Վաղը տեղի ունենալիք ընտրությունները խոստանում են անցնել ատելության ու փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտում: Ոմանք նույնիսկ քաղաքացիական պատերազմի հեռանկար են կանխատեսում։ Ինչո՞ւ են սպասումներն այդքան հոռետեսական, ո՞րն է պատճառը. չէ՞ որ շատ երկրներ կան, որտեղ ընտրությունները երբեմն թեժ են անցնում, սակայն քաղաքացիական պատերազմի կանխատեսումներ չեն արվում, եւ հասարակություններն այնքան բեւեռացած չեն լինում։ Սա փորձենք հասկանալ։
Մեզանում բեւեռացման պատճառները կարող են մի քանիսը լինել՝ այդ թվում պատերազմում պարտված, բայց հեռանալ չցանկացող կառավարության համառությունը։ Կարելի է նաեւ այլ պատճառներ մատնանշել, սակայն մենք կկենտրոնանանք միայն մեկի վրա, որը, մեր կարծիքով, առանցքայինն է։
Վերջին երեսուն տարիներին Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական վայրիվերումներ, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած երկրի համար կարող էր խորքային ցնցումների պատճառ դառնար, եթե դա նույնիսկ հարյուր տարին մեկ պատահեր։ Խոսքը էլիտաների (ընտրախավերի) հիմնավոր փոփոխության մասին է։
Ի՞նչ ազդեցություն են ունենում հասարակության վրա էլիտաների կտրուկ փոփոխությունները եւ, առհասարակ, ի՞նչ սկզբունքներով են գործում էլիտաները։ Ընդունված է համարել, որ ինչպիսի ընտրախավ ունի հասարակությունը, այնպիսին էլ նրա ներկան է եւ, համապատասխանաբար, ապագան կամ ապագայի հեռանկարի բացակայությունը։
Նախ հստակեցնենք, որ պարտադիր չէ՝ ընտրախավը կազմված լինի հանրության սերուցքից։ Այն կարող է լինել ընդհանուր շահերով միավորված մարդկանց խումբ, որն ունի կառավարման համապատասխան ունակություններ եւ որոշակի աշխարհայացք։ Կարող է լինել նաեւ ինտելեկտուալ ընտրախավ՝ հենված հանրությանը միավորող գաղափարի ու մշակույթի վրա, որն ուղղակիորեն չի մասնակցում կառավարման գործընթացին, բայց ունի մեծ ազդեցություն։
էլիտան կարող է լինել «բաց»՝ ժողովրդավարական, ինչպեսեւ «փակ»՝ ավտորիտար։ Կարող են միաժամանակ գոյություն ունենալ մի քանի էլիտաներ, որոնք ընդհանուր խաղի կանոնների շրջանակում փոխգործակցում են կամ էլ հակամարտության մեջ են, իսկ միմյանց դեմ ուժգին առճակատման մեջ գտնվելը կարող է կործանարար լինել տվյալ հանրության համար։
1988-1991-ին խորհրդային Հայաստանի իշխող էլիտան, ըստ էության, ամբողջովին փոխարինվեց նորով, եւ Արցախի համար պայքարի գաղափարի հիման վրա սկսեցին ձեւավորել նոր էլիտա, որը փոխարինեց կոմունիստներին՝ փոխվեց ինչպես կազմը, այնպես էլ աշխարհայացքը։ Դա, բնականաբար, մեծ ցնցում ու փորձություն էր հասարակության համար։ Նորերն ազգայնական էին, սակայն հետխորհրդային երկրներին բնորոշ ազատական հռետորաբանությամբ, այսինքն՝ լիբերալ-ազգայնականներ էին, որոնք պայքարում էին Արցախի անկախության համար։ Հաջորդ փուլում կառավարող էլիտան ճեղքվեց, եւ մասերը վերածվեցին միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված ճամբարների։
Երկրորդ նման դեպքը տեղի ունեցավ 2018-ին, երբ ողջ իշխող էլիտան փոխարինվեց նորով։ Նորերի գաղափարական հիմքը անօրինականությունների դեմ հայտարարված պայքարն ու տնտեսական փոփոխությունների խոստումն էր: Այսինքն՝ արդեն ոչ թե լիբերալ-ազգայնական, այլ սոցիալական արդարության խնդիր դրվեց։ «Նորերի» հռետորաբանությունն արտաքուստ նույնպես ազատական էր, սակայն իրականում հիմնված էր սոցիալ-բոլշեւիկյան պոպուլիզմի վրա։
2018-ի խորհրդարանում քաղաքական եւ ֆինանսական էլիտայի մի հսկա հատված դուրս էր թողնվել կառավարման գործընթացից եւ ձեւավորել էր նոր ռոմանտիկ օրակարգ, ինչը մեզ պարտության հասցրեց բոլոր ուղղություններում՝ այդ թվում պատերազմում: Հանրությանը, ըստ էության, սնուցել են ձախական խոստումներով՝ պատժել օլիգարխներին, ետ բերել թալանը, իսպառ վերացնել կոռուպցիան, հաստատել ուղիղ ժողովրդավարություն, սակայն դա ավարտվեց պատերազմում կրած խայտառակ պարտությամբ ու պետականության փլուզման վտանգով։
Ինչպես տեսնում ենք, հունիսի 20-ը որոշելու է ոչ թե խորհրդարանի կամ նոր կառավարության ճակատագիրը, այլ 2018-ին ձեւավորված նոր կառավարող էլիտայի գոյության հարցը, իսկ վերարտադրման դեպքում առաջ է բերելու հասարակության ու քաղաքական բոմոնդի մի հսկայական հատվածի ընդվզումը, ինչը, ոմանց կարծիքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։
Սա է հիմնական պատճառը, որ վաղվա ընտրությունները սովորական միջոցառում չեն, այլ ճեղքված ընտրախավերի համար՝ կենացմահու խնդիր։