն է»:

Տեղի ունեցողը, կարծես թե, դժվար է համադրել վերը թվարկված իշխանափոխության տարբերակների հետ: Բանն այն է, որ ընդդիմությունը՝ եթե հեղափոխություն համարենք,  որեւէ նոր արժեհամակարգ, կառավարման փոփոխության տարբերակ չի առաջարկում, առավել եւս՝ կացութաձեւ։ Սահմանումների իմաստով սա ակնհայտորեն ոչ պուտչ է, ոչ էլ հեղաշրջում։ Գուցե ամենամոտ տարբերակը ժողովրդի ճնշման միջոցով կառավարության հրաժարականին հասնելն է, որից հետո՝ հաշվի առնելով խորհրդարանի կազմը, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Գուցե սա է տեղի ունեցողի հիմնական նկարագիրը:

Սակայն այստեղ առաջանում են հարցեր: Բոլորս ենք հասկանում, որ պատերազմը խոր հետք է թողել ժողովրդի վրա, Արցախի գոյությունն ու մեր սահմանները վտանգված են, անգամ անհասկանալի է, թե որոնք են այդ սահմանները, եւ գործող կառավարությունը չունի հստակ պարզաբանումներ պետության ապագայի վերաբերյալ՝ ինչ լուծումներ ունի եւ ինչ բանակցություններ է վարում Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ: Կառավարությունը չի վայելում նաեւ հանրության մեծ մասի վստահությունը։ ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ իշխող թիմի ձայների քանակը հավատ չի ներշնչում, սակայն առանձին թեմա է, թե ինչու նման արդյունքներ ունեցանք:

Միաժամանակ ակնհայտ է, որ ընդդիմության կողմից հայտարարված նպատակները դեռ բավական չեն, որպեսզի ժողովուրդը համախմբվի նրա շուրջ: Ընդդիմությունը, ինչպես գործող իշխանությունը, նույնպես պետք է պարզաբանումներ տա, թե վերոնշյալ հարցերի շուրջ ինչ առաջարկներ ունի եւ հնարավոր իշխանափոխությունից հետո ինչ լուծումներ կամ լուծման ինչ հայեցակարգ է առաջարկում ընտրողներին։ Չմոռանանք նաեւ ասել, որ տվյալ հանգամանքներում իշխանափոխությունը պետք է ուղեկցվի նոր արժեքների ու որակների առաջադրմամբ, ինչի պահանջը եւս չենք տեսնում։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: