Երեքշաբթի, Հունիսի 28, 2022

Խմբագրական

Արեւմտամետներ եւ ռուսամետներ. սեփական անկարողության բարդույթը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արտաքին ուժերի հովանավորության հետ հույսեր կապելը հայկական հոգեկերտվածքի հինավուրց հիվանդություններից, թերեւս, ամենավնասակարն է, որը հարյուրամյակների պատմություն ունի: Սեփական անկարողության բարդույթը եւ այն պատկերացումը, թե կան արտաքին ուժեր, որոնք հանձնառու են մեզ օգնել, ներծծված են հայերի աշխարհայացքի մեջ:

Դեռեւս քրիստոնեության ընդունման սկզբնական ժամանակներից հայ ժողովրդին ձախողումներ էր բերում կրոնական նույնականության հիման վրա նախ Բյուզանդիայից, ապաեւ՝ խաչակիրներից, որպես կանոն, աջակցություն ակնկալելու թյուր համոզմունքը: Բյուզանդիան, ինչպես նաեւ Պարսկաստանը, հետագայում արաբներն ու մոնղոլները եւս, վարում էին նվաճողական պատերազմներ ու հաճախ այլադավանների հետ էին դաշնակցում ընդդեմ իրենց հավատակիցների:

XX դարում դա անվանեցին «ռեալ-պոլիտիկ», սակայն նմանատիպ գործելակերպն այն ժամանակ իշխողների բնազդների վրա էր հիմնված: Այդ ժամանակներից հաջողության էին հասնում բացառապես այն հայ գործիչները, որոնք որդեգրում էին «ռեալ-պոլիտիկի» սկզբունքներ: Բայց դրանք սակավաթիվ էին եւ, սովորաբար, վատաբանվում էին պատմաբանների կողմից:

Այդօրինակ մտածողության ախտով էին տառապում Եվրոպայում եւ, ավելի ուշ, Ռուսաստանում հովանավորներ փնտրող բոլոր նրանք, ովքեր քաղաքականություն էին կայացնում ոչ թե համընկնող որոշակի իրավիճակային շահերի, այլ՝ կրոնական նույնականության կամ մարդկային կատարելատիպերի հիման վրա:

Ռուսաստանը, Եվրոպան, որեւէ այլ ուժ հայտնվում էին տարածաշրջանում սոսկ այն դեպքում, երբ տեսնում էին սեփական շահերի համար դրա հույժ կարեւորությունը:

Համիդյան ջարդերի, հետագայում՝ XX դարասկզբին, Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության, Հայաստանի առաջին հանրապետության ձախողումների հիմնական պատճառն այն էր, որ «ռեալ-պոլիտիկի» կանոնները չգիտակցելով՝ հայ ռոմանտիկ, ավելի պարզ ասած, քաղաքականապես անփորձ գործիչները կրոնական ու մարդասիրական գաղափարների վրա էին կառուցում իրենց սպասելիքներն ու քաղաքական հույսերը:

Պատմության դասերն անտեսելով՝ այսօր եւս Հայաստանի տարբեր խմբեր վարակված են նույն մտասեւեռումներով, ինչի հետեւանքով էլ ՀՀ քաղաքական «բոմոնդը» բաժանվել է արեւմտամետների ու ռուսամետների՝ կախված նրանից, թե ով որտեղ է ենթադրյալ օգնությունը որոնում:

Միջազգային հարաբերությունների հիմքը երկրների շահերը, հետաքրքրություններն ու աշխարհաքաղաքական թելադրանքներն են: Քանի դեռ Հայաստանի քաղաքական կյանքում կան արեւմտամետներ ու ռուսամետներ, որոնք հավատում եւ ապավինում են կայսրությունների՝ արտաքին քաղաքականության համար զենք հանդիսացող գաղափարախոսություններին, Հայաստանում պետական շահը սպասարկող ռացիոնալ քաղաքական դաշտ չի կարող կայանալ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: