Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Երբ սպառվում են գաղափարները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մինչեւ 2018 թվական իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային ձեւափոխության էր ենթարկվել։ Առհասարակ՝ քաղաքական պայքարը մեզանում ընթանում էր մի պարզ սխեմայով. այն ոչ թե գաղափարների կամ երկրի զարգացման ուղեգծի շուրջ էր ծավալվում, այլ՝ բացառապես իշխանափոխության, եւ բոլոր բախումների հիմնական կարգախոսը «իշխանափոխությունն» էր, վերջնանպատակը՝ վարչական ռեսուրսների տիրապետումը։

Ընդդիմությունների հիմնական ռազմավարությունն էր՝ իշխանությանը քննադատել «թալանի» համար եւ հաջորդ իսկ քայլով՝ տեղ ստանալով խորհրդարանում, ստանալ նաեւ փշրանքներ այդ վարչական պաշարամիջոցներից, այսինքն՝ մասնակից դառնալ «թալանին»։ «Թալանի» թեման Ֆրեյդի ոճով ասած՝ լեզվի սայթաքում է. այն ցույց է տալիս, որ քաղաքական պայքարի գլխավոր թեման նյութականն է։

2008-ին այդ սխեման խաթարվեց: Մինչ այդ՝ իշխանության ռեսուրսներից ամբողջովին հեռացված քաղաքական-տնտեսական «բոմոնդի» մի ստվար զանգված ապստամբեց՝ փոխելով խաղի կանոնները, եւ ներկայացրեց պետությանն ամբողջովին տիրանալու հայտ։ Հիշում ենք, թե դա ինչով ավարտվեց՝ «Մարտի 1»-ով:

Սերժ Սարգսյանի առջեւ խնդիր էր դրված՝ վերականգնել խաղի նախկին կանոնները, ինչը նրան հաջողվեց։ Նա ազատեց 2008-ի բանտարկվածներին, ընդդիմադիր խոշոր գործարարներին վերադարձրեց «շուկա»՝ մասամբ պատժելով նրանց, մյուսներին նշանակեց պետական պաշտոնների՝ դեսպաններ եւ այլն, իսկ հաջորդ ընտրություններին «օդիոզ» դեմքերին մտցրեց խորհրդարան։ 2013-ի ԱԺ-ն մեր պատմության ամենից խայտաբղետ ու բազմասեռ խորհրդարանն էր։ Դրանով բոլորն ընդունեցին խաղի կանոններն ու «ճանաչեցին» գործող իշխանությանը։

Սա վերջնականապես վարկաբեկեց կուսակցություններին՝ հանրության առջեւ ցուցադրելով Հայաստանի քաղաքական կյանքի «պոռնոգրաֆիան»՝ իր ողջ մերկությամբ, որտեղ չկային սկզբունքներ, կային հավերժական շահեր։

Քաղաքական կյանքի թատերաբեմում մնաց երկու ճակատ՝ իշխանությունը եւ քաղաքացիական հատվածը։ Գլխավոր ռեժիսոր, համատեղության կարգով գլխավոր պսիխոթերապեւտ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ նման հաճախորդներ ու պացիենտներ իրեն այլեւս պետք չեն, եւ 2017-ի խորհրդարանում հայտնվեցին իշխանական ռեսուրսների «գանձապահը»' ՀՀԿ-ն, օլիգարխիային խորհրդանշող ԲՀԿ-ն, դեռեւս վերջնականապես չմարած ազգայնականության զգացմունքների  խորհրդանիշ ՀՅԴ-ն եւ թափ հավաքող քաղաքացիական բեւեռի խորհրդանիշ նշանակված «Ելք» դաշինքը։ Այլ գաղափարներ «շուկայում» այլեւս չկային։

Պատահական չէր, որ այս իրավիճակը լավագույնս զգաց (կամ էլ այլմոլորակային փորձագետները հուշեցին) այսօրվա վարչապետը եւ, հեծնելով քաղաքացիական թեմայի տրենդին, իր կուսակցությունն անվանեց «Քաղաքացիական պայմանագիր»,- մարդիկ տրենդներով են ընկալում գործընթացները՝ մեռել են կուսակցությունները, եկել են «քաղաքացիականները»։

Հիմա գանք այսօրվան։ Ունենք վարկաբեկված կուսակցություններ, վարկաբեկված քաղաքացիական շարժման հին պերճանքից մնացած բեկորներ, որոնք հայհոյանքի խորհրդանիշների են վերածվել, ունենք ներկա եւ ապագա չխոստացող իշխանություն։

Սա է իրականությունը, որը հուսահատության է հասցնում մարդկանց: Եվ դեռ պարզ չէ, թե այսօր արտահերթ ընտրություններ տեղի ունենալու դեպքում ժողովրդի քանի տոկոսը կմասնակցի դրանց, եւ արդյո՞ք իրավունք կունենանք չմասնակցողներին անվանել երկրի ճակատագրի հանդեպ անպատասխանատու եւ անտարբեր քաղաքացիներ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: