Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Ինչ պետք է աներ, բայց չարեց Ռոբերտ Քոչարյանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ընտրությունների արդյունքները ոմանց համար ցնցակաթված էին, մյուսների համար՝ ցնծություն: Նման բուռն զգացմունքներն այն պարզ իրողության արտահայտությունն էին, որ մեր հասարակությունը երկփեղկված է, եւ ընտրությունը, հերթական անգամ, ինչպես 2018-ին, ոչ թե հանուն ապագայի էր, այլ ընդդեմ անցյալի: Հանրության մի մասը դեմ էր գործող իշխանությանը, որին համարում է «դավաճան», «կապիտուլյանտ», «ոչ արհեստավարժ», իսկ մյուս մասը գտնում է, որ քվեարկել է ընդդեմ «նախկինների», «թալանչիների» եւ դրանով իսկ կանխել հին կարգերի վերարտադրությունը։ Ակնհայտ էր նաեւ, որ ընտրությունները սոսկ «հանուն»-ի եւ «ընդդեմ»-ի սկզբունքներով չէին ընթանում, դրանք տարբեր հարթություններում գտնվող հարցադրումներ եւս պարունակում էին։

Գործող կառավարությանը դեմ քվեարկողների համար կարեւոր էին ինչպես Արցախի, այնպես էլ, առհասարակ, ազգային անվտանգության խնդիրները, իսկ «նախկիններին» դեմ քվեարկողների համար՝ սոցիալական արդարության հարցերը եւ «նախկիններին» պատժելու մոլուցքը, ինչը հմտորեն, պոպուլիստական կարգախոսներով համեմված օգտագործեց Փաշինյանը։ Հատկապես բնութագրական է, որ Փաշինյանը՝ երեք տարի ղեկավարելով Հայաստանը, շարունակում է իրեն պահել որպես ընդդիմադիր, ում հիմնական գործը մեղավորներ փնտրելն ու պատասխանատվությունն այլոց վրա դնելն է։ Սա, իհարկե, ֆենոմենալ հատկություն է։

Կարծես թե սրանք են ընտրությունների ողջ տրամաբանությունն ու բովանդակությունը։ Այլ հարց է, թե ով ինչպես էր պատրաստվել քարոզարշավին, ինչ էր քարոզում, ինչ ապագայի նախագիծ էր ներկայացնում ընտրողներին։ Եթե գործող իշխանության դեպքում ամեն ինչ պարզ է՝ սոցիալական պոպուլիզմ, հասարակության բաժանումը հակամարտող կողմերի, պատժելու սպառնալիքներով ուղեկցվող պարզունակ հռետորաբանություն, ապա Քոչարյանի դեպքում որոշակի հարցեր էին առաջացնում դաշինքի ընտրացուցակն ու քարոզչությունը։

Երկրորդ նախագահին, թերեւս, չհաջողվեց հասարակությանը ներկայացնել նոր թիմ, որը պատասխանատու չէ անցյալի մեղքերի համար եւ կարող է խոսել հասարակության հետ նրան հասկանալի լեզվով, ներկայացնել ապագայի տեսլական ու համախմբել հակամարտող կողմերին, ցույց տալ, որ անցյալին վերադարձ չի լինելու, ճիշտ հակառակը, իրականացնելու է Փաշինյանի կողմից խոստացված, բայց չիրականացված հեղափոխությունը։ Եթե պարզ ասենք, ապա Քոչարյանի քաղաքական, պետական կառավարման փորձն ու միջազգային կապերը պետք է համադրվեին հեղափոխական փոփոխություններով ու հանրության համար տենչալի արդարության երաշխիքներով։

Պետք էր նաեւ հավաստիացնել, որ Հայաստանում գործելու են սոցիալական լիֆթերը, ընդունակները կարողանալու են վեր բարձրանալ, իսկ տապալվածները՝ շարժվել հակառակ ուղղությամբ, եւ դա ցուցադրել դաշինքի նախընտրական ցուցակի օրինակով։ Այդ ամենը Քոչարյանը չարեց։ Նրան ձայն տվողների մեծամասնությունը, փաստորեն, քվեարկեց ընդդեմ Փաշինյանի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, սակայն ոչ հանուն ապագայի, ինչպես վարվել է Փաշինյանի ընտրազանգվածը։

Սա է անցած՝ բախտորոշ ընտրությունների համառոտ նկարագիրը, այլ հարց է, թե դաս կդառնա՞ արդյոք դա Հայաստանի քաղաքական դերակատարների համար, թե ամեն ինչ կշարունակվի եղածի պես։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: