Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Երբ մարդն իր տեղում չէ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Թավշյա» կառավարության ամենատիպական սխալներից մեկը, որ բազմաթիվ առիթներով մատնացույց է արվել, բայց միշտ մնացել անարձագանք, կադրային խոտանն է: Կադրերի հետ տարվող աշխատանք Հայաստանում ընդհանրապես չկա, եւ դժվար է միանշանակ ասել, թե որն է դրա պատճառը` կադրային բանկի պակա՞սը, հարցի թերագնահատո՞ւմը, կադրային քաղաքականության միասնական համակարգ ձեւավորելու անկարողությո՞ւնը, թե այս բոլորը միասին վերցրած: Ամեն դեպքում համակարգված հիմունքով կադրերի պատրաստման, ընտրության եւ տեղաբաշխման դրվածքը մեզանում աղետալի վիճակում է, ինչը նշանակում է, որ նույնպիսի վիճակում է նաեւ մասնագետների նշանակումների իրականացումը` ըստ որոշակի չափանիշների ու պայմանների:

Այս առումով հետաքրքիր է, օրինակ, թե որ չափանիշների հիման վրա անցած շաբաթ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) փոխտնօրենի պաշտոնում: Տակավին 29-ը չբոլորած, տվյալ ծառայության համար օրենսդրորեն պահանջվող փորձ ու կոչում չունեցող այս երիտասարդի միակ «չափանիշը», թերեւս, վարչապետի առաջարկությունն է: «Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ ինքը պետք է այնտեղ աշխատի, դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել»,- լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելի շատ հարցեր առաջացնելով, քան տալով պարզաբանում: Ոմանք վարչապետի պատասխանը վերծանեցին որպես ԱԱԾ-ում իր «մարդը» պահելու քայլ` համակարգի անցուդարձը վերահսկողության տակ պահելու նպատակով:

Քյարամյանի նշանակումը «կայծակնային» եղավ: Ամբողջ գործընթացն այլ կերպ, քան կադրային մանիպուլյացիա, դժվար է անվանել: 2019 թվականի ապրիլի 10-ին նա նշանակվել էր Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի տեղակալ, իսկ ապրիլի 25-ից արդեն կատարում էր ՊՎԾ ղեկավարի պարտականությունները: Չանցած մեկ տարի` մայիսի 4-ին ազատվել է հիշյալ պաշտոնից եւ նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Այդ կարգավիճակում «աշխատում» է ընդամենը մեկ օր եւ մայիսի 5-ին` ազատվելով պաշտոնից, նշանակվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Սա, անտարակույս, նոր խոսք է կադրային քաղաքականության համաշխարհային պատմության մեջ:

Նիկոլ Փաշինյանի վարչապետության երկամյա փորձը վկայում է, որ նա միշտ ջանացել է առանցքային պաշտոններում ունենալ անձամբ իրեն նվիրված կամ «խնամի-ծանոթ-բարեկամ» շրջանակի մարդիկ, որպեսզի զերծ լինի ամեն տեսակի գլխացավանքներից` չնայած յուրային կադրերը պակաս դառնություններ չեն պատճառել ու պատճառում վարչապետին: Հիշենք, թեկուզ, ՀՀ քաղավիացիան տապալած Տաթեւիկ Ռեւազյանին, վերջերս ոստիկանապետ նշանակված Արման Սարգսյանին (որի ներկայությունն անտեսելով` հանցավոր տարրերը ներխուժել էին Գավառի հիվանդանոց ու դանակով կտրել երկու հիվանդի կոկորդները), հանդուգն մտադրություններում ավելի հեռուն գնացած պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, անգործությամբ ու սուտ խոստումներով հանրությանը հիասթափեցրած` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ էլի շատ ուրիշների: Սրանք այն կադրերն են, որոնց ընտրության չափանիշը ոչ թե համապատասխանությունն է եղել առաջարկվող պաշտոնին, այլ անձնական հավատարմությունը վարչապետին ու նրա թիմին: Այդպես եղել է բոլոր նախորդ վարչակարգերի օրոք, այդպես էլ ցավոք շարունակվում է «ժողովրդավարության բաստիոն» հանդիսացող Նոր Հայաստանում:

Ակնհայտ է, որ իշխանությունը կադրային բանկ չունի, իսկ նախկին կադրերին կամ, ինչպես վարչապետն է նրանց կոչում, «Սերժի մնացորդներին» շատ դեպքերում չի վստահում, ուստի ստիպված է լինում մեծ պատախանատվություն, գիտելիքներ ու կազմակերպչական ջիղ պահանջող պաշտոններում նշանակել անփորձ ջահելների, ինչը ժողովրդի հանդեպ անհարգալից վարքագծի դրսեւորում է: Բայց խնդիրն այնքան անփորձությունը չէ, որքան երկրում առկա կադրային ներուժի նկատմամբ անփույթ վերաբերմունքը, երբեմն նույնիսկ իշխող ուժի հիվանդագին կասկածամտությունը: Անշուշտ` բացառություն են կազմում հատուկենտ նկատվող դրական դեպքերը, երբ արհեստավարժ կադրը` անկախ կուսակցական պատկանելությունից, գնահատվում է ըստ արժանվույնի: Այդ տեսակետից ուսանելի է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության օրինակը: Կառավարման փորձի պակաս ունեցող նախարարի` Սուրեն Պապիկյանի կողքին Վաչե Տերտերյանի նման բանիմաց փոխնախարարի գտնվելը նախարարության հաջողության երաշխիքն է:

Դժբախտաբար, նման օրինակները մատների վրա կարելի է հաշվել: Բազմաթիվ բարձր պրոֆեսիոնալներ մնում են անտեսված, իսկ կադրային «սովը» նորանոր ձախողումներ է բերում: Կդառնա՞ Արգիշտի Քյարամյանը հերթական անփառունակ ձախողվածը, թե ոչ` ցույց կտա նրա աշխատանքը, սակայն մի բան արդեն հստակ է` Փաշինյանի կադրային քաղաքականության հիմքում ՀՀՇ-ական ժամանակներից բոլորիս հայտնի բանաձեւն է` «Թող պոլի փետ լինի, բայց մերը լինի»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: