Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Չորրորդ Հանրապետության հռչակման ժամանակը եկե՞լ է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նախ՝ տեղին մի ակնարկ Ֆրանսիայի ոչ այնքան վաղ անցյալի պատմությունից: 1789թ. Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո միապետությանը փոխարինելու է գալիս Հանրապետությունը: Բայց, շատ չանցած, Նապոլեոնի անկումը դարձյալ հանգեցնում է միապետական կարգերի վերականգնմանը: Երկրում քաղաքական կրքերը, սակայն, երկար ժամանակ չէին հանդարտվում, եւ Նապոլեոն Երրորդից հետո, որն իրեն կայսր էր հռչակել, նորից վերականգնվում է Հանրապետությունը։ Պարբերաբար Ֆրանսիայում փոփոխվում է Սահմանադրությունը եւ, ըստ այդմ, համարակալվում է հերթական փոփոխված Հանրապետությունը։ Բայց կենտրոնանանք այժմ գործող՝ Հինգերորդ Հանրապետության վրա։

1958-ին Ֆրանսիան մեծ ցնցում է ապրում։ Երկրի կառավարությունը համակարգային ճգնաժամի առջեւ էր հայտնվել, եւ հասարակությունը ճեղքվել էր երկու մասի։ Քաղաքական շրջանակների մի մասը համարում էր, որ պետք է հրաժարվել Ալժիրի գաղութացումից, որտեղ ազգային-ազատագրական պայքար էր ընթանում, իսկ ընդդիմախոսները հակառակն էին պնդում, հատկապես՝ զինվորականները։ Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի հերոս Շառլ դը Գոլը ընտրությունների ժամանակ խոստանում էր զորքերը չհանել Ալժիրից, սակայն նախագահ ընտրվելուց հետո խոստումնազանց է լինում, որի հետեւանքով բանակը դուրս է գալիս կառավարության վերահսկողությունից։ Այդժամ դը Գոլը որոշում է փոխել Սահմանադրությունը, որով ուժեղացնում է նախագահի ինստիտուտը: Մասնավորապես՝ նախագահի իշխանավարման ժամկետը դարձնում է 7 տարի, իրեն է վերապահում վարչապետ նշանակելու լիազորությունը եւ այլն։ Նոր Սահմանադրությամբ Չորրորդ Հանրապետությանը փոխարինում է Հինգերորդը, որը գործում է մինչ օրս։ Այսինքն, հանրապետությունները հաշվվում են ըստ սահմանադրությունների քանակի՝ փոխվում է Սահմանադրությունը, փոխվում են կարգերը, եւ ավելանում է Հանրապետությունը։

Մեզանում հանրապետությունների թվաքանակը հաշվվում է ըստ դրանց գոյատեւման ժամանակամիջոցի։ 1918-1920 թվականները Առաջին Հանրապետությունն է, 1920-1991-ը՝ Երկրորդը, խորհրդայինը, ապա 1991-ից ի վեր գործող ներկա, Երրորդ Հանրապետությունը։

Ի՞նչ տեղի ունեցավ 2018-ին: Այդ թվականին եկավ (տվյալ դեպքում կարեւոր չէ՝ ինքնուրո՞ւյն եկավ, թե՞ ուղարկեցին) պոպուլիստն ու իշխանությունը վերցնելու ամենաաշխատող կարգախոսներն առաջ քաշեց՝ փոխենք մեր կյանքը: Սկզբնական փուլում այդ կարգախոսի տակ հավաքվեցին հիմնականում երիտասարդ եւ միջին տարիքի անձինք, որոնք, իսկապես, փոփոխություններ էին ուզում: Նրանք ինքնուրույն էին վաստակում իրենց ապրուստը, ունեին մասնագիտություններ ու ազնիվ մղումներ:

Հետո կարգախոսը փոխվեց՝ ետ վերցնենք (իմա՝ թալանենք) թալանվածը, որին արդեն միացան հրապարակում խորոված անողները, Եռագույնի վրա բլոտ խաղացողները, Արցախը հանձնողները, իշխանատենչները եւ այլք: Այլեւս դրանք էին նոր իշխանության հենասյուները, դրանց վրա պետք է հիմնվեր իշխանությունը՝ հագուրդ տալով դրանց պաշտոնամոլական կամ անձնակենտրոն կրքերին ու բնազդներին:

Դա գլխավորապես պատիժ պահանջող զանգվածն էր, որի մտածողության առանցքը բացառապես պատժի բնազդն էր, իսկ 2018-ի առաջին հանրահավաքների՝ հրաշքի հավատացող զանգվածը հիասթափված մղվեց ետին պլան:

Հիմա խորքային բարեփոխումների պահանջն է դրված։ Եթե Ֆրանսիայում Ալժիրի ճգնաժամը հանգեցրեց հիմնարար վերափոխումների պահանջին եւ Հինգերորդ Հանրապետության հաստատմանը, ապա Արցախի պատերազմը մեզ համար ավելի խորքային ցնցում էր, եւ կա անհրաժեշտություն հիմնովին փոխելու մեր աշխարհայացքն ու մտածողությունը։ Գուցե եկել է Չորրորդ Հանրապետության հռչակման ժամանա՞կը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: